HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Եռաբլուրում կողք կողքի հուղարկավորված են պապն ու թոռը՝ երկու Ազատ Գրիգորյանները

Եռաբլուր զինվորական պանթեոնում իրար կողքի երկու շիրիմ կա, երկուսն էլ՝ Ազատ Գրիգորյան։ Առաջինը պապինն է՝ զոհվել է 1993թ․-ին Արցախյան առաջին պատերազմում, մյուս շիրիմը թոռանն է՝ կրտսեր Ազատինը, զոհվել է այս տարվա սեպտեմբերի 13-ին, Վարդենիսում։

«Հայրս որ զոհվեց, 47 տարեկան էր, ես՝ 19։ Հիմա տղաս, որ զոհվեց 19 էր, ես՝ 47»,-ասում է Աշոտ Գրիգորյանը։

Ազատ Գրիգորյանը բանակ էր զորակոչվել 2021թ․ ամռանը, ծառայել Լուսակերտի ուսումնական զորամասում, այնտեղից էլ տեղափոխվել էր Վարդենիսի զորամասերից մեկը: Կոչումով սերժանտ էր, ականանետի նշանառու։

Վարդենիս տեղափոխվելուց հետո Ազատը դիրքերում մեկ անգամ է եղել, դրանից հետո որոշել են նրան զորամասում թողնել, որպեսզի նորակոչիկներին ականանետով կրակել սովորեցնի։ Հայրը՝ Աշոտ Գրիգորյանը, ասում է, որ Ազատը զորամասում աչքի ընկնող զինվոր է եղել, իր զենքին տիրապետել է շատ լավ, կրակային մրցույթներում մի քանի անգամ հաղթել է։

«Վերջերս, երբ պաշտպանության նախարարն այցելել էր իրենց զորամաս, մրցույթ էր անցկացվել, որտեղ Ազատը ճանաչվել էր մրցող զորամասերի լավագույն հրետանավոր, մեդալ էր ստացել դրա համար ու խրախուսական արձակուրդ, տուն էր եկել։ Ինքը առհասարակ շատ հաճախ էր խրախուսվում ու արձակուրդ ստանում»,-պատմում է հայրը։

Մինչև զորակոչվելը Ազատը սովորում էր Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանում, մետաղների վրա էր քանդակում, նկարում։ Հայրն ասում է՝ մինչև ծառայության գնալը, որպեսզի պարապ չմնար, կահույքի արտադրամասում աշխատանքի էր անցել, մինչև վերջին օրը աշխատեց։

Սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը մի քանի ուղղությամբ հարձակվեց Հայաստանի վրա, Վարդենիսի տվյալ զորամասի գրեթե ողջ անձնակազմը մարտական դիրքերում էր, զորամասում էր միայն զրահատանկային գումարտակը՝ մոտ 65 հոգի։ Կեսգիշերին մոտ, երբ սկսվել է հրետակոծոթյունը, բոլորին իջեցրել են նկուղ։

«Իր հետ ծառայողները պատմում են, որ երբ արդեն իրենց տագնապով իջեցրել էին նկուղ, շատ ցուրտ էր, ոմանք կիսահագնված էին, մրսում էին։ Մեկ էլ տեսել են Ազատը նկուղից վազելով դուրս է գալիս, գոռացել են՝ կանգնի, չի կանգնել։ Բարձրացել ա ննջարան, վերցրել իր հեռախոսը, հավաքել զինվորների շորերը, ծածկոցներ վերցրել ու նորից իջել նկուղ»,-ասում է Աշոտ Գրիգորյանը։

Կեսգիշերից սկսած՝ զորամասն ինտենսիվ հրետակոծվել է, առավոտյան ժամը 6-7-ն ընկած ժամանակահատվածում սպաներից մեկն առաջարկել է, որ մի քանի հոգի իրեն միանան, որպեսզի կարողանան զինանոցից զենքերը հանել․ Ազատը կամավորներից մեկն է եղել։

«Իրենց հետ եղած սպան ասել ա, որ եթե էսքան հրետակոծում են, կարող ա նաև առաջ գան, պիտի գնաք զենքերը հանելու։ Ազատը՝ իր դասակով ու իր երկու ընկերները միացել են սպային։ Երեք հոգի զինանոցում են եղել, մնացած չորսը նկուղի մուտքի մոտ սպասել են։ Ազատը, սպան ու էլի մի տղա զորանոցից զենքերը արագ հանել են, փոխանցել մյուսներին, որ նկուղ իջեցնեն։ Էդ ընթացքում ամեն րոպեն մեկ մի արկ ընկել ա։ Ասում են՝ արդեն համարյա էլ զենք չէր մնացել, ամբողջը կրել էին, Ազատը գոռաց՝ տղե՛րք, էս մեկը շուտ եկավ, ու իրանք, դեռ նկուղից դուրս չեկած, արկը պայթեց»,-պատմում է հայրը։

Պայթյունից Ազատ Գրիգորյանը ու սպան տեղում զոհվում են, մյուս զինծառայողը ոտքից վիրավորվում է։ Արկի բեկորը զրահաբաճկոնի բաց հատվածից մտնում է ու վնասում նրա կենսական օրգանները։ Ծառայակիցը պատմում է, որ պայթյունից առաջացած փոշու միջից երբ քաշել հանել է Ազատին, ասել է, որ վիրավոր է ու նույն պահին էլ աչքերը փակել։

Մայրը՝ Գայանեն, հիշում է, որ մինչև դեպքը հեռախոսով խոսել են Ազատի հետ, վերջին նամակն առավոտյան 4։30-ի մոտ է ստացել, գրել է՝ հանգիստ քնեք, ամեն ինչ նորմալ ա։ Դրանից հետո օրվա ընթացքում էլի մի քանի անգամ զանգել են, ընկերներն են պատասխանել, ասել, որ Ազատը այդ պահին իրենցից հեռու է․ փոխանցել չեն կարող։

«Ասեցին՝ Ազատը վիրավորվել ա, միանգամից գնացի Վարդենիս, ճանապարհի կեսն էի հասել, զանգեցին, ասեցին՝ իմաստ չկա գաս, Ազատը զոհվել ա, Երևան են բերել։ Եկանք Հերացի հիվանդանոց, էնտեղ չէր, արդեն դուրս էինք գալիս, շտապօգնության մեքենա կանգնեց, մեջն Ազատն էր»,-պատմում է Աշոտ Գրիգորյանը։ 

Դեպքից որոշ ժամանակ անցը հայրը գնացել է Վարդենիս, հանդիպել որդու ծառայակիցներին, ճշտել դեպքի մանրամասները։

«Պատմում էին, որ էդ ժամանակ հետախուզական ԱԹՍ-ներ են աշխատել, նկատել են շարժը ու ավելի ինտենսիվ հրետակոծել։ Ես որ գնացի, տեսա զորամասը, կոնկրետ զինանոցը, որտեղ տեղի ա ունեցել դեպքը, պատերին ամբողջությամբ բեկորների հետքեր էին, համարյա սպիտակ մաս չկար»,-ասում է հայրը։

Ազատ Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter