HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Տեղյակ լինելով Հադրութի գրավման մասին՝ նորակոչիկների մի մասին չեն զգուշացրել չգնալ այդ ուղղությամբ

Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակը 2020 թ.-ի հոկտեմբերի 9-ին հրաման էր ստացել բարձրանալ Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարը։ Հոկտեմբերի 10-ին նրանք ստիպված էին նահանջել։ Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը նորակոչիկներին մարտի դաշտում մենակ է թողել՝ ասելով, որ ինքը վիրավոր է։

Իշխան Վահանյանն այժմ մեղադրվում է Խուռհատ սարի վրա պատերազմի ժամանակ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։ Առաջադրված մեղադրանքը նա չի ընդունում։

Հոկտեմբերի 31-ին կայացած հերթական դատական նիստին գործով վկա Լևոն Բաբայանը հայտարարեց, որ Վահանյանի հեռանալուց մոտ 15 րոպե հետո իրավիճակը հասկանալու համար հրետանու շտաբի պետին է զանգել, որն էլ զգուշացրել է, որ հակառակորդն արդեն Հադրութում է, և այնտեղ վտանգավոր է։ Նորակոչիկների գումարտակի անձնակազմի մի մասը, հետևելով Բաբայանին, կարողացել է փրկվել։ Մյուս մասը, որին չէին զգուշացրել հակառակորդի տեղակայման մասին, գնացել է սխալ ուղղությամբ եւ զոհվել։

Լևոն Բաբայանը հոկտեմբերի 8-ից Ջրականի գնդի հակատանկային մարտկոցի հրամանատարի պաշտոնն է զբաղեցրել։ Մինչ այդ եղել է գնդի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար։ Սեպտեմբերի կեսերին հրաման է ստացել տեղափոխվել 5-րդ ուսումնական գումարտակ՝ որպես գումարտակի հակատանկային դասակի հրամանատար։ Սակայն սեպտեմբերի 26-ի գիշերը նրան միացրել են 4-րդ գումարտակին, քանի որ այնտեղ հակատանկային դասակի հրամանատար չի եղել։

«Վահանյանը կաղալով իջնում էր, ասում էր՝ վիրավոր կա, կամազը կանգնեցրե՛ք, հետո տեսել եմ, որ վարորդի կողքը նստած գնացել ա»․ վկա 

Լևոն Բաբայանը դատարանին հայտնեց, որ հոկտեմբերի 5-ին կամ 6-ին եկել է «Թոզարան» (տեղամաս Հադրութում- հեղ․), որտեղ էլ տեսել է ուսումնական գումարտակին։

Դատախազ Գևորգ Ավետիսյանը հետաքրքրվեց՝ այդ հատվածո՞վ է առաջնագիծն անցել։

«Այդ ժամանակ ադեն այո, որովհետև հակառակորդն արդեն «Չռիկների» անտառում էր»,- ասաց Բաբայանը։

Վկան նշեց, որ հոկտեմբերի 5-ին կամ 6-ին Իշխան Վահանյանին հանդիպել է «Թոզարանում», բայց վիրավոր չի տեսել։ Բաբայանը մինչև հոկտեմբերի 7-ը եղել է այնտեղ, 7-ի երեկոյան գնացել է Հադրութի դպրոց։

Հոկտեմբերի 8-ին Իշխան Վահանյանը նշանակվել է 5-րդ գումարտակի հրամանատար, իսկ Բաբայանը՝ գնդի հակատանկային մարտկոցի հրամանատար։

«Վազգեն Վարդանյանը (դասակի հրամանատար) զանգել էր, ասել, որ տանկերի շարժ կա, հրետանու պետի հետ խոսել եմ, խնդիր են տվել, հոկտեմբերի 9-ին գնացել եմ Խուռհատ: 5-րդ ուսումնական գումարտակն արդեն այնտեղ է եղել։ Հոկտեմբերի 10-ից, երբ Հադրութը գրավել են, նոր դուրս եմ եկել։ Իմ անձնակազմի հետ Խուռհատ սարի աջ մասում եմ եղել՝ դեպի ձորը նայող ուղղության վրա, ուսումնականը բացազատված է եղել ձախ թևում»,- նշեց նա։

Վկան հայտնեց, որ հոկտեմբերի 10-ին այն հատվածից, որտեղ ուսումնական գումարտակն էր տեղակայված, լսվում էին կրակոցների ձայներ։ Գումարտակը վիրավորներ է ունեցել, նրանց սարից ներքև են իջեցրել, որոշ ժամանակ անց նաև անձնակազմն է իջել։ 

-Ես էլ եմ էնտեղ եղել, տեսել ենք, որ 5-րդ գումարտակի ամբողջ անձնակազմը հետ է գալիս, միացել ենք իրենց, հետ իջել։

-Հարցրի՞ք՝ ի՞նչ պատճառով են իջնում,- հետաքրքրվեց դատախազը։

-Չէ՛, դե պարզ ա, կռիվ ա։ Դրանից հետո բարձրացել ենք սար, որպեսզի «Թութակներ» տանող ուղղությունը գտնենք, որովհետև արդեն Հադրութում հակառակորդը լցվել էր։

-Ի՞նչ գիտեք։

-Հակառակորդին նաև տեսել ենք վերևից, ես, օրինակ, տեսել եմ, որ զրահատեխնիկայով մտել են Հադրութի մեջ։ Հետո կապվել եմ, ասել են՝ Հադրութ պետք չի մտնել, սարի վերևով եկեք, Հադրութի վերևից դուրս եկեք։

-Ասեցի՞ք Վահանյանին։

-Չէ՛, ես Վահանյանին վերևն եմ տեսել, երբ անձնակազմն արդեն իջնում էր Խուռհատից, որ վազելով իջնում էին ներքև, Վահանյանը վերևից կաղալով գալիս էր, մի հատ կամազ էր մնացել, Վահանյանը գոռում էր՝ վիրավոր կա, ասում էր՝ կանգնեցրե՛ք, վիրավոր կա, մենք էտ կամազը կանգնեցրել ենք, ես գնացել եմ ներքև՝ անձնակազմի մոտ, հետո տեսել եմ, որ Վահանյանը կամազի կողքը նստած դուրս ա եկել։

Հրետանու շտաբի պետը զգուշացրել է՝ հակառակորդը Հադրութում է

Լևոն Բաբայանը դատարանին հայտնեց, որ Վահանյանի հեռանալուց մոտ 15 րոպե հետո իրավիճակը հասկանալու համար հրետանու շտաբի պետին է զանգել, որն էլ զգուշացրել է, որ Հադրութում վտանգավոր է։

Դատախազ Ավետիսյանը հարցրեց՝ երբ վկան տեղեկացավ, որ Հադրութում անվտանգ չէ, 5-րդ գումարտակի ամբողջ անձնակազմն իր հե՞տ էր։

Լևոն Բաբայանն ասաց, որ ամբողջ կազմը չի եղել, ինչին ի պատասխան դատախազը նշեց, որ 5-րդ գումարտակի անձնակազմը բաղկացած է եղել 300-ից ավելի զինծառայողներից, և հարցրեց, թե քանի՞սն են եղել Բաբայանի հետ։

-Հլը իջնում էին սարից, հավաքվել ենք, որոշել ենք բարձրանալ էդ բարձր տեղը, որ հասկանանք՝ որ ուղղությամբ գնանք, մենք գնացել ենք, անձնակազմը մեր հետևից եկել ա դեպի սար, էդ ժամանակ կապի դասակի հրամանատար Հովհաննեսի հետ որոշ մասն իջել է ներքև, չեմ կարող ասել՝ ինչու և ինչ պայմաններով։

-Սարը բարձրանալիս տեղյակ եղե՞լ եք, որ Հադրութը հակառակորդը գրավել է։

-Հա բա, իմացել ենք, որ հակառակորդը Հադրութում է, դրա համար չենք իջել։ Ես առջևից գնացել եմ, անձնակազմն իմ հետևից եկել ա, իրենք լավ հետև են եղել։ 

-Դուք՝ որպես վերադաս հրամանատար, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել նահանջը պատշաճ կազմակերպեու համար, Դուք սկզբից գնում եք, բա Ձեր հետևում գտնվող անձնակազմի ճակատագրի մասին ո՞վ պետք է հոգ տաներ։

-Դե ասել եմ, որ իրար հետևից բարձրանան։

-Եթե ասում եք, որ այդքան հեռու էր, որ դեռ սարից իջնում էին, ինչպե՞ս էիք ասում, որ Ձեր հետևից գան։ 

-Որ իրար կողք հավաքված չգան, ապահով լինի, որոշել էինք, որ իրար հետևից բարձրանան։ Սպաների հետ խոսել ենք, մտածել ենք՝ ոնց անենք, որ լավ լինի, տենց կազմակերպել ենք, նենց չի, որ ես եմ որոշում կայացրել։

Դատախազը նաև տեղեկացրեց, որ 5-րդ գումարտակի սպայակազմի ցուցմունքների համաձայն՝ իրենք մինչև բաժանվելը տեղյակ չեն եղել, որ Հադրութ քաղաքը գրավված է։ 

Վկա Լևոն Բաբայանն էլ պատասխանեց, որ ինքը Վանքի կողմ գնացող Հովհաննես Մուրադյանին չի տեսել։ Եթե տեսներ, ապա կզգուշացներ։

-Որ ասեցիր 5-րդ գումարտակի սպայակազմին, ի՞նչ միջոցներ ձեռնարկեցին, որ իրենց մյուս անձնակազմին չթողնեն իջնել Հադրութ։

-Էդ հարցին ո՞նց պատասխանեմ։ Էլի եմ ասում՝ որոշեցինք, որ բարձրանանք էդ անտառը ու գնացել ենք, հետևներից եկել են, դրանից հետո չեմ կարող ասել՝ ով ինչ որոշում ա կայացրել։

-Վերադաս հրամանատարությունից ումի՞ց եք թույլտվություն ստացել նահանջելու։

-Ոչ մեկից։

-Իսկ Դուք տեղյա՞կ եք, որ նահանջը կատարվում է բացառապես վերադաս հրամանատարի թույլտվությամբ։

-Հակառակորդը որ եկել ա, սարը (նկատի ունի Խուռհատը- հեղ․) վերցրել են, անձնակազմը իջել ա, ես էլ հետները իջել եմ, կանգնեմ, մնամ էդտեղ, ի՞նչ անեմ մենակ։

Դատավոր Ջոն Հայրապետյանի հարցին՝ արդյոք կապիտանը պարտավոր չէր բոլորին տեղեկացնել, որ Հադրութի ուղղությամբ իջնելը վտանագավոր է՝ վկան պատասխանեց․ «Էլի եմ ասում, ասել ենք, էդտեղ նենց չէր՝ 10 հոգի էր, նենց չի, որ ես եմ որոշում կայացրել։ Ընդհանուր ասել ենք, իրար հետևից գնացել ենք, հետո թե ոնց ա վերջից եկող անձնակազմը հետ գնացել, իջել ներքև, չգիտեմ»։

Վահանյանի ղեկավարած շտապօգնության մեքենան վիրավորներին թողել և հեռացել է

Գործով մյուս վկան Արթուր Դանիելյանն էր, ով 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է 5-րդ գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատարը, ներկայում վաշտի հրամանատար է։ Պատերազմից հետո «Չռիկներից» Նյուզգար հատվածում Դանիելյանը մասնակցել է որոնողական աշխատանքներին։

Վկայի խոսքով՝ իրենց վաշտից պատերազմի հենց առաջին օրը ունեցել են 2 զոհ, 2 վիրավոր։ Հոկտեմբերի 2-ի գիշերը նույնպես ունեցել են զոհեր, վիրավորներ։

Դատախազը հարցրեց՝ արդյոք վիրավորների թվում ամբաստանյալը եղել է։

«Գումարտակի հրամանատարը վիրավորվել է (վիրավորվելուց հետո գումարտակի հրամանատարը զոհվել է- հեղ․), մեկ էլ Իշխան Վահանյանն է վիրավորված եղել, մինամյոտի հարվածից։ Աչքովս չեմ տեսել, որ վիրավորվել ա, եկել ենք հրամանատարական դիտակետ, Իշխան Վահանյանը նստած ա եղել, ասել ա, որ վիրավորվել եմ»։

Դատախազ Գևորգ Ավետիսյանը նշեց, որ ըստ դատաբժշկական փորձաքննության արդյունքների՝ Վահանյանի վնասվածքը եղել է աջ ազդրի վերին երրորդականի կույր բեկորային վիրավորման ձևով։ 

Այնուհետև դատախազը ճշտեց՝ արդյոք Վահանյանի մատնացույց արած վիրավորումը համընկնում է այս վիրավորման տեղակայման հետ, թե՞ ոչ։ Վկան դրական պատասխան տվեց։

Վկա Արթուր Դանիելյանը նշեց, որ ինքը ևս վիրավորվել է։ Հոկտեմբերի 2-ին Նյուզգար կոչվող տեղամաս գնալու հրաման են ստացել՝ 2-րդ գումարտակի ստորաբաժանմանն օգնելու նպատակով, որն ընկել էր շրջափակման մեջ։

Դանիելյանը հայտնեց, որ այդ ժամանակ Նյուզգարի աջ թևում արդեն ճեղքում կար։ Նյուզգարում էլ ինքը վիրավորվել է։ 

«Առաջինը ալիքն ա շպրտել, ուշաթափվել եմ, երկրորդ անգամ բեկորային վնասվածք ստացել»,- ասաց նա։

Դանիելյանը հայտնեց, որ այդ ժամանակ շտապօգնության մեքենա է եկել, որը ղեկավարել է Իշխան Վահանյանը, սակայն իրեն և մյուս վիրավորներին չի մոտեցել և հեռացել է այդտեղից։

Նրա խոսքով՝ բոլորը տեղյակ են եղել, որ ինքը վիրավորվել է, իրեն վիրակապել էին, և ակնհայտ էր, որ ստացիոնար բուժման կարիք ունի։

Հոկտեմբերի 3-ի առավոտյան Արթուր Դանիելյանը մնացած վիրավորների հետ ոտքով դուրս է եկել Նյուզգարից։ Իր խոսքով՝ 5 վիրավորի հետ է դուրս եկել։

Դատախազը հարցրեց՝ արդյոք շտապօգնության մեքենայից որևէ մեկը չփորձե՞ց օգնություն ցույց տալ, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ նման բան չի եղել։ 

Մեկ այլ հարցի՝ արդյոք դեպքից հետո Դանիելյանը չի փորձել ճշտել, թե հոկտեմբերի 2-ին Նյուզգար կոչվող տեղամասում ինչո՞ւ իրենց օգնություն չի ցուցաբերվել, մանավանդ որ շտապօգնության մեքենան իրենց մոտով անցել է՝ վկան հայտնեց, որ չի հարցրել։

Պատերազմից հետո Դանիելյանը գնացել է Վահանյանի տուն՝ «իր աչքով տեսնելու վիրավորումը»։ 

Դատախազը հարցրեց՝ ինչպե՞ս կբնութագրի Վահանյանի առողջական վիճակը, երբ հանդիպեց նրան։

«Ես որ մտել եմ տուն, տեսել եմ, որ հարևանների հետ նստած, դաժե որ պիտի հելներ փաթաթվեր, ասեց՝ սաղ ոտքերս ասկոլկեք են, չեմ կարող կանգնել»,- ասաց վկան։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք սեպտեմբերի 25-ին Ջրականի զորամասում տագնապ է հնչել, Արթուր Դանիելյանը պատասխանեց, որ սպաների հավաք է եղել, ոչ թե տագնապ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter