HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի վիճակագրությունը «Եվրո-2024»-ի ապագա մրցակիցների դեմ

Հայաստանի ազգային հավաքականն այսօր իմացավ «Եվրո-2024»-ի ընտրական փուլի իր ապագա մրցակիցներին։ Մեր ընտրանին ընդգրկվել է 4-րդ ընտրական խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Խորվաթիան, Ուելսը, Թուրքիան եւ Լատվիան։

Եվրոպայի 2024 թ․ առաջնության ընտրական փուլին կմասնակցի 53 հավաքական, որոնք բաժանվել են 10 ընտրական խմբի։ Խմբերից 7-ում ներառված է 5-ական թիմ, 3-ում՝ 6-ական։ Խմբերում առաջին եւ երկրորդ տեղ զբաղեցրած ընտրանիները (20 թիմ) «Եվրո-2024»-ի եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճեն։ Նրանց կմիանա Եվրոպայի գալիք առաջնության տանտեր երկիրը՝ Գերմանիան, որն ազատված է ընտրական փուլի հանդիպումներից։

Ինչպես հայտնի է, Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերին մասնակցում է 24 հավաքական։ Վերը նշված 21-ից բացի հարկ կլինի ընտրել եւս 3 հավաքականի։ Դրանք կորոշվեն Ազգերի լիգայի 2022-2023 թթ․ խաղարկության միջոցով։ Հիշեցնենք, որ այդ խաղարկության խմբային փուլն ավարտվեց վերջերս՝ սեպտեմբերին։

4 լիգաներից առաջին 3-ի (A, B, C) 4-ական խմբերի հաղթողները (ընդհանուր՝ 12 թիմ) կվիճարկեն 3 ուղեգիր, յուրաքանչյուր լիգայի բաժին կհասնի 1 ուղեգիր։ Խմբերի հաղթողներն են՝ Խորվաթիա, Իսպանիա, Իտալիա, Նիդերլանդներ («A» լիգա), Շոտլանդիա, Իսրայել, Բոսնիա եւ Հերցեգովինա, Սերբիա («B» լիգա), Թուրքիա, Հունաստան, Ղազախստան, Վրաստան («C» լիգա)։ Այսինքն՝ նշված քառյակները (ներքեւի նկարում՝ կապույտով) արդեն իսկ ապահովել են 3 ուղեգրերից մեկի համար պայքարելու հնարավորությունը։

Սակայն նշվածներից այն թիմերը, որոնք գալիք տարի՝ 2023-ին, «Եվրո-2024»-ի ընտրական փուլի միջոցով միանգամից առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճեն, այլեւս չեն մասնակցի անցումային խաղերին՝ տեղը զիջելով իրենց լիգայում առավել բարձր տեղ գրաված հաջորդ հավաքականին (խոսքը խմբերում երկրորդ տեղ զբաղեցրած թիմերի մեջ ամենաշատ միավորներ վաստակածի մասին է)։

Օրինակ՝ «Եվրո-2024»-ի մեր խմբում լինելու են Խորվաթիան ու Թուրքիան, որոնք հաղթող են ճանաչվել Ազգերի լիգայի իրենց խմբերում, խորվաթները՝ «A» լիգայի առաջին խմբում, թուրքերը՝ «C» լիգայի առաջին խմբում։ Եթե նրանք «Եվրո-2024»-ի ընտրական 4-րդ խմբում զբաղեցնեն առաջին երկու տեղերը եւ Գերմանիա մեկնելու իրավունք ստանան, ապա Ազգերի լիգայի միջոցով «Եվրո-2024»-ի ուղեգրի համար այլեւս չեն պայքարի եւ իրենց տեղը կզիջեն այն թիմերին, որոնք համապատասխանաբար «A» եւ «C» լիգաներում ամենաբարձր տեղերն են զբաղեցրել խմբերի հաղթողներից հետո (օրինակ՝ այս պահին «A» լիգայում 4 խմբերի հաղթողներից հետո լավագույն՝ 5-րդ արդյունքը ունի Դանիան, որը լավագույնն է երկրորդ տեղը զբաղեցրածների մեջ, «C» լիգայում՝ Լյուքսեմբուրգը)։

Միանգամից ասենք, որ Ազգերի լիգայի միջոցով «Եվրո-2024»-ի ուղեգրի համար պայքարելու հնարավորություն մեր հավաքականը չունի, քանի որ «B» լիգայում 4 ամենացածր արդյունք ցույց տված թիմերից մեկն է։

Այսպիսով՝ Հայաստանի համար «Եվրո-2024»-ին մասնակցելու միակ հնարավորությունը առաջիկա ընտրական փուլում հաջողության հասնելն է, բայց Խորվաթիան, Ուելսն ու Թուրքիան բավականին լուրջ մրցակիցներ են։ Հատկանշական է, որ Խորվաթիան ու Թուրքիան հաղթել են Ազգերի լիգայի «A» եւ «C» լիգաների իրենց խմբերում, իսկ ահա Լատվիան՝ «D» լիգայի իր խմբում, այնպես որ Ազգերի լիգայի հաջորդ խաղարկության ժամանակ Թուրքիան կբարձրանա «B» լիգա, իսկ Լատվիան՝ «С» լիգա։ Մյուս կողմից՝ Ուելսն ու Հայաստանը եղել են համապատասխանաբար «A» եւ «B» լիգաների 4-ական անհաջողակներից, այսինքն՝ գալիք խաղարկությունում Ուլեսը կիջնի «B» լիգա, իսկ մենք՝ «C»։ Ստացվում է, որ «Եվրո-2024»-ի 4-րդ ընտրական խմբում հավաքվել են թիմեր, որոնք Ազգերի լիգայում կա՛մ առաջատար են եղել իրենց խմբերում, կա՛մ հետնապահ։

Հիմա տեսնենք, թե ինչ վիճակագրություն ունի Հայաստանը գալիք մրցակիցների դեմ։

Աշխարհի գործող փոխչեմպիոն խորվաթներին հանդիպել ենք մեկ անգամ ընկերական մրցավեճում, որը կայացել է 2021 թ․ հունիսի 1-ին խորվաթական Վելիկա Գորիցայում։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։ Ֆուտբոլասերները հավանաբար կհիշեն, որ հեռահար հարվածով մեր թիմից գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ ու հաշիվը հավասարեցրեց Վբեյմար Անգուլոն։

Ուելսին հանդիպել ենք 2 անգամ աշխարհի 2002 թ․ առաջնության ընտրական փուլում։ 2001 թ․ մարտի 24-ին Երեւանում գրանցվեց 2-2։ Մեր թիմից աչքի ընկան Արտակ Մինասյանն ու Անդրեյ Մովսեսյանը։ Չնայած Մինասյանը բացեց հաշիվը, հետո հյուրերը երկու գոլ խփեցին, սակայն Մովսեսյանը գեղեցիկ հարվածով կարողացավ մեր թիմին միավոր պարգեւել։ Քարդիֆում պատասխան խաղը կայացավ նույն տարվա սեպտեմբերի 1-ին ու ավարտվեց 0-0։

Թուրքիայի հետ եւս հանդիպել ենք 2 անգամ աշխարհի 2010 թ․ առաջնության ընտրական փուլում։ 2008 թ․ սեպտեմբերի 6-ին Երեւանում հյուրերը հաղթեցին 2-0 հաշվով։ Նույն հաշվով թուրքերը հաջողության հասան 2009 թ․ հոկտեմբերի 14-ին տանը՝ Բուրսայում։

Լատվիայի հետ խաղերը եղել են ընկերական։ 2009 թ․ փետրվարի 11-ին կիպրական Լիմասոլում գրանցվեց 0-0, իսկ 2014 թ․ սեպտեմբերի 3-ին լատվիացիները Ռիգայում կայացած ընկերական մրցավեճում հաղթեցին 2-0 հաշվով։

Ներկա պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Խորվաթիան զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը, Ուելսը 19-րդն է, Թուրքիան՝ 45-րդը, Հայաստանը՝ 93-րդը, իսկ Լատվիան՝ 134-րդը։

Մեր հավաքականի ավագ, պաշտպան Վարազդատ Հարոյանը այսօր կայացած վիճակահանության արդյունքների վերաբերյալ ՀՖՖ-ին ասել է․ «Կարծում եմ՝ ամենաբարդ խումբը չէ, բոլորի հետ էլ կարող ենք խաղալ: Մի փոքր տարբերվում է Ուելսի հավաքականը, որովհետեւ ֆիզիկապես շատ ամուր թիմ է: Այդպիսի թիմերի դեմ խաղալու փորձ ունեցել ենք արդեն: Խորվաթիայի վերաբերյալ նոր ասելիք չունեմ: Այս խմբում բոլոր թիմերի դեմ էլ կարելի է պայքարել»:

Իր հերթին կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նկատել է․ «Մեր խմբի թիմերից ամենալավը ծանոթ եմ Խորվաթիային եւ կարծում եմ՝ ի զորու ենք նրանց դեմ պայքարելու: Թուրքիայի հավաքականը նույնպես վատ թիմ չէ, ունեն Եվրոպայում հանդես եկող ֆուտբոլիստներ: Ուելսն էլ է ուժեղ եւ ամուր թիմ, նույնիսկ Լատվիան նվեր չէ: Բայց մենք պետք է չմտածենք մեր մրցակիցների մասին, այլ շատ աշխատենք եւ խաղանք մեր ֆուտբոլը, փորձենք լուծել մեր առջեւ դրված խնդիրները: Վստահ եմ՝ այդ դեպքում ամեն ինչ կստացվի»: 

«Եվրո-2024»-ի ընտրական փուլը կանցկացվի 2023 թ․ մարտ-նոյեմբեր ամիսներին, իսկ Ազգերի լիգայի միջոցով խաղարկվող 3 ուղեգրերի համար անցումային խաղերը կկայանան 2024 թ․ մարտին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter