HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լուրջ հիվանդություններով բանակ զորակոչվելուց 8 օր անց Արեգը մահացել է. ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել

Հայաստանի Հանրապետությունը խախտել է ժամկետային զինծառայող Արեգ Մալխասյանի կյանքի իրավունքը` առողջական լուրջ խնդիրներով զորակոչելով ժամկետային ծառայության: Կյանքի իրավունքի խախտման փաստն արձանագրելով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր Հայաստանի դեմ վճիռ է կայացրել` պարտադրելով Կառավարությանը մահացած զինծառայողի ընտանիքին վճարել 35 000 եվրո ոչ նյութական վնասի, իսկ 2500 եվրո` կատարած ծախսերի համար:

Արեգ Մալխասյանը Արաբկիրի զինվորական կոմիսարիատից ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել 2009թ. հունիսի 26-ին: Զորակոչվելուց 8 օր անց` հուլիսի 4-ին, շարքային Արեգ Մալխասյանի ինքնազգացությունը վատացել է, կորցրել է գիտակցությունը, և տեղափոխվել Արցախի Մեխակավանի զինվորական հոսպիտալ, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել է կլինիկական մահ:

2009թ. հուլիսի 5-ին նրան տեղափոխել են Երևան: Կատարված շտապ դիագնոստիկ հետազոտությունների արդյունքում նրա մոտ ախտորոշվել է «վիճակ սիրտ-թոքային վերակենդանացումից հետո, գլխուղեղի այտուց, կոմա, երկկողմանի ասպիրացիոն թոքաբորբ, կայացած ստամոքս-աղիքային արյունահոսություն»: Հիվանդի վիճակը գնահատվել է կրիտիկական և այդ ուղղությամբ ձեռնարկվել են վերակենդանացման միջոցառումներ, որոնք արդյունք չեն տվել և նույն օրը՝ ժամը 20:25-ին, գրանցվել է նրա կենսաբանական մահը:

Ժամկետային զինծառայող Արեգ Մալխասյանի մահվան կապակցությամբ 2009թ. հուլիսի 4-ին Պաշտպանության նախարարության քննչական թիվ 2 կայազորային քննչական բաժնում ՀՀ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս):

Քրեական գործի շրջանակներում Արեգ Մալխասյանի հայրը՝ Աշոտ Մալխասյանը, որպես վկա ցուցմունքներ է տվել այն մասին, որ իր հիվանդ որդուն անօրինական կերպով են զորակոչել բանակ: Այդ ապօրինությունը կանխելուն ուղղված իր ջանքերը անտեսվել են Արաբկիրի զինվորական կոմիսար Ա.Ուլիխանյանի ու զինկոմիսարիատի բժիշկների կողմից, և իր նկատմամբ դրսևորվել է արհամարհական վերաբերմունք:

Աշոտ Մալխասյանը հայտնել է, որ երբ որդուն 2009թ. հունիսի 26-ին զինկոմիսարիատից տեղափոխել են կենտրոնական հավաքակայան՝ իրենց միակ հույսն այն է եղել, որ այնտեղ տեսնելով բոլոր բժշկական փաստաթղթերը՝ նրան չէին զորակոչի: Սակայն, ինչպես հետո է իմացել, իրենց ներկայացրած բոլոր բժշկական փաստաթղթերն Արեգ Մալխասյանի անձնական գործից բացակայել են, և որդուն զորակոչել են:

Զինծառայողի հայրը հայտնել է, որ իրենք չեն իմացել, որ որդին սրտի հետ կապված խնդիրներ ունի, սակայն հայտնի է եղել, որ ունի ստամոքսի հետ կապված՝ բժիշկների կողմից ախտորոշված հիվանդություններ, ինչն անտեսվել է Արաբկիրի զինկոմիսարիատի բժիշկների և հատկապես՝ Արաբկիրի զինկոմ Ա. Ուլիխանյանի կողմից: Վերջինս նույնիսկ չի ցանկացել ուղեգիր տալ հետազոտություններ անցնելու համար:

Այն դեպքում, երբ Արեգի համապատասխան բժշկական փաստաթղթերը ներկայացվել էր, որ ի թիվս այլ հիվանդությունների, տղան ունի «Մելլորի-Վեյսի համախտանիշ, կայացած ստամոքս-աղիքային արյունահոսություն» հիվանդությամբ: Նրա մոտ արձանագրվել է «Կատարալ էզոֆագիտ, մակերեսային գաստրիտ, բուլբիտ, ստամոքսի անտրալ հատվածի եզակի էրոզիաներ, ստոծանու կերակրափողային անցքի ոչ մեծ սահող ակսիալ ճողվածք», ինչպես նաև «առկա է եղել կարդիոսկլերոզ, կորոնարոսկլերոզ, սակայն նա եղել է ծածկընթաց և առանց ֆունկցիոնալ փոփոխությունների»:

Աշոտ Մալխասյանն իր ցուցմունքում նշել է, որ «Մելլորի-Վեյսի» համախտանիշը և դրա հետ կապված հիվանդություններն ախտորոշած բժիշկներն իրեն և որդուն պարզաբանել էին, որ նման հիվանդները պետք է պահպանեն խիստ դիետա և ընդունեն համապատասխան դեղորայք: Ընդ որում՝ դա կարող է մարդուն ուղեկցել ողջ կյանքի ընթացքում:

Տուժողի իրավահաջորդ Աշոտ Մալխասյանը համոզմունք է հայտնել, որ Արաբկիրի զինկոմը և զինկոմիսարիատի բժիշկները միջամտել են «Էրեբունի» ԲԿ-ում կատարված հետազոտություններին, այդ իսկ պատճառով «Էրեբունի» ԲԿ-ում կազմված հիվանդության նկարագրում ստամոքսի հիվանդության վերաբերյալ արձանագրված ախտորոշումները չեն արտացոլվել առողջական վիճակի մասին ակտում, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ իր ակնհայտ հիվանդ որդուն զորակոչեն բանակ:

Պաշտպանության նախարարի 2009թ. օգոստոսի 26-ի թիվ 921 հրամանի հիմքով իրականացված ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը, ունենալով շարքային Ա. Մալխասյանի հիվանդությունների մասին բոլոր փաստաթղթերը, պարտավոր էր այլ վերաբերմունք ցուցաբերել. ուղարկելով մանրակրկիտ հետազոտությունների՝ զորակոչի վերաբերյալ պետք է ճիշտ որոշում կայացներ:

Բացի այդ, Արաբկիրի զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովը, առանց ստացիոնար հետազոտության, շարքային Արեգ Մալխասյանին ճանաչել է «պիտանի շարային ծառայության համար» այն դեպքում, երբ զինկոմիսարիատի պայմաններում բժշկական հանձնաժողովը դժվարությամբ էր որոշել նրա ստամոքսի վիճակը և ստոծանու ճողվածքը, որոնց մասին գրված էր բժշկական փաստաթղթերում:

Պարզվել է նաև, որ Արաբկիրի զինվորական կոմիսարը շարքային Ա.Մալխասյանին հետազոտման համար ուղեգիր է տվել միայն վերադասի կարգադրությունից հետո: Զինկոմիսարիատը, «Էրեբունի» բժշկական կենտրոնը, Կենտրոնական բժշկական հանձնաժողովը, Արեգի ներկայացրած հիվանդության էպիկրիզին և «Դիագնոստիկ» կենտրոնի ու այլ բժշկական փաստաթղթերին բավարար ուշադրություն չեն դարձրել:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում 2009թ. հունիսի 15-19-ը կատարված հետազոտությունների արդյունքներն օբյեկտիվ և լիարժեք չեն եղել, ինչի հիման վրա զինկոմիսարիատը և կենտրոնական բժշկական հանձնաժողովը Արեգ Մալխասյանին ճանաչել են «պիտանի շարային ծառայության համար»:

Արեգի անձնական գործում չեն կարվել ծնողի՝ դիմումին կից ներկայացված բժշկական փաստաթղթերը, առաջին անգամ տրված ուղեգիրը, վերադարձված ակտի բլանկը: Անձնական գործում փաստաթղթերի հերթական համարները նշված են եղել ուղղումներով և փոփոխումներով: Զորակոչիկի քարտում 2009թ. առաջին անգամ կատարված բուժհետազոտման ամիսն ու ամսաթիվը և բժիշկների ազգանունները նշված չեն եղել:

Արաբկիրի զինկոմիսարիատի ոչ գաղտնի գործավարության գործավար Հռիփսիմե Սանթուրյանը չի ցանկացել վերցնել շարքային Ա. Մալխասյանի հոր դիմումը, իսկ վերցնելուց հետո սահմանված կարգով չի գրանցել: Իսկ Արաբկիրի զինվորական կոմիսար, գնդապետ Ա. Ուլիխանյանը, ըստ Արեգի եղբոր հայտարարության, անհարկի վիճաբանել է իրենց հարազատների հետ՝ նրանց նկատմամբ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև կասկած է հայտնել ծնողի ներկայացրած փաստաթղթերի իսկության վերաբերյալ: 

Արաբկիրի զինվորական կոմիսար Արմեն Ուլիխանյանը որպես վկա ցուցմունք է տվել այն մասին, որ ինքն է հանձնարարել Արեգ Մալխասյանի անձնական գործից հանել տասը փաստաթղթեր և կցել զինկոմիսարիատի գործավարության կարգագրերին: Ա.Ուլիխանյանը ցուցմունքում նշել է նաև, որ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի և իր մոտ խորը կասկածներ են եղել Արեգ Մալխասյանի՝ իսկապես վատառողջ լինելու վերաբերյալ, այդ իսկ պատճառով ինքը կարգադրել է զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի անդամ, վիրաբույժ Մարինե Սանոյանին ներկա գտնվել «Էրեբունի» ԲԿ-ում Արեգ Մալխասյանին հետազոտելու ժամանակ:

2009թ. օգոստոսի 12-ի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ եթե Ա. Մալխասյանը ենթարկվեր համապատասխան հետազոտությունների, ապա հնարավոր է, որ նրա մոտ հայտնաբերվեին ինչպես մահվան պատճառ հանդիսացող հիվանդությունը՝ սրտային պաթոլոգիան, այնպես էլ մյուս հիվանդությունները /կամ ժխտել վերջիններս/: Եվ բնականաբար եթե հայտնաբերվեին այդպիսիք, կազմակերպվեր համապատասխան բուժումներ, խորհրդատվություններ, ապա հնարավոր էր խուսափել առողջական վիճակի հետագա վատացումից, նաև մահվան ելքից:

«Հանձնաժողովը հարկ է համարում նշելու նաև, որ զորակոչային հանձնաժողովի կողմից պետք է ուշադրության արժանանար նաև Ա. Մալխասյանի մոտ 2008թ. ախտորոշված «Մելորի-Վեյսի սինդրոմ, կայացած ստամոքս-աղիքային արյունահոսություն» հիվանդությունը և այդ ախտորոշումը պետք է ենթարկվեր համապատասխան հրահանգներով հիմնավորված գնահատականի»,- նշված է եղել եզրակացության մեջ:

2010թ. նոյեմբերի 2-ին քննիչը որոշում է կայացրել «Համալիր հանձնաժողովային դատաբժշկական-ռազմաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին» ՝ պատճառաբանելով, որ «քննությամբ ի հայտ եկած առկա բազմաթիվ հակասությունների պարզաբանումը հնարավոր կլինի միայն պարզել՝ նշանակելով համալիր դատաբժշկական և ռազմաբժշկական փորձաքննություն, որի համար առկա են բավարար հիմքեր»:

Համալիր հանձնաժողովային դատաբժշկական-ռազմաբժշկական փորձաքննություն կատարած հանձնաժողովը հանգել է հետևության, որ «Ա. Մալխասյանի հավելյալ բուժման կազմակերպման և զորակոչման հետաձգման կամ բացառման պարագայում, միգուցե հնարավոր կլիներ խուսափել հանգամանքների ճակատագրական համադրումից և մահվան ելքից»:

2014թ. հուլիսի 17-ին քննիչ Ա. Խաչատրյանը որոշում է կայացրել՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու:

«Նախաքննությամբ ի հայտ չեն եկել հանգամանքներ, որոնք կփաստեին այն մասին, որ որևէ բժիշկ մասնագետի, պաշտոնատար անձի կողմից թույլ տված անփութության, պաշտոնեական անգործության, պաշտոնեական դիրքի չարաշահման հետևանքով է պայմանավորված եղել Ա.Մալխասյանի մահը կամ նրանց գործողությունները պատճառական կապի մեջ են գտնվել մահվան հետ, ուստի որևէ անձի կամ անձանց նկատմամբ չի կարող իրականացվել քրեական հետապնդում և քրեական գործով վարույթը ենթակա է կարճման` արարքներում հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ»,- եզրահանգել է քննիչը:

Քննիչի վերոհիշյալ որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Աշոտ Մալխասյանը և նրա ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը բողոքը են ներկայացրել, սակայն Զինվորական դատախազի որոշմամբ` մերժվել է:

Այնուհետև բողոք են ներկայացրել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով վերացնել ավագ քննիչ Ա.Խաչատրյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և գործի վարույթը կարճելու և զինդատախազի` բողոքը չբավարարելու որոշումները: Առաջին ատյանի դատարանը ևս մերժել է բողոքը:

Ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը դարձյալ մերժվել է:

Վճռաբեկ դատարանը բողոքը բավարարել է մասնակիորեն: Բեկանել է վերաքննիչ քրեական դատարանի 2014թ. դեկտեմբերի 27-ի որոշումը և պարտավորեցրել է վարույթն իրականացնող մարմնին վերացնելու Արեգ Մալխասյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում թույլ տրված՝ անձի իրավունքների և ազատությունների խախտումները:

Սակայն, դրանից հետո էլ վատառողջ տղային բանակ զորակոչելու որոշումներ կայացրած անձինք պատասխանատվության չեն ենթարկվել: Ոմանք քրեական պատասխանատվությունից ազատվել են վաղեմության ժամկետն անցնելու, ոմանք` հանցակազմի բացակայության հիմքերով:

Այս պայմաններում ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ իշխանությունները չեն կարողացել արդյունավետ քննություն իրականացնել, հետևաբար, տեղի է ունեցել Եվրոպական Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) ընթացակարգային խախտում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter