HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Շրջափակման մեջ հայտնված երկու եղբայրներից մեկն է կարողացել դուրս գալ. «Քիմիկների» գործով նախնական լսումներն ավարտվեցին

Հոկտեմբերի 27-ին Երևանի Հակակոռուպցիոն դատարանում կայացավ N զորամասի (առավել հայտնի է՝ «Քիմիկների զորամաս» անունով) 40 զինծառայողների զոհվելու, գերեվարվելու և անհետ կորելու մասին քրեական գործի նախնական դատալսումների փուլը: Նախորդ բոլոր հինգ նիստերը կամ հետաձգվել, կամ չէին կայացել։ 

Հարուցված քրեական գործի շրջանակում քննվում են 2020թ․ հոկտեմբերի 21-ին Կովսականում (Զանգելան) տեղի ունեցած դեպքերը, երբ 62 հոգանոց «Քիմիկների» խումբը հայտնվել էր շրջափակման մեջ։

Քրեական գործում որպես մեղադրյալներ ներգրավված են 4 հոգի՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, վերը նշված զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը, զորամասի շտաբի պետ Սարգիս Կուլակչյանը և զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանը։ 

Անդրանիկ Մակարյանը  մեղադրվում է ռազմական դրության պայմաններում իշխանության անգործության, Արսեն Աբգարյանը՝ իշխանության անգործության եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, Սարգիս Կուլակչյանը՝ իշխանության անգործությանն օժանդակելու, իսկ Էլլադա Հարությունյանը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

Նիստի ընթացքում ներկայացվեցին միայն Սարգիս Կուլակչյանի պաշտպան Մարտիկ Մարտիրոսյանի միջնորդությունները, որոնցից երկուսը՝ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ գործից մաս անջատելու վերաբերյալ միջնորդությունները դատարանը մերժեց, իսկ ՀՀ քննչական կոմիտեից եւ ԶՈՒ գլխավոր շտաբից նյութեր պահանջելու եւ գործին որպես ապացույց կցելու միջնորդությունները հետաձգեց։

Դահլիճում տուժողների իրավահաջորդների մեջ էր գործում՝ որպես տուժող, տուժողի իրավահաջորդ և վկա ներգրաված Դավիթ Կատանյանը։ Դավիթը և իր կրտսեր եղբայր Նարեկ Կատանյանը 2020թ․ հոկտեմբերի 21-ին Կովսականում շրջափակման մեջ ընկած 62 հոգանոց  խմբի մեջ էին։ Դավիթ Կատանյանը 21 զինակիցների հետ կարողացել է դուրս գալ շրջափակումից, իսկ եղբայրը զոհվել է, խմբից 5-ը պատերազմից հետո վերադարձել են գերությունից, մնացած 34-ը կա'մ զոհվել են, կա'մ անհետ կորած են, կա'մ գերի են ընկել։ 

Դավիթ և Նարեկ Կատանյանները Հայանիստ գյուղից են, 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին՝ արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրը, կամավոր ներկայացել են Մասիսի զինկոմիսարիատ՝ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով։

Սեպտեմբերի 29-ին արդեն եղել են Կապանի զորամասում, որտեղից մեկնել են Ջրական և մասնակցել մարտական գործողություններին։

Հոկտեմբերի 16-ին վերադարձել են Կապանի զորամաս, որտեղ հոկտեմբերի 20-ին նրանց՝ 12 հոգանոց հետախուզական ջոկատի և «Քիմիկների»՝ ՌՔԿՊ ( ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության) զորամասից 50 հոգանոց խմբի հետ հանդիպել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ Անդրանիկ Մակարյանը. 

«Գեներալը հոկտեմբերի 20-ի առավոտ ժամը 06:00-ին Կապանի զորամասում հավաքեց մեզ ու ասեց, որ Զանգելան 12-15 հոգանոց ադրբեջանական խումբ է մտել, պետք է մտնենք, «սանրենք» տարածքը, հայտնաբերենք և ոչնչացնենք հակառակորդին, ինքը՝ գեներալը, անձամբ է մասնակցելու գործողությանը, մեկ ուրիշ խմբի հետ լինելու է սարի մյուս կողմում։ Հետո էինք իմանալու, որ Զանգելանում ադրբեջանական 500 հոգանոց խումբ է մեզ սպասում»,- պատմում է Դավիթ Կատանյանը։ 

Այնուհետև, «Քիմիկների» զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանի ուղեկցությամբ, երեք ավտոբուսով՝ ընդհանուր 62 զինծառայող, շարժվում են դեպի Կովսական։ Ժամը 07։00 սահմաններում խումբը հասնում է Կովսական քաղաքի սկզբնամաս, սակայն տեղի դպրոցից 500-600մ վրա հայտնվում է ադրբեջանական զինված ուժերի շրջափակման մեջ։ Նկատելով աջ բլրի վրա հակառակորդի զինված խմբերին և դպրոցի վրա ադրբեջանական դրոշը՝ ավտոշարասյունը կանգնում է, զորամասի հրամանատարի տեղակալ մայոր Արմեն Բադեյանը տալիս է շրջանաձև պաշպանության անցնելու հրաման, և անձնակազմը դիրքավորվում է շրջակայքում։

Աջ բլրից ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ են բացել հայ զինծառայողների ուղղությամբ։ Հակառակորդը, ունենալով թվային և տեխնիկական միջոցների առավելություն, աստիճանաբար նրանց առել է օղակի մեջ։ Փաստացի, մարտի մեջ բռնված 62 հոգանոց անձնակազմից միայն 22 զինծառայողի է հաջողվել դուրս գալ։

Զինադադարից հետո՝ 2021թ․-ի հունվարի 9-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության ջոկատները, Դավիթ Կատանյանի ուղեկցությամբ, որոնողական աշխատանքներ են իրականացրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Կովսականի տարածքում։ Կովսականի դպրոցի մոտակա գերեզմանոցում հայտնաբերվել է ընդհանուր փոսում 14 զինծառայողի աճյուն, որոնց մեջ է եղել նաև Դավիթ Կատանյանի կրտսեր եղբայրը՝ Նարեկ Կատանյանը։

«Քիմիկների զորամասի» գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 16-ին։

 

Տես նաև՝

Գլխավոր լուսանկարում ձախից՝ Դավիթ Կատանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter