
«ԳեոՊրոՄայնինգ»-ից պարզաբանում են ԶՊՄԿ-ի հարկերի թռիչքային աճը՝ խառնելով որոշ տվյալներ
2022 թվականի առաջին ինն ամիսներին հանքարդյունաբերությամբ զբաղվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ն գլխավորում է խոշոր հարկատուների ցանկը՝ 129.2 մլրդ դրամի հարկերով։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ հարկերը եռապատկվել են՝ աճելով մոտ 87 մլրդ դրամով։ Տվյալները հրապարակել է Պետական եկամուտների կոմիտեն։
ԶՊՄԿ-ի հարկերի թռիչքային աճը խոշոր հարկատուների ցանկի ամենաքննարկվող թեմաներից մեկն է։ Տնտեսագետները դա պայմանավորում են տարվա սկզբին պղնձի գների միջազգային աճով և այլ գործոններով։ Հայտնի է, որ կոմբինատը 15 մլրդ դրամի գումար է վճարել պետական բյուջե՝ ավելի վաղ հայտնաբերված հարկային խախտումների դիմաց։
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը, որի մաս է կազմում ԶՊՄԿ-ն, ևս փորձել է լրատվամիջոցներին պարզաբանում ներկայացնել հարկերի աճի վերաբերյալ։ Սակայն, հաղորդագրության մեջ որոշ տվյալներ սխալ են ներկայացված։
Այսպես, հաղորդագրության մեջ նշված է. «ԶՊՄԿ-ն հաշվետու ժամանակահատվածում հանրապետության պետբյուջե է վճարել ավելի քան 129 մլրդ դրամ տարբեր տեսակի հարկեր, ինչը 304%-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը (42,3 մլրդ դրամ)»:
Սակայն, պարզ մաթեմատիկական հաշվարկով՝ հարկերի աճը ոչ թե 304% է կազմում, այլ՝ 204.9% (2021-ի հունվար-սեպտեմբերին՝ 42 357 886 000 դրամ, 2022-ի հունվար-սեպտեմբերին՝ 129 163 071 000 դրամ):
Այնուհետև՝ անմիջապես հաջորդ նախադասությամբ ընկերությունից նշում են. «Ընդ որում, եկամտահարկի վճարումների ծավալն աճել է ավելի քան երեք անգամ՝ մինչև 32,3 մլրդ դրամ»։
Այս նախադասությունից կարող է տպավորություն ստեղծվել, որ ընկերության հարկերի աճին էապես նպաստել է աշխատողների թվաքանակի կամ աշխատավարձերի բարձրացումը։ Սակայն, ըստ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների՝ ԶՊՄԿ-ն 2022 թվականի հունվար-սեպտեմբերին պետական բյուջե է վճարել ոչ թե 32,3 մլրդ դրամի եկամտային հարկ, այլ՝ 6.9 մլրդ դրամի (2021-ի հունվար-սեպտեմբերին՝ 6.2 մլրդ դրամ)։
Իսկ 32.3 մլրդ դրամ կազմել է ընկերության շահութահարկը, որ, այո, եռապատկվել է։
Տվյալներին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ ՊԵԿ-ի պաշտոնական կայքում։
Վերադառնալով հարկերի թռիչքային աճի պատճառներին՝ ընկերությունը դա պայմանավորում է ԶՊՄԿ-ի կողմից արտադրվող ապրանքների ինքնարժեքի աճով միջազգային շուկաներում, պետության կողմից խտանյութի արտահանման վրա նոր տուրքի սահմանմամբ, ինչպես նաև՝ արտադրական գործընթացների և ծախսերի օպտիմալացմամբ ու արտադրողականության բարձրացմամբ:
Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերին «ԳեոՊրոՄայնինգ» ընկերություններ խումբը ձեռք է բերել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի վերահսկիչ բաժնետոմսերի փաթեթը։ Խմբի հայկական ակտիվների թվում են նաև Սոթքի ոսկու հանքավայրը, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։
Մեկնաբանել