
Զախարովան մերկապարանոց է անվանել ՌԴ-ի կողմից՝ Հայաստանի առջև ստանձնած պարտավորությունների չկատարման մեղադրանքները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մերկապարանոց է անվանել ՌԴ-ի կողմից՝ Հայաստանի առջև ստանձնած պարտավորությունների չկատարման մեղադրանքները։ Այդ մասին նշվում է Զախարովայի տարածած պաշտոնական մեկնաբանության մեջ։
«Դրա հետ կապված ուզում ենք հիշեցնել, որ հենց մեր երկիրն է 2020 թվականի նոյեմբերին կանգնեցրել պատերազմը, ուղարկել խաղաղապահներ, որոնք տարածաշրջան խաղաղություն և կայունություն են բերել և մինչ օրս իրենց որոշիչ ներդրումն ունեն Բաքվի և Երևանի միջև զինված բախումների կարգավորման գործում։ Իսկ արտաքին ուժերի փորձերը՝ հասնելու ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերմանը, հենց ուղղված են Հարավային Կովկասի ապակայունացմանը»,- հայտարարել է Զախարովան։
Զախարովայի պնդմամբ՝ Արևմուտքը «փորձում է Հայաստանում սերմանել հակառուսական տրամադրություններ Վաշինգտոնի և Բրյուսելի հրահանգով գործող բազմաթիվ հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների միջոցով»։
«Տեսնում ենք, թե դրսից ինչ աննախադեպ ճնշման է ենթարկվում եղբայրական Հայաստանը։ Մեր երկրների և ժողովուրդների միջև բազմադարյա կապերին վնաս հասցնելու ձգտման հետ կապված քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու ուղղությամբ»,- հավելել է ռուսաստանցի պաշտոնյան։
Ըստ նրա՝ նման քայլերը օգուտ չեն տա, և Մոսկվան մտադիր է զարգացնել իր ռազմավարական հարաբերությունները Երևանի հետ։ «Բոլոր մակարդակներում շարունակում ենք աշխատել գործընկերների հետ՝ ի շահ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համակողմանի կարգավորման՝ ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը, խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, հումանիտար խնդիրների լուծումը, հասարակական և փորձագիտական երկխոսության հաստատումը։ Միևնույն ժամանակ խաղաղությանը հասնելու համար անհրաժեշտ է երկու կողմերի քաղաքական կամքն ու համաձայնությունը»,- եզրափակել է նա։
Լուսանկարը՝ РИА Новости-ի
Մեկնաբանել