Երևանի կողքին բազալտ կարդյունահանեն
Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Խիճ» ՍՊԸ-ի՝ Փարաքարի բազալտների հանքավայրի Հաղթանակ տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։
Փարաքարի բազալտների հանքավայրը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացած համայնքի Մերձավան բնակավայրի վարչական սահմաններում է։ Նախատեսվում է հանքավայրը շահագործել բաց եղանակով և արդյունահանել տարեկան 2841 խմ բազալտ։ Սակայն արդյունահանողը խոստացել է հանածոյի արդյունահանում կատարել առանց հորատապայթեցման աշխատանքների, էքսկավատոր-բուլդոզեր լեռնահանքային համալիրով, իսկ արդյունահանված բազալտե բլոկները տեղափոխել ընկերության քարամշակման արտադրամաս։
ՇՄՆ փորձագիտական դրական եզրակացության մեջ նշվում է, որ Մերձավանում իրականացվել են հանրային քննարկումներ, որոնց ընթացքում ՏԻՄ-ը և հասարակայնությունը հավանություն են տվել նախատեսվող գործունեությանը։ Փորձաքննական գործընթացին մասնակցել են ՇՄՆ ստորաբաժանումները, Առողջապահության, Արտակարգ իրավիճակների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները, Կադաստրի կոմիտեն, Արմավիրի մարզպետարանը։
Համաձայն եզրակացության՝ բացահանքի աշխատանքների և շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները կանխարգելելու և մեղմելու նպատակով մշակվել է բնապահպանական միջոցառումների ծրագիր՝ ուղղված մթնոլորտային օդի, հողային, ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության պահպանությանը։ Մասնավորապես, փոշիացումը նվազեցնելու նպատակով տարվա չոր և շոգ եղանակին պարտադրվում է կատարել ջրցանում՝ օրը 3 անգամ։
Բացահանքում աշխատող տեխնիկայի շարժիչների վառուցքները պետք է լինեն կարգավորված՝ անսարք մեքենաների շահագործումը բացահանքում պետք է արգելվի, իսկ մեքենաների շարժիչների գազերի արտանետման վրա պետք է տեղադրված լինեն կատալիտիկ չեզոքացուցիչներ, ինչը թույլ կտա կրճատել գազերի արտանետումը մթնոլորտ։ Տեխնիկա-տրանսպորտային միջոցները պետք է շահագործվեն սարքին վիճակում, ենթարկվեն պլանային տեխնիկական ստուգումների։
Թափոնները պարբերաբար պետք է դուրս բերվեն բացահանքի տարածքից և տեղադրվեն հատուկ նախատեսված հարթակներում կամ վաճառվեն։
Եզրակացությամբ արգելվում է արտահրապարակից դուրս խախտել լրացուցիչ տարածքներ, տեղադրել թափոններ և այլն։
Եթե ճանապարհը հատում է մակերևութային ջրերի հոսքեր կամ առուներ, ապա վերջիններս խողովակներով պետք է անցկացվեն ճանապարհի պաստառի տակով։
Փորձաքննակությամբ նաև մի քանի ընդհանուր պահանջներ են առաջադրվել ընկերությանը։ Մասնավորապես, հանքավայրի շահագործման ընթացքում անհրաժեշտ է ապահովել և պահպանել բնապահպանական կառավարման պլանում և մշտադիտարկման ծրագրում նախատեսված միջոցառումների իրականացումը, ապահովել հայտում ամրագրված ռեկուլտիվացիայի աշխատանքները և այլն։
Հիշեցնենք, որ Երևանում նոր հանքավայրերի հայտերը մերժվում են, քանի որ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է մոնիտորինգ՝ պարզելու Երևանի օդի աղտոտվածության աղբյուրները, դրանցում հանքարդյունահանման չափաբաժինը։ Դրանից հետո միայն ընթացք կտրվեն արդյունահանման նոր հայտերին։
Մեկնաբանել