
Ո՞ւմ տեսակետն է արտահայտում Շիրակ Թորոսյանը
ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ինքնավարության մասին այսօր լայնածավալ քննարկումներ Ջավախքում չկան: Այն կարող է ապագայում դառնալ քննարկման լուրջ թեմա զուտ վրացական իշխանությունների վարած քաղաքականության անմիջական հետևանքով:
«Երբ որ մենք այստեղ տեսակետ ենք արտահայտում, ապա այդ տեսակետը միշտ ձևավորվում է Ջավախքից հնչեցրած կարծիքների հիման վրա: Այնպես որ, կոնրկերտ ես և մեր կազմակերպությունները, որոնք միավորված են Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի մեջ, առաջնորդվում ենք Ջավախքում ձևավորված տեսակետի հիման վրա, առավել խոշոր մասսաների տեսակետի վրա ենք մենք հիմնվում, և երբեք որևէ մեկը չի կարող մեզ մեղադրել, որ մենք այնպիսի կարծիք ենք հնչեցնում, որն առկա չէ Ջավախքում, ընդհանակառակը, Ջավախքում ընդունված ու ընկալելի կարծիքներն ենք մենք այստեղ հնչեցնում»,- հիմնավորեց պատգամավորը:
Լրագրողներից մեկի հարցին, թե պատգամավորն անձամբ կո՞ղմ է ինքնավարությանը, Շիրակ Թորոսյանը պատասխանեց, որ անձամբ կողմ կլինի, եթե ջավախքահայության մեծամասնությունը սկսի հարցը դարձնել հրատապ, իսկ առայժմ ինքնավարության պահանջ Ջավախքում խոշոր հաշվով չկա: «Եթե նրանք կարծեն, որ այլևս իրենց ծառացած խնդիրների լուծումը տեսնում են ինքնավարության մեջ, ապա մենք կսատարենք նրանց միանշանակ»:
«Հետքի» դիտարկմանը, թե Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, որը տասնյակ հայկական հասարակական կազմակերպություններ է ներառում, մշտապես որպես առաջնային պահանջ ինքնավարությունն է ներկայացնում, և այդ մասին նրանք բազմիցս հայտարարել են, Շիրակ Թորոսյանը մեկնաբանեց. «Ես չեմ ասում, որ չկա ինքնավարության պահանջ, ես բազմիցս նշել եմ, որ կա, և այդ խորհուրդը ևս իր առաջնային պահանջներից մեկը համարում է ինքնավարությունը, բայց ինքնավարության պահանջը այսօր ջավախքյան հասարակության կողմից դեռ հրատապ չի ընկալվում,- ասաց պատգամավորը և հավելեց,-մենք պաշտպանում ենք բոլոր այն տեսակետները, որոնք ջավախքահայության հոծ զանգվածներն են ներկայացնում: Եթե վաղը մի զանգվածային ցույց լինի Ախալքալաքում, և հազարավոր մարդիկ ինքնավարության կոչեր հնչեցնեն, ուրեմն դա հասարակական պահանջ է, և արդեն մենք միանշանակ կսատարենք դրան»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել