HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Մոռացեք, ինչ լսել եք իրենից առաջ»․ հեղափոխող դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը Հայաստանում է

Վերջին շաբաթվա մշակութային ամենաքննարկվող իրադարձություններից մեկը հոկտեմբերի 14-ից 17-ը դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ Հայաստանում անցկացվող musicAeterna նվագախմբի և երգչախմբի առաջին հյուրախաղերն են։ Քննարկումը ոչ միայն աշխարհահռչակ, դասական  ստեղծագործությունների արտասովոր ինտերպրետացիաներով հայտնի դիրիժորի և իր բարձրակարգ նվագախմբի շուրջ է, այլև Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցող համերգի տոմսերի գնի շուրջ է՝ 25․000-180․000 դրամ։ 

Նախագծի կազմակերպիչ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Արամ Խաչատրյան համերգասրահը տոմսերի գներից դժգոհողներին պատասխանում են, որ գնային քաղաքականությունը սահմանել է հրավիրող կազմակերպությունը, իրենք միայն կազմակերպչական մասի պատասխանատուն են։ Հյուրախաղերի նախաձեռնող ռուսաստանաբնակ դիզայներ Վարդուհի Նազարյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ համերգի տոմսերի գնային քաղաքականության վերաբերյալ։

Նախագիծն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ Էկոնոմիկայի նախարարությունների մասնակցությամբ։

Այնուամենայնիվ, Թեոդոր Կուրենտզիսի և իր նվագախմբի  հայաստանյան հյուրախաղերը մեծ իրադարձություն են և բացառիկ հնարավորություն՝ հաղորդակից լինելու բարձրարժեք երաժշտությանը։

Հյուրախաղերի բացմանը՝ հոկտեմբերի 14-ին, Արամ Խաչատրյան համերգասրհում կայացած համերգի հանդիսատեսը կհաստատեն այս միտքը. նվագախումբը նվագում էր այնպիսի Չայկովսկի, ինչպիսին, երեւի, երբեք չէր լսել։

Թատերահարթակում, որտեղ նստած էի, համերգից րոպեներ առաջ լսվում էին տոմսերի արժեքի վերաբերյալ քննարկումներ, համեմատում էին համաշխարհային մեծ համերգասրահների տոմսերի գները։ Սակայն բոլոր խոսակցությունները մոռացվեցին համերգը սկսվելու պահից, երբ բեմում հայտնվեց Թեոդոր Կուրենտզիսը․ ազգությամբ հույն, ռուսաստանաբնակ դիրիժորը դուրս եկավ բեմ սև կոստյումով, դասական փողկապով, հանդիսավոր, արտիստիկ պլաստիկայով մոտեցավ դիրիժորական պուլտին և իր 1․78 սմ հասակի ամեն մասնիկով սկսեց նվագախմբից երաժշտություն «քամել»` կլանելով և անդրադարձնելով ամեն մի հնչյունը․․․

Հարցազրույցներից մեկում Կուրենտզիսը իր և իր մասնագիտության հարաբերության մասին ասել է․ «Ես երբեք չեմ երազել դիրիժոր լինելու մասին, ես ավելի շատ սիրում եմ երաժշտություն գրել, բանաստեղծություններ գրել․ ես զբաղվում եմ դիրիժորությամբ միայն նրա համար, որոհետև գիտեմ, որ չեմ կարող գտնել երաժշտության այն մեկնաբանությունը, որը կուզեի լսել»։ 

Կուրենտզիսն ամբողջ աշխարհում հայտնի է դասական ստեղծագործությունների իր նորովի, յուրահատուկ մեկնաբանություններով։ The Times-ը դիրիժորի 2018թ․-ի ամերիկյան հյուրախաղերից  առաջ գրել էր. «Մի' սպասեք ոչ մի նման բանի, որը մինչ այդ լսել եք»։

Թեոդոր Կուրենտզիսը և իր ստեղծած  musicaAeterna  նվագախումբը 2019թ․-ից գործում է անկախ, Սանկտ Պետերբուրգում` Дом Радио-ում։ Բացի դասական ստեղծագործությունների կատարումից, նվագախումբը նորարարական, փորձարարական ծրագրեր է իրականացնում։

Դասական երաժշտության մեջ ստանդարտների և կլիշեների մասին խոսելիս Կուրենտզիսը տվել է  հետևյալ ձևակերպումը․ «Ես երբեք չեմ կատարում երաժշտությունը արդեն հայտնի մեկնաբանմամբ։ Կլիշեները մեծ անհաջողություններ են։ Լինում է՝ երբեմն ինքդ ես դառնում քո սեփական կլիշեն, դրա համար պետք է, օրինակ, երկու տարին մեկ քանդել սեփական արձանները և նկատել, թե ինչքան ծիծաղելի ես և ամենինչ սկսել նորից»։

Վերադառնալով հոկտեմբերի 14-ի հայաստանյան հյուրախաղերի բացման համերգին՝ ավելացնենք ցնցող համերգի նույնքան ազդեցիկ վերջաբանը՝ բիսը։

Համերգային ծրագրի ավարտից հետո չդադարող ծափերից երրորդ անգամ բեմ վերադարձող Թեոդոր Կուրենտզիսը խոսեց հանդիսատեսի հետ, խոստովանեց իր սերը հայերի նկատմամբ (2020թ․-ի հոկտեմբերին Կուրենտզիսը համերգի ամբողջ հասույթը փոխանցել էր Արցախի օգնության ֆոնդին)։ Ասաց, որ հայերի նկատմամբ հատուկ վերաբերմունքը կապված  է նաև իր մտերիմ ընկերոջ՝ վաղամեռիկ հայ դիրիժոր Տիգրան Սարգսյանի հետ. միասին Սանկտ Պետերբուգում սովորել են մեծանուն դիրիժոր Իլյա Մուսինի մոտ: 

«Տիգրանին խոստացել էի, որ մի օր գալու ենք Հայաստան և նվագենք Խաչատրյան, Տիգրանը այսօր մեզ հետ չէ, բայց խոստումները պետք պահել»,- այս խոսքից հետո Թեոդոր Կուրենտզիսը շրջվեց դեպի երաժիշտները, ձեռքերի շարժումով տվեց սկիզբը, եւ հնչեց «Ադաջիո»-ն՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից։

Գլխավոր լուսանկարը՝ musicAeterna-ի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter