HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Տուրիստական որոշ ընկերություններ գումարով վիզաների հերթագրման համակարգում օրեր են ամրագրում

Երևանում գործող տուրիստական մի շարք գործակալություններ գումարի դիմաց դեսպանատներ Շենգեն վիզաների հայտեր ներկայացնելու օրեր են ամրագրում։

Վերջին շրջանում «Հետքի» խմբագրությունը քաղաքացիներից բողոքներ էր ստանում, որ եվրոպական երկրների դեսպանատներում մեծ հերթեր են և առաջիկա ամիսների համար դեսպանատանն օր ամրագրել հնարավոր չէ, այնինչ որևէ տուրիստական գործակալություն դիմելիս վերջիններս կարողանում են դեսպանատուն մտնելու օր ամրագրել։

Մեզ դիմած քաղաքացիներից մեկը՝ Կարինե Ստեփանյանը, պատմում է, որ Գերմանիա մեկնելու համար ցանկացել է դեսպանատուն դիմել, անընդհատ ստուգել է կայքը օր ամրագրելու համար, բայց ոչ մի ազատ օր չի եղել։

Նրա ընկերներից մեկն ասել է, որ կարող է դիմել տուրիստական գործակալությունների, որոնք շատ արագ դեսպանատուն վիզայի հայտ ներկայացնելու օր կամրագրեն որոշակի գումարի դիմաց։

Կարինեն կարծել է, թե դա անօրինական է և որոշել է բարձրաձայնել՝ դիմելով մեզ։

«Հետքի» լրագրողն այցելել է Երևանում գործող մի քանի տուրիստական գործակալություններ, ներկայացել որպես քաղաքացի, որն ուզում է եվրոպական որևէ երկիր գնալ, բայց չի կարողանում դեսպանատուն մտնելու օր ամրագրել։

Որոշ գործակալություններում մեզ ասել են, որ ոչ մի առավելություն չունեն ու չեն կարող ոչինչ անել։ Որոշ տեղերում առաջարկել են 15 000 - 50 000-ի դիմաց դեսպանատան օր ամրագրել։

Ի՞նչ ձևով են դեսպանատուն այցելության օր ամրագրում տուրիստական ընկերությունները

Մեր այցելած բոլոր տուրիստական գործակալություններում ասել են, որ որևէ պայմանավորվածություն չունեն դեսպանատների հետ ու բացատրել օր ամրագրելու կարգը։ 

Գիշերվա ժամերին՝ 2:00-5:00-ն, բացվում է եվրոպական կոնկրետ երկրի դեսպանատան կայքերի հերթագրման համակարգի ազատ օրերի հատվածը, բայց ազատ օրերը շատ արագ ամրագրվում են, հիմնականում քաղաքացիներն ինքնուրույն չեն կարող անել դա և դիմում են տուրիստական ընկերությունների։ 

Ստացվում է, որ տուրիստական գործակալությունները որոշակի գումարի դիմաց անում են քաղաքացու գործը՝ դեսպանատուն մտնելու օր են ամրագրում։ 

Առաջինն այցելել ենք «Դուետ թրավել» տուրիստական գործակալություն։ Այստեղ մեզ առաջարկեցին դեսպատանուն մտնելու համար օր վերցնել գիշերվա ժամերին։ 

«Ոնց դուք եք վերցնում, էնպես էլ մենք ենք վերցնում: Գիշերը ժամը 2-ից 3-ը անընդհատ փորձե՛ք, ուրիշ բան ասել չենք կարող»,- մեզ հայտնեց «Դուետ թրավել» տուրիստական գործակալության աշխատակիցը։

«Երևան տուրում» հայտնեցին, որ իրենք նման գործունեությամբ չեն զբաղվում և առաջարկեցին դիմել մեկ այլ ընկերության։ «Երևան տուր» ընկերության աշխատակիցը զանգահարեց այլ գործակալության աշխատակցի, վերջինս չպատասխանեց զանգերին։ Այնուհետև նա խորհուրդ տվեց դիմել «Դեմար թրավել» ընկերությանը, ինչը և արեցինք։

Ընկերության աշխատակցին ասացինք, որ պետք է մեկնենք Գերմանիա։ Վերջինս միանգամից պատասխանեց, որ օր ամրագրել հնարավոր է միայն գումարով. 

«Դեսպանատների վիճակն ահավոր ա, մենակ գումարով։ Ծառայությունը վճարովի ա, էդ փողն էնպես չի, որ իմ գրպանն ա գնալու։ Ես էդ տեղը վերցնում եմ, ամեն դեպքում էդ գումարը տալիս եմ ուրիշ մարդու, որ էդ տեղը վերցնի։ 99 տոկոս երաշխավորում եմ, որ կստացվի, որովհետև դեռևս բողոքներ չենք ունեցել»,- ասաց նա։

«Դեմար թրավել» ընկերության աշխատակիցը մեզ ասաց, որ օր ամրագրելու համար պետք է թողնենք մեր անձնագիրը և գումար՝ 30 000 դրամ։ 

«Էդ գործը շատ դժվար ա, եթե հեշտ լիներ, ես ամբողջ գիշեր չէի քնի, ինքս կանեի ու էդ 30 000-ն իմ գրպանը կդնեի, բայց քանի որ ես չեմ անում, տալիս եմ էնպիսի մարդու, ով որ անում ա։ Էդ մարդիկ ամեն օր գիշերը՝ 12-ից մինչև առավոտյան 7-ը չեն քնում, որ օր բռնեն, բարդ ա։ Մինչև փորձեք ամրագրել, արդեն տարած կլինեն»,- ասաց «Դեմար թրավելի» ներկայացուցիչը։

Հաջորդիվ այցելել ենք «Սիդոն թրավել» տուրիստական ընկերություն։ Այստեղ մեզ հայտնեցին, որ նախկինում գումարի դիմաց օրեր ամրագրում էին, բայց այժմ չեն անում, քանի որ ժամանակ չունեն։

«Ազատ տեղերը բացվում են գիշերվա ժամերին, էդ ժամերին էլ աշխատող չունենք, որ նստի օր վերցնի, զուտ դա ա պատճառը։ Մենք արդեն բավական ժամանակ ա չենք զբաղվում, քանի որ գերծանրաբեռնված ենք, չենք հասցնում։ Հիմա ոչ մի դեսպանատան համար օր չենք պահում»,- ասաց «Սիդոն թրավել» ընկերության աշխատակիցը։

«Արմենիա թրավել» ընկերությունից մեզ նույն պատասխանը տվեցին․ «Այն, ինչ պետք է անեք դուք, նույնն անելու ենք մենք, ոչ մի առավելություն չունենք։ Եթե փաթեթ ենք հավաքում, հա՛, բայց եթե օր պետք ա վերցնենք, բացում ենք կայքը, նույն ձևի նայում ենք՝ կա՞ օր, թե՝ չկա»,-ասաց աշխատակիցը։

Նա առաջարկեց մեզ թողնել անձնագիրը, որպեսզի օրվա ընթացքում կարողանան օր վերցնել, եթե ստացվի, կամ առաջարկեց փորձել ինքներս, կեսգիշերին։

«Արարատ տուր» տուրիստական ընկերությունում մեզ ասացին, որ եթե մեր ցանկացած երկիր մեկնելու փաթեթը ձեռք բերենք իրենց գործակալությունից, կարող են որևէ կերպ օր վերցնել, հակառակ դեպքում ոչինչ անել չեն կարող։

«Իտակա տուր» տուրիստական ընկերությունում էլ ասացին, որ առհասարակ նման հարցերով չեն զբաղվում։ 

«Արմբրիջ» տուրիստական ընկերությունից հայտնեցին, որ գները բարձրացել են, նախկինում ծառայության համար վճարում էին ավելի քիչ, այժմ ծառայությունն արժե  50 000 դրամ։ 

«Հետքը» դիմել է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին։ Տեսչության հանրային կապերի բաժնի պետ Էրիկ Աստվածատրյանը մեզ հայտնեց, որ տուրիստական գործակալությունների նման գործունեությունն անօրինական է, համարվում է ապօրինի վարձատրություն ու չի վերահսկվում տեսչական մարմնի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter