HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Մինչև 2023թ սեպտեմբերի 1-ը EAC նշանն ու մակնշումը կարելի է փակցնել ներմուծումից հետո

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշում է ընդունել պարզեցնել մակնշման կանոններն ու հնարավորություն տալ ապրանքների վրա EAC նշանն ու մակնշումը՝ բաղադրությունը, պիտանելիության ժամկետը, արտադրողի մասին տեղեկությունը և այլն, փակցնել ներմուծումից և մաքսային ընթացակարգերն անցնելուց հետո։

Մակնշումը, սակայն, ապրանքների վրա պետք է արվի՝ նախքան դրանք սպառողին վաճառելը:

Մակնշման այս պարզեցումը կիրառվելու է մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը։

EAC նշանը (Եվրասիական համապատասխանություն, Eurasian Conformity) վկայում է, որ տվյալ ապրանքն անցել է անհրաժեշտ ստուգումները, hամապատասխանում է իր համար սահմանված տեխնիկական կանոնակարգերի պահանջներին ու կարող է հայտնվել շուկայում։

Սննդամթերքի դեպքում այս նշանի դերն էլ ավելի է կարևորվում, քանի որ փաստում է` այն անվտանգ է, փորձաքննվել է համապատասխանում է անվտանգության սահմանված  նորմերին։

EAC-ի նշանի պարտադիր լինելու մասին որոշումն ընդունվել է դեռևս 2011թ օոգոստոսի 16-ին՝ «Փաթեթվածքի անվտանգության մասին»   (ՄՄ ՏԿ 005/2011), ինչպես նաև՝ «Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով» (ՄՄ ՏԿ 022/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում։ 

Որոշումն ընդունվել է ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կայունության բարելավման, այդ թվում՝ մակրոտնտեսական կայունությունն ապահովելու միջոցառումների ցանկի շրջանակներում, որը հաստատվել է Հանձնաժողովի խորհրդի 2022թ. մարտի 17-ի N 12 հրամանով։

Այս միջոցառումը, ըստ ԵՏՀ-ի, առավելապես կօգնի տնտեսական պատժամիջոցների տակ հայտնված ԵԱՏՄ երկրներին իրենց ներքին շուկայում ապրանքների կայուն մատակարարումն ապահովելու համար։

Նաև ԵՏՀ Խորհրդի որոշման հիման վրա` մինչև 2023թ. սեպտեմբերի 1-ը ԵԱՏՄ երկրների կառավարությունները կարող են սահմանել ԵՏՀ Խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի N 130 որոշման կիրառման առանձնահատկությունները՝ մաքսային ընթացակարգերի ժամանակ ապրանքի համապատասխանության գնահատման փաստաթղթերը մաքսային մարմիններ ներկայացնելու կարգը և դեպքերը որոշելու մասով։

Սակայն ԵԱՏՄ տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա ապրանքների ներմուծման մասով սահմանված ազգային առանձնահատկությունները չեն կարող բացառել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանելու պարտավորությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter