HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Անկախության ճանապարհին». Ռուբեն Մանգասարյանի ֆոտոարխիվն Արցախյան պատերազմից

Այսօր Թատրոնի և կինոյի ինստիտուտում բացվել է Ռուբեն Մանգասարյանի «Անկախության ճանապարհին» ֆոտոցուցահանդեսը` նվիրված Շուշիի ազատագրման և Հայոց բանակի 20-ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված են Արցախյան պատերազմի ընթացքը, հայ զինվորների պայքարը, մարդականց պաշտպանությունը, հաղթական պահերը: 

Ռ. Մանգասարյանի եղբայրը` Տիգրան Մանգասարյանը սկզբում մտածում էր, որ ժամանակն ինչ-որ կերպ կմեղմի նրա կորուստը, սակայն այդպես չեղավ: Դժվար է հաշտվել հատկապես հանկարծակի մահվան հետ:

Տիգրանը միշտ եղել է Ռուբենի կողքին, հիշում է նրա ողջ գործունեությունը` առաջին քայլերից մինչև վերջին նախագծերը: 1983 թ.-ին Ռ. Մանգասարյանը իր գործունեությունն սկսեց որպես ֆոտոլաբորանտ, մեկ տարի անց նա սկսեց աշխատել որպես լրագրող: Արդեն 1980-ականների վերջին ֆոտոլրագրողը տպագրվում է արտասահմանյնան հայտնի պարբերականներում` ձեռք բերելով միջազգային հեղինակություն: Նա ուներ մեծ կապեր, որը թույլ էր տալիս ներկայացնել Հայաստանը նաև արտերկրում: Ունի մեծ արխիվ թե Արցախյան պատերազմից, թե Սպիտակի երկրաշարժից: Իսկ արդեն պատերազմից հետո ֆոտոլրագրողի ուշադրության կենտրոնում էր սոցիալական կյանքը, և Ռ. Մանգասարյանն սկսում է «Սև կյանք» նախագիծը:

Սակայն Տ. Մանգասարյանը կարևորում է եղբոր հատկապես հայ-թուրքական նախագիծը: Դեռևս 2006 թ.-ին` ֆուտբոլային դիվանագիտությունից առաջ արդեն նա սկսել էր հայ-թուրքական մերձեցման ծրագիր: 22 հայ և թուրք  լուսանկարիչ միասին իրկանացրել են 3 նախագիծ. հայ-թուրքական ամբողջ սահմանի երկայնքով մեկ նկարել են սահմանամերձ գյուղերի կյանքն ու խնդիրները: Լուսանկարները ցուցադրվել են երկու երկրներում: Այդ ընթացքում Տ. Մանգասարյանը ցեղասպանության վերաբերյալ նախագիծ էր անում, և Ռ. Մանգասարյանը կեսկատակ-կեսլուրջ եղբորն ասում էր, թե ժամանակն է միացնել այդ երկու նախագծերը:

2004 թ.-ին բացված World Press Photo ֆոտոդպրոցի ղեկավար Ռ. Մանգասարյանն ունեցավ երկու կուրս: Նրա ուսանողները նրա մահից հետո բացում են «Ռուբեն Մանգասարյան մեմորիալ հիմնադրամ», որը և կազմակերպել է այս ցուցահանդեսը: Հիմնադրամի նպատակն է հրապարակել, ցուցադրել Ռ. Մանգասարյանի արխիվները, ինչպես նաև Հայաստանում զարգացնել փաստավավերագրական լուսանկարչությունը:

Հիմնադրամի համահիմնադիրներից Իննա Մխիթարյանը հիշում է, որ Ռ. Մանգասարյանը քչախոս էր, բայց նրա դեմքի միմիկաներից կարելի էր հասկանալ նրա ասելիքը, երբեմն էլ նրա լռությունը կարող էր հուշել, թե ինչ անել: Ֆոտոլրագրության դպրոցից հետո Իննան և Ռուբենը շարունակում են մնալ գործընկերներ` աշխատելով տարբեր նախագծերի վրա: Սակայն Իննան նրան հիշում է նախևառաջ որպես լավ ընկեր:

Իննայի խոսքերով` իրենց ամբողջ թիմն այժմ շատ է զգում Ռ. Մանգասարյանի կարիքը և ցավում է, որ եթե այլ երկրներում իր սերնդի ֆոտոլրագրողներն ունեն Ռ. Մանգասարյանի նման աջակիցներ, ապա Ռ. Մանգասարյանն այլևս իրենց կողիքն չէ:

Տ. Մանգասարյանը հիշում է, որ կրտսեր եղբոր հետ կապված է եղել մանկուց, նա միշտ առաջինն իրեն էր ցույց տալիս իր լուսանկարները և խորհուրդ հարցնում: Նրա կարծիքով` Ռ. Մանգասարյանի հաջողության գաղտնիքը աշխատասիրությունն է, «գերաշխատասիրությունը նաև նրան կործանեց, սպառվեց, այրեց իրեն»: Տիգրան Մանգասարյանի կարծիքով` իր աշխատանքի նվիրվածության պատճառով Ռ. Մանգասարյանն այդպես էլ ընտանիք չկազմեց: Վերջինս «իսկական ժուռնալիստ էր»:

Ի. Մխիթարյանի խոսքերով` Ռ. Մանգասարյանը միշտ անկողմնակալ էր.  բանավեճերի ժամանակ միայն թեթև քմծիծաղ էր տալիս ու ոչ մեկի կողմը չէր բռնում:

Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 6-ը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter