HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Սիսիանի նորընտիր համայնքապետին չհաջողվեց ստանձնել համայնքապետի պաշտոնը

Սիսիանի նորընտիր համայնքապետ Արմեն Հակոբջանյանի երդման արարողությունը նախատեսված էր այսօր, սակայն ժամը 11։00-ին հրավիրված ավագանու արտահերթ նիստը տեղի չունեցավ։ Նիստին ներկա էին միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները։ Սիսիան համայնքի ավագանու մանդատ ստացած մյուս չորս կուսակցությունները նախորդ օրերին հայտարարություն էին տարածել, որ հրաժարվում են մանդատներից։

Այսպիսով, չնայած հոկտեմբերի 12-ին, կրկնակի քվեարկություն կազմակերպելուց հետո ավագանու անդամներից 9-ի քվեով Արմեն Հակոբջանյանն ընտրվեց համայնքի ղեկավար, սակայն նրան չհաջողվեց համայնքապետի պաշտոնն ստանձնել։ Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմը հայտարարեց, որ վաղը կրկին նույն օրակարգով ավագանու արտահերթ նիստ է հրավիրվում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Սիսիան համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակից կուսակցություններից ու դաշինքներից ոչ մեկը առավելագույն ձայներ չէր հավաքել, և համայնքի ղեկավարի ընտրությունը կարող էր լինել միայն կոալիցիա կազմելու միջոցով։ Սիսիանում ավագանու անդամի մանդատ են ստացել 5 կուսակցություն և դաշինք, իսկ նրանցից առավելագույն ձայներ ստացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 34,49% և ավագանու կազմում ստացել է 8 մանդատ։ Երկրորդ տեղում՝ «Աշխատանք և արդարություն»  դաշինքն է՝ 22,79% և ստացել է 5 մանդատ։ Այնուհետև՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 4 մանդատ, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 2 մանդատ, «Մեկ Հայաստան» կուսակցությունը՝ 2 մանդատ։

«Ապրելու երկիր» կուսակցությունը հոկտեմբերի 12-ին չմասնակցեց համայնքի ղեկավարի ընտրությանը, իսկ հետո հայտարարեց մանդատներից հրաժարվելու մասին։

Համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվել նաև «Աշխատանք և արդարություն» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Հայկ Առաքելյանը, որն ստացավ 7 քվե։ Այս թեկնածուի օգտին էր քվեարկել նաև «Մեկ Հայաստան» կուսակցությունը, որն ունի երկու մանդատ։ Հոկտեմբերի 14-ին «Աշխատանք և արդարություն» դաշինքը և «Մեկ Հայաստան» կուսակցությունը համատեղ հայտարարություն տարածեցին, որ համայնքային իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ էր 11 մանդատ։ «Հոկտեմբերի 12-ին կայացած ավագանու անդրանիկ նիստին մասնակցելով ակնկալում էինք ստանալ ՔՊ-ի հետ համագործակցությունը մերժած ուժերի աջակցությունը։ Չստացանք․․․ Բացառելով ճնշումների ու խոստումների միջոցով համայնքի ղեկավար ընտրած ուժի հետ որևէ համագործակցություն՝ վայր ենք դնում մեր մանդատները»,- հայտարարեցին նրանք։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանին Սիսիան համայնքի ղեկավար ընտրվելու հարցում աջակցեց «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունից ավագանու մանդատ ստացած Նախշուն Յազուլյանը։ Նրա քվեն որոշիչ դարձավ Արմեն Հակոբջանյանի ընտրվելու հարցում և դա անսպասելի չէր, որովհետև այս քաղաքական ուժը իշխանամետ է, նրա ղեկավար Արման Բաբաջանյանը իշխանությանը սատարողներից է։ Բնականաբար, նրանք իրենց ստացած 2 մանդատով պետք է աջակցեին  ՔՊ-ի թեկնածուին։ 

Այս կուսակցության ավագանու ընտրացուցակը գլխավորող Սևակ Մուսաթյանը նույնպես առաջադրվել էր համայնքի ղեկավարի թեկնածուի պաշտոնում և 3 ձայն ստացավ։ Անսպասելի և նույնքան անհասկանալի էր կուսակցության ընտրացուցակի երկրորդ համարի՝ Արսեն Ավագյանի գրառումը իր ֆեսյբուքի էջում, որով տեղեկացնում էր, թե Սիսիան համայնքի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցածը չի արտահայտում իր եւ իր թիմակիցների կարծիքն ու որոշումը։ «Մեր թիմում որոշում չենք ունեցել, որ մեր թիմը ներկայացնող ավագանու անդամ Յազուլյան Նախշունը պետք է քվեարկեր Հակոբջանյան Արմենի օգտին, որպես համայնքի ղեկավար։ Յազուլյան Նախշունը պետք է հասկանար, որ այդ մանդատը իր սեփականությունը չէր, որ վարվեր այնպես, ինչպես ինքն էր ցանկանում ․․․»,- գրել է Արսեն Ավագյանը։ 

Սիսիանում տեղի ունեցածը Թալին համայնքում մեկ տարի առաջ կատարված սցենարի կրկնությունն է։ Ավագանու մանդատ ստացածների հայտարարություններից հետևությունն այն կարող է լինել, որ իշխանամետ և ընդիմադիր ուժերին չի հաջողվել համաձայնության գալ համայնքում պաշտոնները միմյանց միջև բաշխելու հարցի շուրջ։ Եթե մինչև վաղը այդ համաձայնությունը չկայացնեն՝ մնացածը տեղի կունենա կանխատեսելի սցենարով՝ այստեղ համայնքի ղեկավարի պաշտոնակատար կնշանակեն և նոր ընտրություններ կնշանակվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter