HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հունվար-սեպտեմբերին թույլատրված 6400 հատից 1669 էլեկտրոմոբիլ է ներմուծվել Հայաստան՝ առանց մաքսատուրքի

Այս տարվա առաջին ինն ամիսներին (2022 հունվար-սեպտեմբեր) Հայաստան է ներմուծվել 2021 հատ էլեկտրոմոբիլ, որից 1669 հատի համար մաքսատուրք չի գանձվել։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Պետական եկամուտների կոմիտեն, 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունվել է որոշում՝ Հայաստան ներմուծվող Էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների որոշակի քանակ ազատել ներմուծման մաքսատուրքերից։ 2022 թվականի համար սահմանվել էր 7000 հատ, իսկ 2023 թվականի համար՝ 8000 հատ։

Ավելի ուշ 2022 թվականի համար թիվը ճշգրտվել է՝ 6400 հատից ոչ ավելի։ 

Այդպիսով, ստացվում է, որ այս տարվա առաջին ինն ամիսներին առանց մաքսատուրքի թույլատրելի 6400-ից Հայաստան է ներմուծվել դեռևս դրա 26%-ը՝ 1669 հատ էլեկտրոմոբիլ։

Այս տարի Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների քանակը զգալի աճել է։ Միայն առաջին կիսամյակում ներմուծվել է 11 900 մեքենա: Ինչպես ցույց են տալիս Մաքսային ծառայության տվյալները, ներմուծվող ավտոմեքենաների և՛ քանակը, և՛ արժեքը քառապատկվել են։ 2021-ի առաջին կիսամյակում ներմուծվել էր ընդամենը 2800 ավտոմեքենա։

Բացի այն, որ ավտոմեքենաների ներմուծման աճին որոշակի նպաստել են Էլեկտրոմոբիլների ներմուծման մաքսային արտոնությունները, ըստ ներմուծողների աճը մեծապես պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով դեպի ռուսական շուկա ամերիկյան ու եվրոպական ավտոմեքենաների արտահանման սահմանափակումներով, որից հետո ռուսաստանցիները արտասահմանից մեքենա գնելու համար Հայաստանը որպես տարանցիկ երկիր են օգտագործում։

2022 թվականի առաջին կիսամյակում կտրուկ աճել է ավտոմեքենաների ներմուծումը Միացյալ Նահանգներից։ Էապես ավելացել է նաև Ճապոնիայից, Չինաստանից, Կանադայից, Կորեայի Հանրապետությունից ավտոմեքնեների ներմուծումը Հայաստան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter