
Զախարովայի պնդմամբ՝ ԵՄ-ն փորձում է մխրճվել Մոսկվայի կողմից Բաքվի և Երևանի միջև հակամարտության կարգավորման մեջ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Եվրոպական միության քաղաքացիական առաքելության մեջ Ռուսաստանը տեսնում է Եվրամիության փորձերը՝ ճնշելու Մոսկվայի ջանքերը և մխրճվելու հարաբերությունների կարգավորման մեջ։ Այդ մասին երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 11-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք դրանում, ցավոք, տեսնում ենք Եվրոպական միության հերթական փորձերը ցանկացած ձևով մխրճվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման մեջ, ճնշել մեր երկրի միջնորդական ջանքերը»,- ասել է նա։
Ռուսաստանցի պաշտոնյան նշում է, որ Մոսկվայի կարծիքով Երևանի և Բաքվի միջև տարածաշրջանում ամուր խաղաղության և երկարաժամկետ կայունության ապահովման գրավականը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարության ամբողջական իրականացումն է։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Բրյուսելում «նախընտրում են չմտածել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում տարածաշրջանային կայունության համար քայլերի հետևանքների մասին»։ Զախարովայի պնդմամբ՝ «պատմությունը խոսում է այն մասին, որ Եվրամիության առաքելությունները հակամարտությունների իրական կարգավորման չեն հանգեցնում»։
Հայ-ադրբեջանական սահման միջազգային դիտորդական առաքելության ուղարկման որոշումն ընդունվել էր Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացած քառակողմ հանդիպման ժամանակ, որին բացի Նիկոլ Փաշինյանից ու Իլհամ Ալիևից, մասնակցում էին նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Հայկական կողմը նշում է, որ առաքելությունն իր գործունեությունը կծավալի ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ Ադրբեջանը դրա հետ կհամագործակցի այնքանով, որքանով իրեն է առնչվում։
Նույն հանդիպումից Հայաստանն ու Ադրբեջանը նաև հայտարարել էին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Լուսանկարը՝ ТАСС գործակալության
Մեկնաբանել