HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայկական բեռնատարները կուտակվել են Լարսում. մի մասը հետ է գալիս փչացած ապրանքով

Բեռնափոխադրող «Սպիննակեր գրուպ» ընկերության բեռնատարները արդեն 12 օր է, ինչ փորձում են հատել Լարսի անցակետը Ռուսաստան հասնելու համար: Սովորաբար, երբ խնդիրներ չեն լինում, մեքենաները մինչև հինգ օրում հասնում են Ռուսաստան, սակայն մոտ երեք շաբաթ է՝ Լարսում կուտակումներ են:

«Յուրաքանչյուր բեռնատար ստուգում են՝ ռենտգեն են անում: Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո բեռնատարների նկատմամբ վերահսկողությունը մեծացել է:  Եթե նախկինում մեկ ընկերության մեքենաների մի մասն էին ստուգում ամբողջությամբ, ապա՝ հիմա բոլորը: Այստեղից էլ առաջացել են այս հերթերը: Մեր տեղեկություններով՝ դա ռուսական կողմի պահանջն է: Նաև տեղեկություններ են շրջանառվում, որ հայկական որոշ բեռնատարների դեպքում լուրջ խախտումներ են հայտնաբերվել: Դա էլ իր հերթին է առիթ հանդիսացել, որ ստուգեն բոլոր մեքենաները»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց ընկերության համահիմնադիր Նորայր Գևորգյանը: 

Այս օրերին հատկապես գյուղմթերք և ձուկ տեղափոխող բեռնափոխադրողներն են անհանգստացած: Նրանց մի մասը մեքենաները հետ է բերում Հայաստան, որպեսզի ապրանքը չփչանա: Թարմ ձուկը, օրինակ, հետ է բերվում և սառեցվում: Որոշներն էլ չեն հասցնում ժամանակին տեղ հասցնել, և բեռնատարները հետ են գալիս Հայաստան արդեն փչացած ապրանքով:

Տեսանյութում վրացական կողմում առաջացած հերթերն են այսօրվա՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ: 

Տեսանյութը տրամադրել է Նորայր Գևորգյանը

Ինչպես երևում է տեսանյութում, բավականին շատ են նաև գյումթերքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերության բեռնատարները, ինչպես նաև՝ «Մարիաննա» կաթնամթերքի և այլ ապրանքանիշերի գովազդներով բեռնատարներ: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պնդում է, որ խնդիրը իրենց իրավասության շրջանակներից դուրս է

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղյակ են Լարսի կուտակումների մասին, սակայն, համարում են, որ իրենք այս պահին ոչինչ անել չեն կարող:

«Խնդիրը պայմանավորված է նրանով, որ ռուսական կողմը շատ խստացրել է անցակետերում հսկողությունը: Այդ իսկ պատճառով նման մեծ խցանումներ են: Բայց խնդիրը մեր նախարարության իրավասության շրջանակներից դուրս է»,- մեզ հետ զրույցում ասաց նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:

Ըստ նրա՝ թողունակությունը խիստ նվազել է, և մեքենաների հոսքը շատ դանդաղ է առաջ շարժվում: Հարցին՝ նախարարությունը ի՞նչ ելք կամ տարբերակներ է տեսնում այս խնդիրը լուծելու համար, խոսնակը կրկին պատասխանեց, որ այս պահին դրությամբ դա իրենց իրավասությունների շրջանակում չէ: 

Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը, որն անցնում է վրաց-ռուսական սահմանով՝ Հյուսիսային Օսիայի Վերին Լարսի անցակետով, հայ բեռնափոխադրողները պարբերաբար հանդիպող խոչընդոտներով են հաղթահարում։ 

Ռուսական շուկայից ունեցած կախվածության հետևանքով ամեն անգամ, երբ Լարսում կուտակումներ են առաջանում, հայ արտահանողները էական կորուստներ են ունենում: Այս անգամ կուտակումները արդեն երեք շաբաթ են:  

«Բոլորը տեղյակ են խնդրից, բայց լուծող չկա: Մեզ մնացել է միայն սպասելը»,- ասում է «Սպիննակեր գրուպ»-ի համահիմնադիր Նորայր Գևորգյանը: 

Խնդիրը կարող է նաև քաղաքական պատճառներ ունենալ. պետությունը պետք է բարձրաձայնի այն

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախկին նախարար Աշոտ Հակոբյանը այժմ զբաղվում է հոլանդական վարդերի մշակմամբ ու արտահանմամբ: Արտահանման ենթակա վարդերը արդեն 14 օր է՝ մնացել են Լարսի ճանապարհին: Մի մասն արդեն փչացել է և ոչնչացվել:

Աշոտ Հակոբյանի տեղեկություններով՝ խնդիրը ռուսական կողմում է միայն, այն էլ՝ հատկապես հայկական բեռնատարների նկատմամբ: Վրացական կողմում խնդիրներ չկան:

«Ասում են, որ Ղրիմի կամրջի պայթյունից հետո է այդպես որոշվել: Ես ենթադրում եմ նաև քաղաքական պատճառներ կան: Հակառակ դեպքում՝ այս պահին ոչ ձյուն կա, ոչ անանցանելի ճանապարհ և նույնիսկ ռենտգենով ստուգումների պարագայում մեքենաները պետք է արագ անցնեին»,- ասում է Հակոբյանը:

Ըստ նրա՝ որպես Լարսի ցամաքային ճանապարհին այլընտրանք, իշխանությունները խոսում են լաստանավի գործարկման մասին, սակայն դա այդպես էլ չի իրականանում: 

Աշոտ Հակոբյանի կարծիքով՝ հայկական կողմը՝ պատկան մարմինները, այսօր նախևառաջ պետք է բարձրաձայնեն այս խնդրի մասին, պարզեն իրական պատճառները՝ քաղաքակա՞ն են, տնտեսակա՞ն, թե՞ զուտ անվտանգային միջոցառումներ են ռուսական կողմից: Որքան էլ նախարարությունը պնդում է, որ խնդրի կարգավորումը իրենց իրավասությունների շրջանակում չէ, գոնե, պետք է տեղեկատվությամբ ապահովեն արտահանողներին, որ վերջիններս էլ իրենց անելիքները ճիշտ ծրագրեն: 

«Խնդիրը թաքցնելով՝ հարց չեն լուծում: Եթե պետական մարդակով խնդիրը բարձրաձայնվի, կողքի պետությունն էլ լսի, որ այստեղ դա պետական մակարդակով է արվում, դժգոհություն կա, խնդիր կա, կարող է քայլեր ձեռնարկել: Բայց պետությունը ավելի շատ գերադասում է նստել ու լռել: Կարող են Ռուսաստանի ու Վրաստանի դեսպաններին հանձնարարել ճշտել, թե ինչ է իրականում կատարվում»,- ասում է Աշոտ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն է: Հայկական ապրանքների, հատկապես՝ գյուղմթերքի ու սննդամթերքի արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է: 

Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներով՝ 2022 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 1 մլրդ 62 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրկնապատկվել է: Հայաստանի արտահանման կազմում Ռուսաստանի տեսակարար կշիռը հասել է 36.3%-ի:

Նույն ժամանակաշրջանում Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է 1 մլրդ 580 մլն դոլարի ապրանք (աճը՝ 55.3%): Դա կազմել է նշված ութ ամիսներին Հայաստանի ներմուծման 32.2%-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter