
Հանքակուտակի հանքերևակման ուսումնասիրությունների վերաբերյալ հանրային լսումները կայացել են
Ստեփանավան համայնքի Ուրասար գյուղի բնակիչները հակված չեն դրական եզրակացություն տալ Հանքակուտակի հանքերևակման տարածքում ոսկի-բազմամետաղների ուսումնասիրությանը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ուրասար բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Մանուկյանը։
Այսօր Ուրասարում հանրային երկրորդ լսումներն են կայացել Լոռու մարզի Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակումների տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու հայտի վերաբերյալ: Դրան ներկա է եղել նաև նախաձեռնեղ հայկական «Հայասա ռեսոուրսիս քորփ» ՍՊԸ- բաժնետեր «Ֆրեմոնդ Գոլդ էլթիդի» հանրային ընկերության բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Ռիք Բրաունը:
«Հայասա ռեսոուրսիս քորփ» ՍՊԸ-ն մտադիր է որոնողագնահատողական աշխատանքներ իրականացնել 3392 հա մակերեսով տարածքի վրա։ Այդ տարածքներն ամբողջությամբ ներառված են Ստեփանավան խոշորացված համայնքի Ուրասար և Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրերի վարչական սահմաններում։
Ինչպես պատմեց Գևորգ Մանուկյանը, հանրային քննարկումներն ընթացել են քաղաքակիրթ մթնոլորտում: Բնակիչները հարցեր են ուղղել ընկերության ներկայացուցիչներին, հիմնականում բնությունը չվնասելու վերաբերյալ, սակայն պատասխանները նրանց այնքան էլ չեն գոհացրել:
«Բնակիչների մեծ մասը դեմ էին ուսումնասիրություններին: Գյուղն ուզում ենք տուրիստական բնակավայր դարձնել, արդեն քայլեր ենք արել, տարածքներ ենք կանաչապատել, ներդրողներ ունենք, որոնք տուրիստական գոտիներ են զարգացնում, ջրաշուշանի լիճը տուրիստական մեծ հոսքեր է բերում: Իսկ մի վայրում, որտեղ շատ հանքեր կան, իսկ մեզ մոտ արդեն մեկը կա (Արմանիսը նկատի ունի-հեղ.), մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այլևս չեն գալիս»,- պատմեց Գևորգ Մանուկյանը:
Գյուլագարակ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ Պուշկինո գյուղում նույնպես այսօր հանրային լսումները կայացել են, սակայն քիչ թվով բնակիչներ են ներկա եղել` պայմանավորված դաշտային աշխատանքներով և նաև այն հանգամանքով, որ գյուղը հիմնականում ամառանոցային է և նվազ բնակեցված: Հանրային լսումներին 8-10 բնակիչ է մասնակցել, այդ պատճառով համայնքի ղեկավարը մտադիր է մեկ անգամ ևս հանդիպել գյուղացիներին, որպեսզի վերջնականապես հասկանա` ինչ կարծիք տա համայնքը լսումների վերաբերյալ:
Ավստրալիայի քաղաքացի Դ․ Մուրի հիմնադրած մեկ այլ՝ «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ն մտադիր է Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում ուսումնասիրություններ կատարել: Այդ նպատակով Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններից 94 քառ. կմ տարածք է հայցում, որը համընկնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) վարձակալած տարածքի հետ: Հիմնադրամը Վարդահովիտ գյուղի վարչական տարածքից 2016-2017թթ. ավելի քան 5000 հա հողատարածք է վարձակալել և իրականացնում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի միգրացիոն միջանցքի ստեղծման նախագիծը:
Լուսանկարում` Ուրասարի ջրաշուշանների լիճը
Մեկնաբանել