HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ինչու՞ է կառավարությունը ցանկանում սահմանային անցակետեր բացել հենց Երասխում, Սոթքում ու Քարահունջում

Օգոստոսին ԱԱԾ-ն կառավարության որոշման նախագիծ էր տեղադրել հանրային քննարկման, որը վերաբերում էր Արարատի մարզի Երասխ, Գեղարքունիքի մարզի Սոթք եւ Սյունիքի մարզի Քարահունջ բնակավայրերում Ադրբեջանի հետ ՀՀ պետական սահմանին անցակետեր տեղադրելուն: ՊԵԿ-ն էլ իր հերթին տեղադրել էր նախագծեր նույն կետերում մաքսակետեր տեղակայելու եւ մաքսային հսկողության գոտիներ սահմանելու մասին: ԱԱԾ-ն այս բնակավայրերն ընտրելու հարցում ունի իր բացատրությունը, որին կանդրադառնանք ստորեւ:

Քաղաքացիների մեծ մասը՝ 86-92 տոկոս, դեմ են քվեարկել նախագծերին: Բոլոր երեք փաստաթղթերի ընդունման հիմքում դրված է «օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությունը»։ Այսինքն՝ ԱԱԾ-ն ու ՊԵԿ-ը անցակետեր ու մաքսակետեր բացելու նախագծեր են կազմել Փաշինյանի հանձնարարականով:

Ընթերցողները կհիշեն, որ օգոստոսի 1-3-ը Ադրբեջանը սադրանքների դիմեց Արցախի հետ շփման գծում, ինչի հետեւանքով հայկական կողմն ունեցավ 2 զոհ ու 19 վիրավոր: Քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում սա բացատրվեց նրանով, որ ուժի կիրառմամբ Բաքվի ռեժիմը ցանկանում է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ դեպի Նախիջեւան միջանցք ստանալու համար:

Հենց այդ ֆոնին օգոստոսի 4-ին Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց. «Հայաստանի պարտավորությունների մասին խոսելիս Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ կապն ապահովել: Այո, մենք այս ընթացքում ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապն ապահովել: Այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից: Մենք այսօր էլ ասում ենք, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք, հատեք Հայաստանի սահմանը, գնացեք Նախիջեւան: Հենց այսօր: Հենց այսօր պատրաստ ենք ապահովել: Մենք նաեւ դեռեւս նախորդ տարվանից ունենք կետ (Քարահունջի հատվածում – հեղ.), որտեղ կա ՀՀ մաքսային ծառայության կետ եւ սահմանապահ ծառայության կետ, եւ ասել ենք Ադրբեջանին, որ ցանկացած պահի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այդ կետերը կարող են հատել եւ կապ հաստատել Նախիջեւանի հետ:

…Ես այսօր պաշտոնապես ասում եմ՝ այսօր Ադրբեջանը հենց մի քանի կետերով կարող է հատել Հայաստանի սահմանը եւ երթեւեկություն իրականացնել դեպի Նախիջեւան: Եթե բառացի եւ տառացի մեկնաբանենք (խոսում է նոյեմբերի 9-ի հայտարարության մասին – հեղ.), նշված է, որ մենք պետք է ապահովենք Ադրբեջանի արեւմտյան շրջանների կապը Նախիջեւանի հետ: Ադրբեջանի ամենաարեւմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջեւան, եւ մենք երաշխավորում ենք այդ երթեւեկության անվտանգությունը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Բայց միայն Ղազախով չէ, Ղազախ-Իջեւան հատվածով չէ: Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում, Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում մենք կարող ենք դա ապահովել: Մենք դա կարող ենք ապահովել Գորիսի հատվածում, որտեղ վաղուցվանից մաքսային ծառայության հսկողություն ունենք: Այս ընթացքում ոչ մի անգամ Ադրբեջանը չի օգտվել, չի էլ փորձել օգտվել: Չկա դեպք, երբ իրենք գան, ասեն՝ ուզում են հատել, այդ կապը հաստատել, եւ մենք խոչընդոտենք: Այդպիսի դեպք պարզապես գոյություն չունի: Բայց էլի եմ ասում՝ ՀՀ տարածքն է, եւ դա, բնականաբար, պետք է տեղի ունենա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

…Պարոն Աբազյան, պարոն Բադասյան, ես ձեզ հանձնարարում եմ եւս մեկ անգամ, այս հրապարակային հայտարարությունն անում եմ՝ ապահովեք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այդ հնարավորությունը՝ նաեւ Իջեւանի հատվածում, Նոյեմբերյանի հատվածում: Թող ադրբեջանցիներն ասեն՝ որտեղով են ուզում հատեն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անձնագրային հսկողություն, մաքսային հսկողություն, եւ, իհարկե, անվտանգության ապահովում, որը մենք երթեւեկության անվտանգության ապահովում, որտեղ նաեւ ռուսաստանցի մեր գործընկերների աջակցությամբ մենք այդ ամեն ինչը կարող ենք եւ պատրաստ ենք եւ կապահովենք: Որեւէ կասկած դրանում չունենք»:

Այս հայտարարությունից հետո ԱԱԾ-ն ու ՊԵԿ-ը շտապ գործի անցան, սակայն սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանը հայտարարեց. «Օրերս հրապարակվեց կառավարության որոշման նախագիծը, որը ենթադրում է 3 անցակետ բացել Ադրբեջանի հետ սահմանին 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի իրականացման համար։ Ըստ այդ նախագծի՝ Ադրբեջանի քաղաքացիները եւ բեռնափոխադրողներն իրավունք կունենան օգտվելու Հայաստանի գործող ճանապարհներից՝ Ադրբեջանից Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն երթեւեկելու համար։ Հայաստանի իշխանությունն ուներ քաղաքական կամք՝ միակողմանի ընդունելու այդ որոշումը։ Բայց ադրբեջանցի պաշտոնյաները մեզ ասում են, որ իրենք այդ երթուղիների կարիքը չունեն։ Ի՞նչ են նրանք ուզում։ Նրանք ցանկանում են, որպեսզի նոր երթուղի կառուցվի։ Դա նույնպես ընդունելի է Հայաստանի համար, սակայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի համաձայն՝ նոր երթուղի կարող է կառուցվել կողմերի համաձայնությամբ։ Հայաստանը պատրաստ է կառուցել այնպիսի երթուղի, որը կգործի ՀՀ օրենսդրության համաձայն եւ ինքնիշխան վերահսկողության ներքո։

Այդ դեպքում ո՞րն է ադրբեջանական պնդումների իմաստը։ Ադրբեջանն ակնարկում է, որ Հայաստանը պետք է արտատարածքային միջանցք տրամադրի, եւ դա, ըստ իրենց, բխում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածից։ Եռակողմ հայտարարությունը հրապարակային փաստաթուղթ է, եւ 9-րդ հոդվածում ոչինչ չկա միջանցքի, արտատարածքայնության եւ այլնի մասին։ Ուրեմն ո՞րն է Ադրբեջանի նպատակը։ Ստեղծել նոր ճգնաժամ՝ որպես Հայաստանի դեմ նոր ագրեսիայի եւ նոր տարածքային պահանջի պատրվակ»։

Վերջերս վարչապետին հարցրել էինք, թե իր խոսքում նշված «նոր երթուղին» որ ճանապարհին է վերաբերում: Արդյոք պաշտոնական Բաքվի ցանկությունը Մեղրիով տրանսպորտային միջանցք ստանալն է, թե կան (նաեւ) այլ երթուղիներ։ Սրան ի պատասխան՝ ԱԳՆ-ից ընդամենը նշել են. «Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է, որպեսզի ադրբեջանական կողմը դադարեցնի 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին հակասող շահարկումները։ Որեւէ երթուղի ՀՀ տարածքով պետք է գործի բացառապես ՀՀ օրենսդրության համաձայն եւ ՀՀ ինքնիշխան վերահսկողության ներքո»։

Այդուհանդերձ, հարց է ծագում, թե ինչու է հայկական կողմն իր նախաձեռնությամբ որոշել անցակետեր բացել հենց Երասխում, Սոթքում ու Քարահունջում (վերջինում, ինչպես ասել է հենց Նիկոլ Փաշինյանը, 2021-ից կա թե՛ անցակետ, թե՛ մաքսակետ):

Բանն այն է, որ դեռ 2014 թ. փետրվարին ՀՀ կառավարությունը սահմանել է մեր երկրի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը, որը մինչ օրս գործում է (նման անվանացանկեր դրանից առաջ եւս եղել են, բայց 2014-ի որոշմամբ ուժը կորցրած են ճանաչվել): Ըստ այդմ՝ կա ՀՀ տարածքից դեպի Ադրբեջան (ներառյալ՝ Նախիջեւան) տանող 22 ավտոճանապարհ, որոնց մեծ մասը Սյունիքի մարզում են:

Ստորեւ ներկայացված քարտեզում այս 22-ին հավելել ենք նաեւ Քարահունջ-Էյվազլի ճանապարհը, որը Փաշինյանի կառավարությունը ցանկանում է շահագործել որպես միջպետական հաղորդակցության ուղի: Կառավարության 2014 թ. որոշման մեջ այս ճանապարհը միջպետական Մ-2 մայրուղու (Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանարեպետության սահման) մաս է կազմում եւ մինչ օրս առանձնացված չէ դրանից:

Ճիշտ է, վերոնշյալ 23-ի մեծ մասը միջգյուղական ճանապարհներ են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի միջեւ, հետեւաբար, տարօրինակ չպիտի լիներ այնպիսի ուղիների հավանական բացումը, որոնք ասֆալտապատ են: Մյուս կողմից՝ օգոստոսյան իր ելույթում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ նշել էր Տավուշի ուղղությամբ (Նոյեմբերյան, Իջեւան, Բերդ) ճանապարհ բացելու պատրաստակամության մասին: Այս հատվածում դեռ խորհրդային տարիներից ամենաբանուկ ուղղությունը եղել է Իջեւան-Ղազախ երթուղին, որով ոչ միայն ավտոմայրուղի է անցել (այսօր՝ Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման), այլեւ երկաթգիծ:

Այդուհանդերձ, ԱԱԾ-ն ու ՊԵԿ-ը ընտրել են հենց Երասխը, Սոթքն ու Քարահունջը: Ըստ այդ տրամաբանության՝ ստացվում է, որ «բուն» Ադրբեջանից դեպի Նախիջեւան ուղղությամբ երթեւեկողը պետք է ՀՀ տարածք մտնի Սոթքից կամ Քարահունջից ու դուրս գա Երասխից (եւ հակառակը՝ Նախիջեւանից մեկնողների համար):

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին հարցրել էինք. «Չնայած Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Նախիջեւան սահմանի երկայնքով կան հաղորդակցային այլ ուղիներ, օրինակ՝ Իջեւան-Ղազախ ճանապարհից մինչեւ Սյունիքի մարզի ծայր հարավ՝ Մեղրի-Նռնաձոր-Միջնավան-Հորադիզ ճանապարհ, կամ Շաղատ-Բիչենեկ, Ագարակ-Օրդուբադ, ի՞նչ տրամաբանությամբ ու հիմնավորմամբ է որոշվել անցակետեր տեղադրել հենց Երասխ, Սոթք եւ Քարահունջ հատվածներում»:  

ԱԱԾ մամուլի կենտրոնից ստացել ենք հետեւյալ պատասխանը. «ԱԱԾ-ն Երասխ, Սոթք եւ Քարահունջ բնակավայրերի մոտ ՀՀ պետական սահմանի նոր անցակետեր տեղադրելու նախագիծ ներկայացնելիս երթուղիների եւ բնակավայրերի ընտրությունը պայմանավորել է այն հանգամանքով, որ տվյալ բնակավայրերը գտնվում են Ադրբեջանի եւ ՀՀ-ի հետ հնարավոր հատման հատվածներում, ինչպես նաեւ հաշվի են առնվել տեղանքի ռելիեֆային առանձնահատկություններն ու անվտանգային նկատառումները»:

ԱԱԾ-ի ու ՊԵԿ-ի կազմած նախագծերի հանրային քննարկումն ավարտվել է դեռ սեպտեմբերի 2-ին, սակայն մինչ օրս դրանք չեն քննարկվել կառավարության նիստում:

Լուսանկարում՝ սահմանային հսկողություն Տեղ-Աղավնո հատվածում (2021 թ. փետրվար)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter