HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Առանց վարձատրության արտաժամյա աշխատանք և վատ վերաբերմունք. «Սարտեքս» ընկերության աշխատակիցները գործադուլ են անում

Հայ-իտալական «Սարտեքս» ընկերության 100-ից ավելի աշխատակիցներ հոկտեմբերի 6-ին գործադուլ են արել` պահանջով, որ արտադրամասի պետ Գևորգ Գևոգյանին ընկերության  ղեկավարությունը չազատի աշխատանքից։

«Սարտեքսը» հիմնադրվել է 2019-ին, զբաղվում է կարի արտադրությամբ, դերձակները կարում են աշխարհահռչակապրանքանիշերի հագուստ, որն արտահանվում է եվրոպական երկրներ։ Ընկերությունը համագործակցում է «MaxMara», «Moncler», «Peuterey», «DolceGabbana», «Dainese» հանրահայտ ապրանքանիշերի հետ։

Աշխատակիցները նշում են, որ արտադրամասում իրենց արտաժամ են պահում՝ առանց հավելյալ վարձատրության, հաճախ աշխատում են նաև շաբաթ օրերին։ Ըստ աշխատանքային պայմանագրի՝ դերձակների ամսական աշխատավարձը 160 000 դրամ է, բայց իրականում ստանում են 100 000 դրամ։ Աշխատակիցները մի քանի անգամ պահանջել են աշխատանքային պայմանագրի իրենց օրինակը, բայց չեն ստացել, բացի դրանից՝ իտալացի աշխատակիցները, որոնք հսկում են դերձակների աշխատանքը, վիրավորում, հայհոյում ու կոպտում են նրանց։

Ընկերության աշխատակից Տաթևիկ Հովհաննիսյանը նշում է, որ «Սարտեքսում» իրենց իրավունքները պաշտպանում էր արտադրամասի պետը՝ Գևորգ Գևորգյանը, որի հեռանալուց հետո ընկերության ղեկավարությունը նորից կսկսի վատ վերաբերվել իրենց։

«Առանց պարոն Գևորգյանի մենք էստեղ աշխատել չենք ուզում, որովհետև վերջին 10 ամիսների ընթացքում ինքը միակն է եղել, որ մեր համար պայքարել է, իր շնորհիվ մեր աշխատավարձերը բարձրացան, արտադրության ծավալներն ավելացան, իր շնորհիվ մեզ չէին վիրավորում, գիտե՞ք մեզ հետ ինչ անմարդկային են վերաբերվում, ինչ բառերով են մեզ հետ խոսում, հենց էդ նույն իտալացի աշխատակիցները, ինչ հայհոյանքներով էին խոսում մեզ հետ»,-ասում է Տաթևիկը։

Ըստ աշխատակիցների՝ Գևորգ Գևորգյանին աշխատանքից հեռացնում են դերձակների իրավունքները պաշտպանելու ու արտադրամասում արդարություն հաստատելու փորձերի համար։

Տաթևիկ Հովհաննիսյանը պատմում է, որ այն աշխատակիցները, որոնք չեն հասցրել միանալ գործադուլին, փակված են մնացել շենքում, իսկ գործադուլի մասնակիցներին սպառնացել են չվճարել աշխատավարձն ու ազատել աշխատանքից։

Գործադուլի մասնակիցները նշում էին, որ «Սարտեքս» ընկերության գործադիր տնօրեն Սուրեն Մկրտումյանը և փոխտնօրեն Ավետիս Աբազյանը սպառնալիքներ են հնչեցրել իրենց հասցեին։

Փորձեցինք զրուցել նաև ընկերության ղեկավարության հետ։«Սարտեքս» ընկերության անվտանգության աշխատակից Տիգրան Խաչատրյանն ասաց, թե Ավետիս Աբազյանը զբաղված է և չի կարող ընդունել մեզ, իսկ Սուրեն Մկրտումյանը տարածքում չէ։ Այնինչ գործադուլավորներն ասում էին, որ Մկրտումյանը քիչ առաջ շենքի ներսում էր, ու դռնից ոչ ոք դուրս չի եկել։ 

«Հետքը» կապ հաստատեց նաև արտադրամասի պետ Գևորգ Գևորգյանի հետ։ Նա ասաց, որ աշխատակիցներին հորդորել է բողոքի ակցիա չանել, մնալ աշխատավայրում, քանի որ եթե  ազատեն, ինքը չի կարող նրանց աշխատանքով ապահովել։

«Ես ասել եմ՝ մնացեք, աշխատեք, բայց չթողնեք, որ ձեր ինքնասիրությունը ոտնահարեն, կպաշտպանեք ձեզ, ձեր իրավունքները»,-ասաց Գևորգ Գևորգյանը։ Թե ինչ հիմքով են իրենց աշխատանքից ազատել, Գևորգյանը չմանրամասնեց։

Ըստ ՀՀ կառավարության պետական ռեգիստրի տվյալների՝ «Սարտեքս» ՓԲ ընկերության գործադիր տնօրենն է Սուրեն Մկրտումյանը։ Վերջինիս անձնագրային տվյալներով ռեգիստրում գրանցված է ևս 5 ընկերություն՝ «Սուրեն Մկրտումյան» ԱՁ, «Վեստ պլաստ գրուպ» ՍՊԸ աշխատողների ԱՐՀԿ, «Ալակարտե» ՍՊԸ, «ԹԻԱ հոլդինգ» ՓԲԸ։

Գործադուլ անող դերձակները որոշել են վաղվանից աշխատանքի չներկայանալ, ղեկավարությունն էլ սպառնացել է ազատել աշխատանքից ու չվարձատրել վերջին ամսվա համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter