HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեոդոր Կուրենտզիսը Գյումրու Յոթ Վերք եկեղեցում՝ հոգևոր երաժշտության յուրօրինակ մատուցում

Մեծահամբավ դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ musicAeterna byzantina և musicAeterna երգչախմբերը Lux Aeterna ծրագրով ելույթ ունեցան Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում։

Հայաստանի և մասնավորապես Գյումրու մշակութային կյանքում սա նշանակալից իրադարձություն էր, որը դեռ երկար մնալու է կատարմանը ներկա գտնվողների հիշողություններում։

Մոմի լույսերով լուսավորված Սուրբ Յոթ Վերք եկեղեցին լեփ-լեցուն էր, նույնիսկ կանգնելու տեղ դժվարությամբ էր հնարավոր գտնել։ Մուտքը բաց էր հանրության համար, ինչը գովելի էր, քանի որ սովորաբար նման բարձրակարգ ելույթների տոմսերի գները բավականին բարձր են՝ եվրոպական տարբեր երկրներում, որտեղ ներկայացվել է Lux Aeterna ծրագիրը, մարդիկ բարձր գին են վճարել ելույթին ներկա գտնվելու համար։

Գյումրիում հանդիսատեսը շատ բազմազան էր՝ կային և՛ տեղացիներ, և՛ մայրաքաղաքից եկած հյուրեր, և՛ զբոսաշրջիկներ։ Պետք է նշել, որ ցավոք ներկա գտնվողներից շատերը անտեղյակ էին ծրագրից և նրանց թվում էր, թե եկել են պատարագի։ Զարմանալի էր, որ ելույթի մասին սոցիալական ցանցերում որևէ առանձին միջոցառում չկար, այն ներառված էր միայն Կուրենտզիսի՝ Հայաստանում շրջագայության մասին ընդհանուր տեղեկատվության մեջ։

Կեսգիշերից քիչ անց սկսվեց ելույթը, որն առաջին իսկ վայրկյանից կարծես կախարդական կերպով կարողանում է գրավել բոլոր զգայարաններդ և պատրաստում է հոգևոր ճամփորդության։ Ինչը զարմանալի չէ, քանի որ երգչախումբը ներկայացնում է բյուզանդական երաժշտական մշակույթի գանձերը, ներառյալ հին հունական եկեղեցական երգեցողությունը:

musicAeterna byzantina երգչախումբը ստեղծվել է 2018-ին Թեոդոր Կուրենտզիսի նախաձեռնությամբ։ Երգչախբի ղեկավարն է Անտոնիոս Կուտրուպիսը, որը Ռիմսկի-Կորսակովի անվան Սանկտ Պետերբուրգի պետական կոնսերվատորիայի վոկալի բաժնի շրջանավարտ է և Վենետիկի Սուրբ Գեորգի հույն ուղղափառ տաճարի պատվավոր երգիչն է:

2019-ին Ռուսաստանի Պերմ քաղաքում դեբյուտ ունենալուց հետո երգչախումբը ելույթներ է ունեցել Զալցբուրգի փառատոնում, Փարիզի Սեն Շապել գոթական ժամատանը, Վիեննայում, Աթենքում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում և եվրոպական այլ քաղաքներում։

musicAeterna byzantina-ի տասներկու անդամները Հունաստանում և Կիպրոսում բյուզանդական երաժշտության դպրոցների ամենալավ շրջանավարտներն են, որոնցից մեկի՝ Զախարիաս Պապակոստասի հետ պատիվ ունեցա ծանոթանալու և մի փոքր շփվելու ելույթից հետո։ Նա ասաց, որ շատ տպավորված է Հայաստանում շրջագայությունից և որ կցանկանար մի օր վերադառնալ նոր ելույթներով։

musicAeterna byzantina-ն համատեղում է դասական վոկալը և հունական սուրբ երգեցողության հնագույն ավանդույթները, իսկ Lux Aeterna ծրագիրը միավորում է տասը դարերի ռուսական և եվրոպական հոգևոր երաժշտությունը՝ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները զուգորդվում են միջնադարյան երաժշտությամբ:

Երկու ժամ տևող ելույթից խորը հոգևոր զգացումներ են արթնանում, որոնց հստակ բնութագրելը բարդ է՝ կարծես զգում ես ամեն ինչ միևնույն ժամանակ։ Կուրենտզիսի դիրիժորությունը արտիստիկ է, նրան կարելի է ժամերով նայել, հետևել ամեն մի շարժմանն ու արտահայտությանը, Կուրենտզիսը կարծես ձեռքերով ուղղորդում է երաժշտությունը, որը լցնում է և՛ հոգևոր, և՛ ֆիզիկական տարածքները, հարստացնում դրանք։

Չնայած ուշ ժամին, ելույթի ավարտից հետո մարդիկ եկեղեցու տարածքում դեռ որոշ ժամանակ քննարկում էին տեղի ունեցածը, կիսվում զգացումներով։

Այս ելույթով Կուրենտզիսը և երգչախմբերը ավարտեցին Հայաստանում իրենց առաջին շրջագայությունը, որը, հասկանալի պատճառներով, կարճ ժամանակում հասցրել էր ամբողջությամբ գրավել արվեստասեր հանդիսատեսի ուշադրությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter