HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախահայությունն ակնկալում է համազգային անվերապահ աջակցություն․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 28-ին ելույթ է ունեցել Երեւանում ընթացող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ։ Ելույթի խոսքն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Նախ ուզում եմ ջերմորեն ողջունել ձեզ՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի բոլոր մասնակիցներիդ:

Մենք միշտ կարևորել ենք նման ներկայացուցչական միջոցառումների անցկացման նշանակությունը համայն հայության համար՝ մայր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում: Իսկ ներկա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում այն դառնում է կրկնակի պահանջված ու արդիական: 

Այսօր հայ ժողովրդի առջև ծառացած են այնպիսի լրջագույն խնդիրներ ու մարտահրավերներ, որոնց լուծման ու դիմագրավման համար անհրաժեշտ է ողջ համազգային ներուժի ու ջանքերի համատեղում, միավորում մեկ գաղափարի շուրջ: Այդ գաղափարը   հայոց անկախ պետականության ամրապնդումն ու զորացումն է, ինչի առանցքային գրավականը միշտ եղել է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը: Դրա փոքր իսկ թուլացումը կարող է բերել աղետալի հետևանքների: Ուստի, խիստ կարևոր է այս եռամիասնությանը վերաբերվել որպես արժեքների ու շահերի անքակտելի ամբողջականության:

2020 թվականի 44-օրյա պատերազմը բոլորիս կանգնեցրել է նոր իրողությունների առջև: Մենք ունեցել ենք թանկ ու անդառնալի կորուստներ. կորցրել ենք մեր հերոս զավակներին, մեր պատմական հայրենիքի մի մասը: Այսօր համայն հայության աջակցությամբ Արցախը մեծ դժվարությամբ փորձում է ոտքի կանգնել ու ամոքել իր վերքերը, փորձում է ապրել ու արարել, ինչպես դարեր շարունակ՝ տեր կանգնելով իր հողին, իր պատմությանն ու ապագային:  

Սակայն, ցավոք սրտի, հայ ժողովրդին սպառնացող վտանգները չեն չեզոքացել, ավելին՝ դարձել են առավել առարկայական ու ահագնացող նաև մայր Հայաստանի տարածքում: Այդ իսկ պատճառով, մենք այլ ճանապարհ չունենք, քան համախմբվել՝ անկախ ամեն ինչից: Այսօր բոլորիս համար առաջնային ու գերակա պետք է լինի միայն ու միայն ազգային ու պետական շահը: 

Մենք պարտք ունենք մեր հերոս նահատակների առջև, ովքեր հանուն հայրենիքի պաշտպանության զոհաբերեցին ամենաթանկը՝ սեփական կյանքը: Պարտք ունենք մեր պապերի և գալիք սերունդների առջև: Ուժեղ Հայաստանին, Արցախին ու Սփյուռքին այլընտրանք չկա: Սա պետք է լինի մեր հստակ ու անկասելի ուղերձն աշխարհին:    

Թանկագի՛ն բարեկամներ,

Այս գագաթնաժողովին ներկա են մարդիկ, որոնք ներկայացնում են տարբեր գիտական, մասնագիտական, գործարար, երիտասարդական շրջանակներ, կառույցներ ու կազմակերպություններ աշխարհի շատ երկրներից: Վստահ եմ, որ այդ ներուժը առավելագույնս կնպաստի օրակարգում ընդգրկված ռազմավարական խնդիրների համապարփակ ու բազմակողմանի քննարկմանը, դրանց լուծման արդյունավետ ուղիների ու մեխանիզմների մշակմանը, համապատասխան առաջարկությունների ու ծրագրերի ներկայացմանը: Հուսամ, որ բոլոր քննարկումներում ու ձեռնարկումներում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ շաղախված ազգային շահերի պաշտպանությունը կլինի հիմնական առանցքն ու նպատակը, և Արցախը որևէ կերպ չի անտեսվի՝ որպես այդ եռամիասնության անբաժանելի հենասյուն:

Հայ ժողովրդի ամենամեծ  հարստությունն աշխարհով մեկ սփռված իր զավակներն են,  որոնց միավորումը կարող է դառնալ փրկության այն միակ օղակը, որն այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է և՛ Հայաստանին, և՛ Արցախին, և՛ Սփյուռքին: Իսկ արցախահայությունը վճռականորեն շարունակում է իր պայքարը՝ ապրելով Արցախում և ակնկալելով համազգային անվերապահ աջակցություն բոլորիս Հայրենիքի մի կարևոր հատվածը պահպանելու և զարգացնելու գործում:

Հենց այս համոզմունքով ու հորդորով էլ ուզում եմ ավարտել խոսքս և բոլորիդ մաղթել խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ՝ ի նպաստ Հայրենիք-Սփյուռք կապերի շարունակական ամրապնդման, համահայկական շահերի անսասան պաշտպանության ու համազգային ծրագրերի իրականացման»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter