HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստան ներմուծվող մեքենաներին սահմանին ժամանակավոր համարանիշներ կտրվեն

Ոստիկանությունն առաջարկում է Հայաստան ներմուծվող և պետական գրանցման ենթակա ավտոմեքենաներին «Ժամանակավոր» տեսակի համարանիշներ տրամադրելու լիազորություն տալ ՀՀ սահմանին տեղակայված մաքսային մարմիններին։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ներկայում ՀՀ ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսազերծումը չի իրականացվում ՀՀ սահմանին՝ ներմուծման ժամանակ, այլ դա իրականացվում է սահմանից հեռու, այլ բնակավայրերում (օրինակ՝ Սիսիան, Գյումրի քաղաքներում, իսկ կազմակերպությունների կողմից ներմուծման դեպքում՝ Երևանում), ինչից հետո նոր միայն ավտոմեքենան մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմնի կողմից ստանում է «Ժամանակավոր» համարանիշ։

Ոստիկանությունն ընդգծում է, որ շատ հաճախ ՀՀ ներմուծվող ավտոմեքենաները սահմանից մինչև մաքսային ձևակերպման վայրեր հասցնելու համար ստիպված են լինում օգտվել ավտոտարհանիչների ծառայությունից, իսկ ներմուծողները ստիպված են լինում ավտոտարհանման համար վճարել բավականին մեծ, հաճախ կամայական և ոչ ողջամիտ գումար, նույնիսկ այն պարագայում, երբ մեքենան սարքին վիճակում է և հնարավորություն ունի վարելու միջոցով հասնել մաքսային ձևակերպման վայր։ 

Ըստ հիմնավորման՝ նախագիծը նպատակ ունի ավտոմեքենաներ ներմուծողներին ազատել անհարկի ֆինանսական ծախսերից և առանց հաշվառման համարանիշների վարելու դեպքում վարչական պատասխանատվության ենթարկվելու ռիսկից։

Միաժամանակ, ավտոմեքենաներին հատկացնելով «Ժամանակավոր» համարանիշներ՝ ոստիկանությունը մտադիր է ապահովել այդ մեքենաների՝ ՀՀ ոստիկանության կողմից վերահսկելի դարձնելու հարցը։

Հավելենք, որ այս նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter