HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արսեն Թորոսյանի ընտանիքի ձկնաբուծական նոր բիզնեսը

Առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես է սկսել Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում: «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը թեև պաշտոնյայի հայրն է՝ գյուղում ձկնաբուծարանն ավելի հայտնի է որպես «Արսեն Թորոսյանի ձկնաբուծարան»:

«Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2021թ. մայիսի 27-ին: Ընկերության հիմնադիրը եղել է Շավարշ Գրիգորյանը և նրա կինը՝ Էդիտա Գուրօղլյանը: Գրիգորյանը Արսեն Թորոսյանի նախարար աշխատած ժամանակահատվածում զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: Նա աշխատանքից ազատվել է 2020թ. դեկտեմբերին: Իսկ 2021թ. հոկտեմբերից մինչև 2022թ. ապրիլի 28-ը զբաղեցրել է ՊԵԿ նախագահի խորհրդականի պաշտոնը:

Մինչ նախարարի տեղակալ նշանակվելը, Շավարշ Գրիգորյանը եղել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար, ինչպես նաև զբաղեցրել է Սևանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենի պաշտոնը: Նա եղել է նաև առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանի օգնականը:

Պարզվում է, որ Շավարշ Գրիգորյանը ևս սեր ունի ձկնաբուծության հետ: Նրան է պատկանում խոշոր ձկնաբուծարաններից մեկի` «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ի բաժնեմասերի 16.67%-ը: Այն ձեռք է բերել 2021թ. ապրիլի 2-ին` «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի հիմնադրումից մոտ երկու ամիս առաջ:

«Մակ Ֆիշ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009թ․-ին: Ընկերությունը «Մաքս Ֆիշ» ընկերությունների խմբի անդամ է: Հիմնական գործունեությունը ձկնաբուծությունն է՝ թառափի, սաղմոնի, իշխանի և այլ ձկնամթերքի աճեցում և վերարտադրություն, ինչպես նաև ձկան և ծովամթերքի առևտուր։ Պատրաստի արտադրանքի մեծ մասն արտահանվում է Ռուսաստան:

Ընկերությանն են պատկանում Արարատի մարզի մի քանի գյուղերում արհեստական ձկնաբուծության համար նախատեսված լողավազաններ՝ մոտ 14 հա ընդհանուր մակերեսով։

«Մակ Ֆիշ» ՍՊԸ-ի բաժնետերերից է նաև դեղագործական ոլորտում հայտնի «Իննովաֆարմ» ՍՊԸ-ի 15% բաժնետեր Վահրամ Թորոսյանը: Նրան է պատկանում «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ի բաժնեմասերի 25%-ը:

Նշենք, որ հիմնադրումից ամիսներ անց «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերը փոխվել են: 2021թ. հոկտեմբերի 19-ից ընկերության 80% բաժնեմասը պատկանում է Արսեն Թորոսյանի հորը՝ Գևորգ Թորոսյանին: Իսկ 20%-ի սեփականատերը Արագածոտնի մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի հայրն է՝ Սարգիս Թադևոսյանը: Վերջինս նույնպես պաշտոն է զբաղեցրել Արագածոտնի մարզպետարանում: 2016թ. նշանակվել է Արագածոտնի արդեն նախկին մարզպետ ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանի օգնականի պաշտոնում: Օգնականի պաշտոնից ազատվել է 2017թ. օգոստոսի 11-ին: Մինչ այդ էլ աշխատել է հարկային մարմնում:

Նշենք, երբ Արսեն Թորոսյանն Առողջապահության նախարար էր, Ռազմիկ Թադևոսյանը եղել է նրա վարորդը: Այնուհետև դարձել է Թորոսյանի օգնականը, երբ վերջինս ընտրվել է ԱԺ պատգամավոր:  Ռազմիկ Թադևոսյանը Ազգային ժողովից էլ «գործուղվել» է Արագածոտնի մարզպետարան՝ ավելի մոտ գտնվելով երկու ընտանիքների համատեղ բիզնեսին:

Հողատարածքը, որտեղ գործունեություն է ծավալում «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն, գտնվում է Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում: Կադաստրի կոմիտեի տվյալների միասնական էլեկտրոնային բազայից ստացված տեղեկատվության համաձայն՝ հողի սեփականատերը ընկերությունում 20% բաժնեմաս ունեցող Սարգիս Թադևոսյանն է, ումից էլ «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն վարձակալել է 217 քմ արտադրական նշանակության հողատարածք և 9 ջրավազան:

Նշենք, որ Սարգիս Թադևոսյանը նաև «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի տնօրենն է:

Արսեն Թորոսյանի ընտանիքը՝ մարզպետի խորհրդականի ընտանիքի անդամների միջոցով «ընդլայնվում» է Արագածոտնի մարզում:

Արսեն Թորոսյանը, հոր՝ Գևորգ Թորոսյանի և Սարգիս Թադևոսյանի՝ «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ում բաժնետեր դառնալու հաջորդ օրը՝ 2021թ. հոկտեմբերի 20-ին, երկու միավոր հողատարածք է գնել Արագածոտնի մարզի Փարպի գյուղում: Այս տեղեկատվությունը նշված է պաշտոնյայի 2021թ. գույքի, եկամուտների, շահերի տարեկան հայտարարագրում:

Թորոսյանը հողատարածքները գնել է ընտանիքի նոր բիզնես գործընկերոջ՝ Սարգիս Թադևոսյանի կնոջից՝ Աննա Թադևոսյանից՝ համապատասխանաբար վճարելով 3 մլն 700 և 1 մլն 300 հազար դրամ:

Սարգիս Թադևոսյանը Փարպի գյուղից է: Այդ գյուղից է նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը: Այս գործոնով պայմանավորված՝ ոչ միայն Սարգիս Թադևոսյանի որդին է պաշտոն զբաղեցնում մարզպետարանում, այլև եղբորորդին՝ 27-ամյա Գալուստ Թադևոսյանը: Վերջինս էլ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն է:

«Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն ձկնաբուծությամբ զբաղվելու նպատակով ջրօգտագործման թույլտվություն ստացել է 2022թ. մարտի 10-ին, 3 տարի ժամկետով: ՍՊԸ-ն «անանուն աղբյուրից» (այդպես է նշված տվյալներում) վայրկյանում ստանալու է 60 լիտր ջուր:

Անշարժ գույք գնելու առումով 2021թ.-ն «բարեբեր» է եղել Արսեն Թորոսյանի համար: Նա, Փարպիում գնած հողատարածքներից բացի, երկու միավոր հողատարածք էլ ձեռք է բերել Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քարաշամբ գյուղում:

Հողատարածքներից մեկը 2 մլն 700 հազ. դրամով գնել է Քարաշամբի նախկին համայնքապետ  Զորիկ Խլղաթյանից: Վերջինս համայնքը ղեկավարել է 24 տարի` 1996թ․-ից մինչև 2020թ. սեպտեմբերի 18-ը:

Պատմության մասնագետ Զորիկ Խլղաթյանն այժմ Քարաշամբ գյուղի դպրոցի տնօրենն է: 

Մյուս հողամասը, որի արժեքը կազմել է 12 մլն 300 հազ. դրամ, ըստ հայտարարագրի, Արսեն Թորոսյանը գնել է Զորիկ Խլղաթյանի եղբորորդուց` 25-ամյա (գործարքի ժամանակ) Հենրիկ Խլղաթյանից:

Նշենք, որ Զորիկ Խլղաթյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրել է համայնքապետի պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր: Այդ ժամանակ Քարաշամբ գյուղում իր անունով ունեցել է 16 միավոր հողատարածք, մեկ առանձնատուն և հողին ամրակցված 2 միավոր անշարժ գույք: Մեկ միավոր հողատարածք էլ հայտարարագրել է Կոտայքի մարզի Արզական գյուղում:

Նշված անշարժ գույքերից երեքը միանձնյա սեփականություն են, մնացած 17-ը` կնոջ և այլ անձանց հետ համատեղ:

Զորիկ Խլղաթյանի կինը` Գայանե Իսախանյանը, ըստ հայտարարագրի, 2020թ. սեպտեմբերի 18-ի դրությամբ իր անունով Քարաշամբում ունեցել է 21 միավոր անշարժ գույք, որից 5 միավոր հողի նկատմամբ միանձնյա սեփականատեր է:

Արսեն Թորոսյանը 2020թ. սեպտեմբերին, կնոջ հետ համատեղ, 13 մլն 692 հազար դրամով հողատարածք է գնել նաև Ծաղկաձոր համայնքում:

Եկամուտներ, գումարներ…

2021թ. գույքի, եկամուտների, շահերի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Արսեն Թորոսյանի եկամուտները կազմել են մոտ 28 մլն 420 հազ. դրամ և 20 հազ 737 եվրո: Դրամային եկամուտներից 9 մլն 520 հազ․ դրամը Արսեն Թորոսյանի հոր՝ Գևորգ Թորոսյանի նվերն է որդուն: Մնացածը ստացել է պետական մարմիններից՝ աշխատավարձ կամ այլ եկամուտ: Ինչ վերաբերում է եվրոյով արտահայտված եկամուտին, Թորոսյանն այն  ստացել է ավստրիական «Bank Austria» բանկից:

Իշխանական պատգամավորը հայտարարագրել է նաև բանկերում պահվող դրամական միջոցներ` մոտ 12 մլն 464 հազ. դրամ, 20 հազ. դոլար և 31 հազ. եվրո:

2021թ. Ա. Թորոսյանը 17 մլն 750 հազ. դրամով ձեռք է բերել 2017թ. արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա: Նույն տարում 16 մլն 400 հազ. դրամով վաճառել է իր ունեցած BMW մակնիշի ավտոմեքենան:

Թորոսյանը կնոջ հետ համատեղ առանձնատուն ունի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում: Այն գնել է 2011թ․-ին:

Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի կնոջ` Վարդանուշ Թևանյանի եկամուտներին, 2021թ. տարեկան հայտարարագրում նշված է մոտ 34 մլն դրամ: Նշված գումարը ստացել է «ՄԻԲՍ» ՍՊԸ-ից՝ որպես աշխատավարձ և վարձակալության դիմաց ստացված վճար:

Որպես դրամական միջոց՝ Վ. Թևանյանը հայտարարագրել է 8 մլն 187 հազ. դրամ, 98 դոլար և 8 հազար 80 եվրո: Հայտարարագրում նշված է նաև կանխիկ դրամ` 1 մլն 500 հազ. դրամ:

Վարդանուշ Թևանյանը նաև խոշոր չափի ավանդներ ունի: Երեք ավանդների հանրագումարը 2021թ. վերջում կազմել է 51 հազ. 558 դոլար:

Նա 19 մլն 380 հազ. դրամ, որպես փոխառություն, հանձնել է «Ասիամեգաստրոյ» ՍՊԸ-ին: Վերջինս բազմաֆունկցիոնալ բնակարաններ կառուցող ընկերություն է: Չի բացառվում, որ Թորոսյանի կինն այդ ընկերությունից բնակարան է գնում, և վճարված գումարը կանխավճար է:

Պատգամավորի կինն ունի MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2019թ․-ին: 2021թ. 7 մլն դրամով վաճառել է իր BMW 535 մակնիշի ավտոմեքենան:

Արսեն Թորոսյանի ընտանեկան բիզնեսները

Ձկնաբուծությունից զատ, Արսեն Թորոսյանի ընտանիքն այլ բիզնեսներ էլ ունի: «ՄԻԲՍ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011թ․-ին: Այն բժշկական կենտրոն է: Ընկերությունը «Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոն»-ի իրավահաջորդն է: «ՄԻԲՍ» ՍՊԸ-ի չորս բաժնետերերից 3-ը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են: Նրանց է պատկանում ընկերության 90% բաժնեմասը:

2022թ. ապրիլի 14-ին «ՄԻԲՍ» ՍՊԸ-ի 10% բաժնետեր է դարձել Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը: Վերջինս նոր չէ ընկերությունում: Նա 2016-2017թթ. եղել է ընկերության տնօրենը՝ փոխարինելով ամուսնուն՝ Արսեն Թորոսյանին:

Այնուհետև ընկերության տնօրեն է դարձել դարձյալ Արսեն Թորոսյանը: Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2018թ. մայիսը: Այսինքն՝ Հայաստանում իշխանափոխությունից հետո Թորոսյանը առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնելու համար դադարեցրել է «ՄԻԲՍ» ՍՊԸ-ում տնօրենի գործունեությունը:

2018թ. մայիսի 29-ից մինչ օրս ընկերության տնօրենը դարձյալ Վարդանուշ Թևանյանն է: 

Ինչպես նշված է բժշկական կենտրոնի պաշտոնական կայքէջում, վերջինիս գործունեության հիմնական ուղղությունը ախտորոշիչ կենտրոնների ցանցի ստեղծումն է ՌԴ-ում և հարևան երկրներում: Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ տարածքում գործում է ավելի քան 94 «ՄԻԲՍ» կենտրոն: 

Նշենք, որ Թորոսյանի նախարար եղած ժամանակներից Առողջապահության նախարարությունը, պետպատվերի շրջանակներում, ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «ՄԻԲՍ» ընկերության հետ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այս փաստը շահերի բախում չէր ճանաչել:

Արսեն Թորոսյանի ընտանիքի ու ՌԴ քաղաքացիների բիզնես կապերն այդքանով չեն սահմանափակվում: 2011թ․-ին Թորոսյանը Սանկտ Պետերբուրգում գրանցված «Բեգեմոտ ավիա» ՍՊԸ-ի հետ հիմնադրում է «Թիքեթս Ռիյելթ Գրուպ» ընկերությունը: Թորոսյանը ընկերությունից դուրս է եկել 2014թ. դեկտեմբերին և իր փոխարեն ընկերության 30% բաժնետեր է դարձել «Թիքեթս Ռիյելթ Գրուպ» ՍՊԸ-ն՝ 30% բաժնեմասով: Մնացած 70% բաժնեմասը «Բեգեմոտ ավիա» ընկերությանն է:

Տուրիստական գործունեություն իրականացնող «Թիքեթս Ռիյելթ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրենը Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թևանյանը: Ըստ հարկային մարմնի տվյալների՝ ընկերության գործունեությունը ժամանակավոր դադարեցված է:

Արսեն Թորոսյանի հայրը՝ Գևորգ Թորոսյանը, ձկնաբուծությունից բացի, այլ գործունեությամբ ևս զբաղվել է: Նրան է պատկանում 1996թ․-ին հիմնադրված «Հիդրոսկոպ» ՍՊԸ-ի բաժնեմասերի 10%-ը: 

Հարկային մարմնի բաց տվյալների համաձայն՝ «Հիդրոսկոպ» ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է: Վերջինս իրականացրել է հիդրոտեխնիկական կառույցների, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի նախագծման, նախագծերի փորձաքննության գործունեություն:

Նշենք, որ Գևորգ Թորոսյանն աշխատել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի  ընդերքի գործակալությունում, որպես երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ: Մամուլում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ 2021թ․-ին աշխատանքի է անցել Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ում։

ՊՈԱԿ-ից փորձեցինք ճշտել՝ արդյոք Գևորգ Թորոսյանն այնտեղ է աշխատում: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանի ընդունարանից նախ ճշտեցին, թե ինչի համար ենք հարցնում, ինչ նյութ ենք հրապարակելու: Այնուհետև գործավարը, հավանաբար խորհրդակցելով տնօրենի հետ, խորհուրդ տվեց գրավոր դիմել և նշել, թե ինչ նյութի համար է տեղեկատվությունը:

Ձկնաբուծարանի լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Շավարշ Գրիգորյանի լուսանկարը՝ «Հրապարակ»-ի

Մեկնաբանություններ (1)

Diko
Come on for God sake, the is a businessman.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter