HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲԴԽ-ն քննում է գլխավոր դատախազի միջնորդությունը դատավորին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ

Բարձրագույն դատական խորհուրդն այս պահին քննում է գլխավոր դատախազի միջնորդությունը Երևան քաղաքի դատավորներից մեկին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Դատավորի անունը ոչ դատախազությունից, որ ԲԴԽ-ից չեն հայտնում, սակայն մեր տեղեկություններով՝ խոսքն Արուսյակ Ալեքսանյանի մասին է:

ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: 

«Հետևաբար, ոչ միջնորդության բովանդակության և ոչ էլ դատավորին անհատականացնող տվյալներ փոխանցել չեմ կարող»,-հայտնեց Լ. Շաբոյանը:

Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանը մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավոր է:

Ա. Ալեքսանյանը դատավորի պաշտոնում նշանակվել է 2021թ. հոկտեմբերին: Մինչ այդ եղել է քննիչ:

Սա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ գլխավոր դատախազի պաշտոնում արդեն երկրորդ դեպքն է, երբ դատավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ դիմում է ԲԴԽ:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազը նմանատիպ միջնորդություն ներկայացրել էր նաև հոկտեմբերի 11-ին՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնության հարցով: Այդ դեպքը վերաբերում էր վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանին:

Դատավոր Ալեքսանյանի աշխատակազմից հեռախոսազանգերին չեն պատասխանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter