HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքուն և Երևանը պայմանավորվել են խաղաղության պայմանագրի հիմնական կետերի շուրջ. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվածություն են ձեռքբերել խաղաղության պայմանագրի սկզբունքային կետերի շուրջ, մնում է դրանք իրագործել։

«Սկզբունքային կետերի շուրջ, որոնք հինգն էին, պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Դա ներառում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների սահմանազատումը և այլն։ Մնում է միայն դրանք իրականացնել»,- Tvnet հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ Երևանի հետ Անկարայի հարաբերությունների կարգավորումը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները չեն կարող միմյանցից անջատ լինել։ «Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին»,- ասել է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ 

Հաղորդավարի այն հարցին՝ արդյոք դա կարմիր գիծ է Թուրքիայի համար, Չավուշօղլուն դրական է պատասխանել։

Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պրահյան հանդիպումը դրական է անցել։ Ընդ որում, Չավուշօղլուն նշել է, որ պաշտոնական Երևանի վրա ճնշումներ կան ինչպես երկրի ներսում, այնպես էլ հայկական սփյուռքի կողմից։

Հայաստանն ու Թուրքիան դեռ նախորդ տարի էին նշանակել հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացներ։ Հայկական կողմը ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ թուրքականը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ 

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը կայացել էր Վիեննայում։ Կողմերը պայմանավորվել էին բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։

«Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»,- նշվում էր ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter