HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանը ձեռնպահ է քվեարկել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը աջակցող ՄԱԿ-ի բանաձևին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 12-ին 143 կողմ, 35 ձեռնպահ և 5 դեմ ձայներով ընդունել է «Ուկրաինայի տարածքային ամբողջականություն. Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության սկզբունքների պահպանում» անունը կրող բանաձևին, որը դատապարտում էր Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականության ոտնահարումը և Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժյեի մարզերում իրականացված «հանրաքվեները»։

Բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան և Սիրիան։ Հայաստանը ձեռնպահ քվեարկած երկրների թվում է։ Բացի Հայաստանից, ձեռնպահ են քվեարկել նաև Չինաստանը, Հնդկաստանը, Ալժիրը, Բոլիվիան, Կուբան, Եթովպիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և այլն։

Բանաձևը կոչ է անում Ուկրաինայում առկա իրավիճակը լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Բանաձևի հեղինակների թվում են ԵՄ անդամ երկրները, ԱՄՆ-ն, ասիական և ամերիկյան մի քանի երկրներ։ Տարածաշրջանային երկրներից բանաձևին կողմ են քվեարկել Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Էստոնիան, Թուրքիան։ Իրանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը ընդհանրապես չեն մասնակցել քվեարկությանը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բանաձևերին քվեարկությունը չի համարվում պարտադիր։ Դրա ընդունման համար բանաձևին պետք է աջակցի քվերակության մասնակիցների առնվազն երկու երրորդը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանն Ուկրաինայի հարցով արդեն երրորդ բանաձևն է ընդունում։ Մարտի 2-ին ընդունվել էր փաստաթուղթ, որը դատապարտում էր Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և պահանջում այդ երկրից հանել իր զորքերը։ Այդ ժամանակ կողմ էր քվեարկել 141 երկիր, դեմ՝ 5-ը, ձեռնպահ մնացել՝ 35-ը, իսկ քվեարկությանը չի մասնակցել 12 երկիր։

Մարտի 24-ին էլ ընդունված բանաձևը վերաբերում էր Ուկրաինայում մարդասիրական իրավիճակին։ Բանաձևը դրա ողջ պատասխանատվությունը դրել էր Ռուսաստանի վրա։ Փաստաթղթի օգտին կողմ էր քվեարկել 93 երկիր, դեմ՝ 24-ը, ձեռնպահ մնացել՝ 58-ը, իսկ քվեարկությանը չի մասնակցել 18 երկիր։

Երկու դեպքում էլ Հայաստանը ձեռնպահ էր քվեարկել։

Լուսանկարը՝ արխիվային/Mandel Ngan / Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter