HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Առաջարկվում է քրեականացնել ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններն ու հրապարակային կոչերը

Արդարադատության նախարարությունն առաջարկում է քրեականացնել ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը։ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Առաջարկվող լրացումները նախատեսում է կատարել Քրեական օրենսգրքի 421-րդ և 422-րդ հոդվածներում, որոնք վերաբերում են տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններին և իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է՝ պետության ինքնիշխանությունը (պետական ինքնիշխանությունը)՝ պետությանը բնորոշ գերակայությունն է իր տարածքում և անկախությունը միջազգային հարաբերություններում, այսինքն՝ ինքնիշխանությունը պետության՝ որպես սուբյեկտի հիմնական հատկությունն է, և ըստ արդարադատության նախարարության՝ ինքնիշխանությունը քրեաիրավական միջոցներով հատուկ պաշտպանության կարիք ունի, որը նախատեսված չէ գործող օրենսգրքով։

Այսպիսով, ըստ առաջարկվող տարբերակի՝ ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը՝ կպատժվի 12-15 տարի ազատազրկմամբ։

Իսկ ինքնիշախնությունից հրաժարվելուն ուղղված կոչերի դեպքում պատիժը կլինի տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հավելենք, որ այս օրենքի նախագիծը օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։

Մեկնաբանություններ (1)

Վարդան Հայկազյան
պարզվում է, իշխանության հետքեր դեռ մնացել են

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter