HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ամեն տարի գրանցվում է երեխաների շաքարային դիաբետի 50-55 նոր դեպք

Հանրապետական մանկական էնդոկրինոլոգիական դիսպանսերում այժմ հաշվառված է 316 երեխա, իսկ ՀՀ-ում կա մոտ 400 երեխա, որոնք ունեն շաքարային դիաբետ տիպ մեկ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին տեղեկացրեց Հանրապետական մանկական էնդոկրինոլոգիական դիսպանսերի ղեկավար Ելենա Աղաջանովան:

Նա նշեց, որ գոյություն ունի երկու տիպի դիաբետ: Առաջին դեպքում բացակայում է ինսուլինը, որը ստանում են սրսկման եղանակով, իսկ երկրորդի դեպքում ինսուլին կա, բայց քիչ քանակությամբ: Առաջին տիպը հիմնականում հանդիպում է երեխաների մոտ, իսկ մյուսը` մեծահասակների:

Շաքարային դիաբետը հանդիպում է բոլոր տարիքի երեխաների մոտ, Ե. Աղաջանովայի խոսքերով` ոչ մի ընտանիքի ոչ մի երեխա ապահովագրվված չէ այս հիվանդությունից: Սակայն այն ավելի շատ հանդիպում է 5-7 և 11-13 տարեկան երեխաների մոտ: Վերջին ամսիներին շաքարային դիաբետով հիվանդ երեխաների թիվն ավելացել է՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամակահատվածի հետ: Ամեն տարի գրանցվում է 50-55 նոր դեպք:

Ե. Աղաջանովան նշեց, որ հիվանդության պատճառը գենային փոփոխություններն են` առաջանում են գենային մուտացիաներ: Դրանց պատճառները դեռևս անհայտ են, սակայն կարող են ազդել թե էկոլոգիական, թե սոցիալական պայմանները: Հնարավոր է, որ ծնողներից ոչ մեկը հիվանդ չլինի, սակայն նրանց մոտ առկա լինի գենային մուտացիա, և երեխան ծնվի հիվանդ:

Ե. Աղաջանովան շեշտեց, որ հիվանդությունը չունի վերջնական բուժում: Ամբողջ կյանքի ընթացքում երեխաները ստանում են բուժում հիվանդանոցներում, ստանում ինսուլին, որը կատարվում է պետպատվերի շրջանակներում: Երեխան օրական ստանում է մի քանի սրսկում, յուրաքանչյուր սրսկումից առաջ որոշվում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Ե. Աղաջովան նշեց, որ տան պայմաններում դա կատարվում է հատուկ սարքերի օգնությամբ` գլյուկոմետրի, յուրաքանչյուր չափման ժամանակ պետք է օգտագործվի նոր ստրիպ: Սակայն պետությունը ստրիպներով ապահովված չէ, իսկ դրանք թանկ արժեն:

Այս հարցում նրանց օգնում է «Երազ» բարեգործական հիմնադրամը, որը անվճար տրամադրում է դրանք: Հիմնադրամի տնօրեն Կարինե Մխիթարյանը նշեց, որ ստրիպները խնդիր են հատկապես մարզերում: Նրանք ստրիպներ են ուղարկում նաև ԼՂՀ և Ջավախք: Հիմնադրամի նպատակն է օգնելու շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին` մասնավորապես տնային պայամաններում վերահսկել հիվանդությունը: Կ. Մխիթարյանը նշեց, որ ստրիպի մեկ տուփի գինը 9-10 հազար է, տուփի մեջ կա 50 հատ ստրիպ և ամսական անհրաժեշտ է առնվազն 2 տուփ:

Հիմնադրամի գումարը գոյանում է տեղի բարերարների և դրամաշնորհային ծրագրեր շնորհիվ:  

Ե. Աղաջանովան նշեց, որ հիվանդությունն ունի սուր արտահայտված նշաններ` երեխաները սկսում են շատ ջուր խմել և միզել, նիհարում են, ախորժակ չի լինում, ֆիզիկապես թույլ են զգում, այնուհետև առաջանում է սրտխառնոց, քնկոտություն: Սակայն ամենակարևորը պետք է ստուգել շաքարը արյան մեջ:

Այժմ անց են կացվում դասընթացներ, որոնց ժամանակ երեխաներին և ծնողներին սովորեցնում են ինչպես վարվել հիվանդության դեպքում, այդ նպատակով ստեղծվել է նաև հատուկ ձեռնարկ:

Ե. Աղաջանովայի խոսքերով` եթե նախկինում շաքարային դիաբետ ունեցող աղջիկներին չէր թույլատրվում ամուսնանալ, ապա հիմա դա փոխվել է: Նրանք կարող են ամուսնանալ և երեխաներ են ունենալ: Սակայն շաքարը պետք է լինի նորմալ թվերի վրա, հակառակ դեպքում խնդիրներ կլինեն պտղի զարգացման հետ: Աղջիկը պետք է նախապատրաստվի, պլանավորի հղիությունը, խորհրդակցի բժշկի հետ և հետազոտվի: Շաքարային դիաբետ ունեցող տղաները նույնպես կարող են ամուսնանալ և ունենալ առողջ երեխաներ, սակայն նրանք բանակում չեն ծառայում: Ե. Աղաջանովան խորհւորդ է տալիս շաքարային դիաբետ ունեցողներին շուտ ամուսնանալ և երեխաներ ունենալ, որովհետևր տարիքի հետ զարգանում են անոթային հիվանդությունները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter