HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կառավարությունը ցանկանում է անհատական ներդրումային պայմանագրի համակարգ ներդնել

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է տնտեսության մեջ ներդնել անհատական ներդրումային պայմանագրի համակարգը, որով նպատակ ունի ապահովել ներդրումային ծրագրերի ընթացքում տնտեսական գործունեության կայուն պայմաններ և Կառավարության աջակցությունը օրենքով և հատուկ ներդրումային պայմանագրով նախատեսված ձևաչափով և ծավալով։ Հարկային օրենսգրքում փոփոխություն ու լրացում կատարելու օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է՝ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ զարգացած օրենսդրական դաշտի պայմաններում, անհատական ներդրումային պայմանագրի՝ որպես ներդրողների հետ հարաբերությունների կառուցման գործիքի կիրառումը դրական ազդեցություն է ունենում տնտեսության զարգացման վրա։

Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարարությունը, անհատական ներդրումային պայմանագիրը ներդրողի և Կառավարության միջև հաստատվող, նախապես սահմանված չափորոշիչներին համապատասխանող փաստաթուղթ է, որի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ ստանձնում են որոշակի պարտավորություններ և ձեռք բերում իրավունքներ, մասնավորապես՝ 

1․ Ներդրողը պարտավորություն է ստանձնում իրականացնելու պայմանագրով նախատեսված տնտեսական գործունեություն, կատարելու որոշակի ժամկետի ընթացքում սահմանված ծավալի ներդրումներ, ապահովելու սահմանված քանակի աշխատատեղերի ստեղծում, սահմանված նվազագույն վարձատրությամբ, ստանալով դրա համար անհրաժեշտ հարկային արտոնություններ, 

2․ Կառավարությունն իր հերթին պարտավորություն է ստանձնում ներդրողին տրամադրելու հարկային արտոնություններ և ձեռք է բերում իրավունք ներդրողի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման պարագայում պատասխանատվության միջոցներ կիրառելու համար:

Անհատական ներդրումային պայմանագրի կողմ կարող են հանդիսանալ կազմակերպություններ, որոնց կողմից ներկայացված ներդրումային ծրագրերը պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետությունում և համապատասխանում են, Կառավարության կողմից սահմանված չափորոշիչներին, մասնավորապես՝

1․ Ներդրումային ծրագրերն իրականացման ոլորտների վերաբերյալ մոտեցումները, սահմանափակումները, բացառությունները և այլն, 

2․Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում առնվազն հիսուն աշխատատեղի ստեղծում՝ միջինից 15%-ով բարձր աշխատավարձով: 

3․Ներդրումային ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում ներդրումները ծավալը գերազանցում է 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը: 

4․Ներդրումները կատարվում են ոչ ավելի, քան 5 տարվա ընթացքում, իսկ անհատական ներդրումային պայմանագիրը կարող է շարունակվել մինչև 15 տարի ժամկետով: 

Կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել հետևյալ արտոնությունները․ շահութահարկից մինչև 5 տարի ժամկետով ազատում, եկամտային հարկից մինչև 5 տարի ժամկետով ազատում, ներդրումային ծրագրի շրջանակներում անհրաժեշտ սարքավորումների և նյութերի ԱԱՀ-ից և ներմուծման տուրքերից ազատում։

Նշված արտոնություններն ու նախապատվությունները պետք է ամրագրվեն ներդրողի և Կառավարության միջև անհատական ներդրումային պայմանագրով:

Հավելենք, որ նախագիծն օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։ Ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից և կտարածվի մինչև 2026 հունվարի 31-ը կնքված պայմանագրերի վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter