
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վլադիմիր Պուտինի հրավերը՝ Սոչիում եռակողմ հանդիպման վերաբերյալ
Ազգային ժողովում պատգամավորների ու Կառավարության անդամների հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Սարգիս Խանդանյանի հարցին, նշեց, որ հաստատել է իր մասնակցությունը հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպմանը: Վարչապետը, սակայն, տեղեկություն չունի՝ Ադրբեջանի նախագահը հաստատե՞լ է իր մասնակցությունը, թե՞ ոչ:
«Վերջին անգամ եռակողմ ֆորմատով հանդիպում տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին: Կարծում եմ ամենակարևոր ակնկալիքները կապված են այս ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների գնահատականի և մեկնաբանության հետ: Ընդ որում՝ կարող եմ ավելի հետ գնալ և հասնել մինչ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն: Կարծում եմ՝ շատ կուտակված հարցեր կան, որոնց վերաբերյալ որոշակի մտքերի փոխանակում, պարզաբանումներ, հարցադրումներ պետք է հնչեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ հարցերի օրակարգը բոլորին հայտնի է՝ սկսած Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության գործից: Նա հիշեցրեց, որ այս տարվա մարտին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել էին Ռուսաստանի խաղաղապահների կողմից վերահսկվող գոտի:
«Չեմ թաքցրել, որ մեզ համար այդքան էլ հասկանալի չէ խաղաղապահների կողմից արձագանքի բացակայությունը»,-հավելեց Ն. Փաշինյանը:
Վարչապետը խոսեց նաև միջանցքի մասին հայտարարությունների մասին, որոնք հնչում են ոչ միայն Ադրբեջանի, այլև Ռուսաստանի որոշ անձանց կողմից:
Նիկոլ Փաշինյանի համար զարմանալի է նաև, որ 2022թ․ սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ագրեսիայից հետո գործընկերները մինչ օրս հստակ քաղաքական դիրքորոշում չեն հայտնել: Այս հարցերը ևս Փաշինյանն ակնկալում է քննարկել հանդիպման ժամանակ:
Մեկնաբանել