
ՌԴ-ն անընդունելի է համարում ղարաբաղյան ճգնաժամում Մոսկվայի ունեցած դերի մասին Մակրոնի հայտարարությունը. Զախարովա
Մոսկվան անընդունելի է համարում հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Ռուսաստանի ունեցած դերի մասին Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հայտարարությունը։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։ Վերջինիս պնդմամբ՝ «Արևմուտքը փորձում է առճակատման տրամաբանությունը Ուկրաինայից տեղափոխել հետխորհրդային տարածքի այլ հատվածներ»։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Ֆրանս 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանն օգտագործում է ղարաբաղյան հակամարտությունը՝ է'լ ավելի սրելով այնտեղ առկա լարված իրավիճակը։ «Ռուսաստանն օգտագործեց մի քանի տասնամյակների վաղեմության հակամարտությունը և միջամտեց այս հակամարտությանը, ակնհայտորեն խաղաց Ադրբեջանի խաղը՝ թուրքական մեղսակցությամբ, և վերադարձավ այնտեղ՝ թուլացնելու Հայաստանը, որը, սակայն, իրեն մտերիմ երկիր էր։ Եվ տեսեք, այստեղ տեղի ունեցողը Ռուսաստանի կողմից ապակայունացնող մանևր է, որը Կովկասում փորձում է անկարգություններ հրահրել՝ բոլորիս թուլացնելու և պառակտելու համար»,- ասել էր Մակրոնը։
«Էմանուել Մակրոնի այն հայտարարությունը, թե Ռուսաստանն իբր ղարաբաղյան հակամարտությունն օգտագործում է Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու համար, աղաղակող և բացարձակ անընդունելի ենք համարում։ Նման պոռթկումները Արևմուտքի հակառուսական գծի և Ռուսաստանին հրեշացնելու հունի մեջ են և վկայում են այն մասին, որ փորձ է արվում Ուկրաինայից առճակատման տրամաբանությունը տեղափոխել հետխորհրդային տարածքի այլ հատվածներ, այդ թվում` Հարավային Կովկաս։ Ֆրանսիայի նախագահի անհեթեթ մտքերը խոսում են այն մասին, որ Փարիզը շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հարցում և հարցականի տակ է դնում սեփական երկրի ունակությունն այդ հարցում կառուցողական դեր խաղալու առումով»,- նշվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։
Զախարովան ասել է, որ «ի տարբերություն Ֆրանսիայի, որը Բաքվի և Երևանի միջև իրավիճակի սրման ժամանակ սահմանափակվում էր խաղաղության ստանդարտ կոչերով, Ռուսաստանը գործնականում նպաստում էր հակամարտության կարգավորմանը»։
«Մեր երկիրը վճռորոշ ներդրում ունեցավ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման հարցում, որը վերջ դրեց արյունահեղությանը։ Նշված պայմանավորվածության համաձայն տեղակայված խաղաղապահ զորախումբը շարունակում է անվտանգության երաշխիք մնալ տարածաշրջանում»,- ասել է ռուսաստանցի այդ պաշտոնյան՝ թվարկելով այն հայտարարությունները, որոնք կողմերը ձեռք են բերել Մոսկվայի միջնորդությամբ։
Զախարովայի կարծիքով՝ «Փարիզը փորձում է սեպ խրել Ադրբեջանի և Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններում, որոնց հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա և բազմակողմանի կապեր»։ Նրա կարծիքով՝ դրանք ձախողվելու են և «կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության հետագա արժեզրկմանը»։
Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել