HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՀ ԱԺ նախագահը դիմել է աշխարհի բոլոր երկրների առաջնորդներին ու ժողովուրդներին՝ ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ելույթ է ունեցել ԱՀ ԱԺ արտահերթ նիստում։ Նրա ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Արցախը հայկական պահելու, Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը իրացնող հանրահավաքի ամենակրտսեր սիրելի´ մասնակից, ամենատարե´ց մասնակից, արցախցի´: Սա Քո հանրահավաքն է, և նրա կազմակերպիչը Դու ես:

Սիրելի´ հայրենակից

Եթե Դու այս պահին տանն ես, ապա շտապիր Քո տեղը զբաղեցնել Վերածննդի հրապարակում՝ Քո խաղաղասեր խրամատում: Սա նաև Քո հանրահավաքն է ու նախաձեռնողներից, կազմակերպիչներից մեկն ես:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Մակրոնին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության ժողովուրդներին, Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին, աշխարհի բոլոր երկրների առաջնորդներին ու ժողովուրդներին՝ այս փոքրիկ աշխարհատարածքը իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է Արցախի ժողովրդի լիարժեք ապրելու ու գոյատևելու իրավունքը: Որպեսզի արցախցին ապրի, արարի, ստեղծագործի իր հայրենիքում, ճանաչե՛ք նրա ինքնորոշման իրավունքը:

Հայ ժողովրդի հավաքական ապագան այսօր որոշվում է նաև Արցախում: Դիմում եմ ողջ հայ ժողովրդին՝ միասնաբար նեցուկ կանգնել արցախահայությանը, շարունակել աջակցել նրա ազատագրական պայքարին, և հասնել նրա ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմանը:

Այսօր հայոց պետականությունը կանգնած է ազգային ինքնությանն ու լինելիությանը սպառնացող լուրջ վտանգների առջև։ Այսօր է, որ առավել քան երբևէ հայ ժողովուրդը պետք է շարունակի գործել միասնական, միակամ ու միաբան:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հավակնությունները մեր հայրենիքի նկատմամբ զուրկ են պատմական, իրավական ու բարոյական հիմքերից, քանզի Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել և չի կարող լինել։

Ներկա դրությամբ առաջնահերթ խնդիրը երկրի հուսալի անվտանգության ապահովումն է, որն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ուժերը:

Հավատացած ենք, որ աշխարհաքաղաքական բարդ ու անկանխատեսելի իրավիճակին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար առաջնային ու կարևոր գործոն պետք է հանդիսանան համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը։

Հավաստիացնում եմ, որ մենք շարունակելու ենք մեր ջանքերը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ և արդարացի լուծմանը հասնելու ուղղությամբ։

Ինչպես Արցախի Հանրապետության նախագահն է նախօրեին հայտարարել՝ «պետք է մեկընդմիշտ մերժվեն այն առաջարկներն ու սկզբունքները, որոնք ժխտում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, զրկում հակամարտության արդարացի կարգավորման հեռանկարներից և կասկածի տակ դնում Արցախի գոյությունը»:

Մենք պետք է տեր կանգնենք 1991թ սեպտեմբերի 2-ին՝ Հանրապետության հռչակման օրվան, 1991թ դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեին և 1992թ հունվարի 6-ի Անկախության հռչակագրին։

Լիահույս ենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը չի ստորագրվի այնպիսի փաստաթուղթ, որը կարող է անտեսել Արցախյան հիմնախնդրի գոյությունը, հարվածի տակ դնել Արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։

Այսօր համայն հայության ջանքերն ու նպատակները պետք է ուղղված լինեն Հայրենիքի՝ Արցախի ու Հայաստանի անվտանգությունը և խաղաղությունը ամրապնդելուն:

Մեր ընտրած ճանապարհն այսօր էլ անշրջելի է, քանի որ այն արդար է և սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ:

Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք արցախյան գոյապայքարի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության համար նահատակված քաջորդիների հիշատակը»։

Նշենք, որ Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել, իսկ նիստին զուգահեռ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է հանրահավաք, որին, Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի տվյալներով, մասնակցել է Ստեփանակերտից ու շրջաններից հավաքված շուրջ 40,000 քաղաքացի (ընդհանուր բնակչության շուրջ 33%-ը)։

Մեկնաբանություններ (1)

Johnny
Այս մարդիկ տակաւին չեն հասկցած որ "աշխարի պետութիւնները" պատրաստ չեն Արցախի ինքնորոշման իրաւունքը ճանչնալու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter