HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ԵՄ-ն 33 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին, այդ թվում՝ ՆԳՆ հիմնադրման համար

Եվրամիությունը 2 դրամաշնորհային ծրագրով ընդհանուր 33 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին։ Կառավարությունը հոկտեմբերի 20-ի նիստում հավանություն տվեց ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի միջև ֆինանսավորման համաձայնագրերի ստորագրման առաջարկությանը:

Առաջին ծրագրով ԵՄ-ն 10 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի ոստիկանության բարեփոխումներին, միգրացիայի կառավարման և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերի իրականացմանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ աջակցությունը կտրամադրվի Ներքին գործերի նախարարության ձևավորման համար, Ոստիկանության բարեփոխումներին, վերջինիս մարդկային ռեսուրսների պատշաճ կառավարմանը և մասնագիտական զարգացմանը, նաև՝  Պարեկային ոստիկանության կարողությունների հզորացմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ներքին գործերի նախարարության ձևավորման հարցում Կառավարությունը մոտ է վերջնական որոշումների կայացմանը։

«Արդեն լիարժեք ձևակերպված ծրագիր ունենք, պիտի անցնենք այդ ծրագրի իրականացմանը»,- ասաց Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ արդեն մեկնարկել է ոստիկանության բարեփոխումների գործընթացը։

Ծրագրով աջակցություն կտրամադրվի նաև մարդու և, մասնավորապես, խոցելի խմբերի իրավունքների մասին հանրային իրազեկվածության խթանմանը, ինչպես նաև Մարդու իրավունքների 2020-2022թթ. ռազմավարության և գործողության ծրագրի իրականացմանը և Մարդու իրավունքների նոր՝ 2023-2025թթ. գործողության ծրագրի մշակմանը:

Հաջորդ՝ «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ծրագրով ԵՄ-ն 23 մլն եվրո կտրամադրի Հայաստանին։

Ծրագրի նպատակն է աջակցել համավարակին և պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում կանաչ, ներառական և դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգնմանը և զարգացմանը։

Մհեր Գրիգորյանը որոշման նախագծի քննարկմանն ասաց, որ ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակում աջակցություն կտրամադրվի Սյունիքում ՓՄՁ-ների (փոքր և միջին ձեռնարկատիրություն) ստեղծման ու զարգացման, ինչպես նաև գործող բիզնեսների վերականգման համար։ Շուրջ 1500 միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ և անհատ ձեռնարկատերեր կարողությունների զարգացման աջակցություն կստանան։ Առնվազն 200 միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների կտրամադրվեն դրամաշնորներ՝ ԵՄ շուկա արտահանման խթանման նպատակով։

Ինչպես նշված է որոշման նախագծում, աջակցություն կցուցաբերվի նաև փորձնական թիրախային ծրագրերին և նախաձեռնություններին՝ Սյունիքում, ինչպես նաև սահմանամերձ այլ շրջաններում բարդ ու բազմակողմ ռիսկերը վերացնելու և ցնցումների ենթարկված խմբերի կարիքներին առավել լավ արձագանքելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter