
Հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր կստեղծվեն
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, ըստ որի՝ հայ-ադրբեջանական պետական սահմանի երեք հատվածներում անցակետեր կստեղծվեն։ Նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ըստ ԱԱԾ-ի հրապարակած նախագծի՝ հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր կտեղադրվեն հետևյալ հատվածներում․
- «Սոթք» («Քելբաջար»)
Գեղարքունիքի մարզ, Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային (Քելբաջարի շրջան) - «Երասխ» («Սադարակ»)
Արարատի մարզ, Երասխ համայնք՝ ավտոմոբիլային (Սադարակի շրջան, գյուղ Սադարակ` ավտոմոբիլային) - «Քարահունջ» («Էյվազլի»)
Սյունիքի մարզ, Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային (Ղուբաթլուի շրջան, գյուղ Էյվազլի՝ ավտոմոբիլային)։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ այս նախաձեռնությունը պայմանավորված է 2022թ․ օգոստոսի 4-ին կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հանձնարարականների կատարման անհրաժեշտությամբ։
Պետական եկամուտների կոմիտեն էլ շրջանառության մեջ է դրել նախագծեր, համաձայն որոնց՝ նշված անցակետերում կսահմանվեն մաքսային հսկողության գոտիներ և կստեղծվեն մաքսակետեր։
Օգոստոսի 4-ի նիստի ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել Հայաստանի սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան: Նիստի ընթացքում կառավարության ղեկավարը դիմել էր ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին՝ հանձնարարելով իրականացնել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն կետը, ըստ որի՝ Հայաստանը պարտավորվել է տրանսպորտային կապ ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Հիշեցնենք՝ եռակողմ հայտարարության 9-րդ կետով սահմանված է հետևյալը․ «Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:
Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»։
Հավելենք, որ ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի ներկայացրած նախագծերն օրինական ուժ կստանան միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։
Լուսանկարը՝ president.am-ի
Մեկնաբանել