
Ալիևն ու Օվերչուկը քննարկել են Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 27-ին, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ քննարկել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Այդ մասին նշվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հարցերը, որը ստեղծվել է նոյեմբերի 10-ի (նկատի ունեն նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հեղ․) հայտարարության իրագործման շրջանակներում տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ։
«Հանդիպման ընթացքում գոհունակություն է հայտնվել ռուս-ադրբեջանական հարաբերությունների դինամիկ զարգացման և տարբեր ոլորտներում, այդ թվում առևտրատնտեսական, տրանսպորտափոխադրման և էներգետիկ, երկու երկրների միջև համագործակցության ներկայիս վիճակի վերաբերյալ։ Բոլոր ուղղություններով ընդգծվել է առաջընթացն ու առևտրաշրջանառության աճը»,- նշում է ադրբեջանական կողմը։
Օվերչուկը Բաքվում է՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական համաժողովին, որին մասնակցում են նաև ռուսաստանցի մի շարք պաշտոնյաներ և գործարարներ, այդ թվում՝ այդ երկրի էկոնոմիկայի նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, Роснефть-ի ղեկավար Իգոր Սեչինը և ВТБ-ի նախագահ Անդրեյ Կոստինը։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել