
31 մլն դրամ՝ ԱԺ ճաշարանի բարեկարգման համար
Կառավարությունը 31 մլն դրամ կհատկացնի Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար: Որոշումն ընդգրկված է գործադիրի հոկտեմբերի 6-ի հերթական նիստի օրակարգում:
Նախագծով նախատեսում է իրականացնել ԱԺ բուֆետ-ճաշարանի բարեկարգման և վերազինման աշխատանքներ՝ ապահովելով ժամանակակից պրոֆեսիոնալ կենցաղային և հասարակական սննդի սարքավորումներով, օդափոխման համակարգով, սրահի համար նախատեսված կահույքով և սպասքով:
Ըստ հիմնավորման՝ ԱԺ ճաշարանի պատերի և առաստաղի ներկը ճաքճքված է և գունաթափված, հատակի վինիլային ծածկույթը, նախասրահի պրեսգրանիտե սալիկները կոտրված են, տեղ-տեղ պոկված, խոհանոցային տեխնիկան՝ միկրոալիքային վառարանները, սառնարանները, գազօջախները և այլն մի քանի անգամ վերանորոգվել են, սակայն օգտագործման համար այլևս անվտանգ և պիտանի չեն, ճաշասրահում չի գործում օդափոխման համակարգը, որը չի ապահովում տհաճ հոտերի հեռացումը, օդի ներածման համակարգի բացակայության պատճառով չի կատարվում տարածքի լիարժեք օդափոխություն:
Նախագծով առաջարկվում է նաև գնումն իրականացնել մեկ անձից՝ «ստեղծված իրավիճակում գնման անհետաձգելի պահանջի և գնման այլ ձևերի կիրառման ժամկետի անհնարինությամբ»:
Մեկնաբանել