HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միակ ճանապարհը քրտնաջան աշխատանքն ու դրան իսկապես կրքոտ մոտենալն է»,- ասում է տիեզերք թռած մարդը

Սեպտեմբերին Հայաստանում տեղի ունեցած գիտության եւ արվեստի «Սթարմուս» 6-րդ փառատոնի հյուրերից մեկը՝ ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնաց, ինժեներ, ներկայում «SpaceX» ընկերության խորհրդատու, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (USC) պրոֆեսոր Գարեթ Ռայզմանը (Garret Reisman), հիշում է, որ տիեզերք իր առաջին թռիչքին երկար էր սպասել։ Տիեզերագնաց է դարձել 1998-ին, բայց միայն 10 տարի անց է կարողացել կատարել առաջին թռիչքը։

Ասում է, որ այդքան երկար սպասումը պայմանավորված էր մի քանի պատճառով։ Առաջինը՝ Միջազգային տիեզերական կայան (ՄՏԿ) մեկնելու թեկնածուները շատ էին, երկրորդը՝ այս կայանն իր պատրաստման ժամանակացույցից հետ էր մնում, եւ տիեզերագնացները սպասում էին, մինչեւ այն պատրաստ կլինի։ Երրորդ պատճառը «Կոլումբիա» շաթլի վթարն էր 2003-ին, ինչի հետեւանքով թե՛ շաթլը կործանվեց, թե՛ ամբողջ անձնակազմը զոհվեց։ Դրանից հետո ամերիկյան շաթլներով թռիչքները դեպի ՄՏԿ որոշ ժամանակ դադարեցվեցին, ՄՏԿ-ի անձնակազմերի ռոտացիան կատարվում էր ռուսական տիեզերանավերով, որոնց տարողունակությունն ավելի փոքր էր։ Գարեթ Ռայզմանը, սակայն, պատմում է, որ սպասումի 10 տարիներին անհավանական փորձառություն է ունեցել։ Վերապատրաստման նպատակով մի քանի երկրներում է եղել, 4 տարի ապրել է Մոսկվայում, ապա գնացել Ճապոնիա։ Հետո աշխարհագրությունն ընդլայնվել է՝ մեկնել է Գերմանիա ու Կանադա։ «Ես ստիպված էի շատ ճամփորդել, ինչը զվարճալի էր»,- նշում է Ռայզմանը։ Երկարատեւ տիեզերական թռիչքների համար մարզվել էր պետք։ Մարզումների շրջանակներում Ռայզմանը երկու շաբաթ անցկացրել է օվկիանոսի հատակին։  

2008-ի մարտին Գարեթ Ռայզմանը «Endeavour» շաթլով իր առաջին թռիչքը կատարեց դեպի ՄՏԿ՝ միանալով ՄՏԿ-ի 16-րդ առաքելության անդամներ Փեգի Ուիթսոնին (ԱՄՆ) եւ Յուրի Մալենչենկոյին (ՌԴ)։ «Դա ուղղակի անհավատալի փորձ էր, որին երկար սպասեցի: Դեռ փոքրուց էի երազում այդ մասին։ Այսպիսով՝ դա իրականացված երազանք էր»,- ասում է «Հետքի» զրուցակիցը։

54-ամյա նախկին տիեզերագնացը պատմում է, որ որքան գրավիչ էր թռիչքը, այնքան ճնշող էր․ հուզմունքի հետ մեկտեղ կար նաեւ վախ ու անհանգստություն, բայց հուզմունքն ավելի շատ էր։ Նկատում է, որ այդ զգացողությունը ստիպում է աշխատել՝ արդարացնելու համար շատերի ակնկալիքները։ «Դու իսկապես ցանկանում ես հաջողակ լինել եւ ավարտել աշխատանքը: Եվ երբ հաջողում ես ու վերադառնում ես Երկիր, ամենալավ զգացողությունն է: Հիշում եմ՝ երբ բաց տիեզերքում կատարեցինք մեր բոլոր առաջադրանքներն ու ապահով վերադարձանք, դա քնի ամենալավ գիշերներից մեկն էր՝ հրաշալի երազներ էի տեսնում: Ես պարզապես այնքան երջանիկ էի,- «Հետքի» հետ զրույցում պատմում է ՆԱՍԱ-ի տիեզերագնացը, հետո ավելացնում,- դա առաջնությունում հաղթելու զգացողության պես է, երբ քո թիմը հաղթում է աշխարհի գավաթը կամ ոսկե մեդալը Օլիմպիական խաղերում։ Երբ երեկոյան տուն ես գնում եւ ճաշում՝ մտածելով, թե հենց նոր ինչ պատահեց։ Հրաշալի զգացողություն է»։

Գարեթ Ռայզմանը Միջազգային տիեզերական կայանում անցկացրել է 90 օր՝ 2008-ի մարտից մինչեւ հունիս։ Մարտ-ապրիլին նա 16-րդ առաքելության անդամ էր, իսկ ապրիլ-հունիսին՝ 17-րդ (վերջինիս ընթացքում գործընկերները ՌԴ-ից էին՝ Սերգեյ Վոլկովն ու Օլեգ Կոնոնենկոն)։ 2008-ի հունիսին Ռայզմանը Երկիր է վերադարձել «Discovery» շաթլով։ Դեպի տիեզերք նրա թռիչքի ընդհանուր տեւողությունը կազմել է 95 օր, 8 ժամ, 47 րոպե։

Մեր զրուցակիցն ասում է, որ ամենահիշարժան դրվագներից մեկը մի անգամ բաց տիեզերքում աշխատելիս մի պահ հանգստանալու հնարավորությունն էր, ինչը հազվադեպ է լինում։ Հիշում է, որ այդ պահին իր դիմաց Երկիրն էր, իսկ տիեզերակայանն իր հետեւում էր, ու տեսավ, թե ինչպես է Արեւը ծագում Երկրի վրա։ «Անհավանական գեղեցիկ էր»,- արեւածագի գույներն է վերհիշում տիեզերագնացը։

Տիեզերքում անցկացրած իր ժամանակի մասին Գարեթ Ռայզմանն ասում է․ «Այն քեզ ստիպում է գնահատել, թե որքան յուրահատուկ է այս մոլորակը: Երբ պատուհանից դուրս ես նայում ու տեսնում, թե որքան գեղեցիկ է Երկիրը: Դու նաեւ գիտակցում ես, որ այնտեղ՝ ներքեւում, այնքան հրաշալի մարդիկ կան, այնքան հրաշալի վայրեր՝ այցելելու համար, այնքան հրաշալի բաներ՝ ուտելու, տեսնելու եւ զգալու համար: Միաժամանակ հասկանում ես, որ մոլորակը նուրբ է։ Տեսնում ես, թե որքան բարակ է մթնոլորտը, ինչը սարսափելի է, որովհետեւ հասկանում ես, որ մոլորակը փխրուն է»։

Եթե Երկրին նայում ես տիեզերքից, հասկանում ես, որ այն իրականում փոքր է․ նկատում է մեր զրուցակիցն ու հավելում, որ մարդկությունը կարող է այն ոչնչացնել ինչպես կլիմայի փոփոխությամբ, այնպես էլ միջուկային պատերազմով․ «Եվ մենք շատ-շատ հիմար կլինենք, եթե դա անենք: Պետք է ճանապարհ գտնենք՝ համոզվելու համար, որ դա տեղի չի ունենա»։

Տիեզերագնացն ասում է, որ կլիմայական փոփոխությունները կատարվում են հենց հիմա, այնինչ շատերին կարող է թվալ, թե դա ապագայում է սպասվում։ Գ․ Ռայզմանը վստահ է, որ իրավիճակը ավելի կվատանա, եթե հիմա քայլեր չձեռնարկենք։ «Սա ինձ իսկապես մտահոգում է ոչ միայն իմ ապագայի, այլեւ իմ երեխաների ու նրանց երեխաների համար»,- նշում է «Հետքի» զրուցակիցը՝ հավելելով, որ դրական տեղաշարժի համար մարդկությունը պետք է միասնական գործի, ինչը, սակայն, շատ դժվար է, քանի որ դավադրության տեսությունները, ապատեղեկատվությունը, կեղծ լուրերը, սոցիալական ցանցերը, քաղաքականությունը խոչընդոտում են դրան։ «Երբ դու մտածում ես միայն քո երկրի կամ քո ժողովրդի մասին, որը նման է քեզ, քո սեռին, եւ եթե դու, օրինակ, պաշտպանում ես միայն սպիտակամորթ ամերիկացի տղամարդկանց, ապա չես կարող աշխատել մնացած աշխարհի հետ՝ խնդիրը լուծելու համար»,- նկատում է նախկին տիեզերագնացը։

«Երբեմն երազում եմ, որ հիմա դեռ տիեզերքում եմ: Եվ ես կարող էի նորից թռչել,- իր երազանքների մասին ասում է տիեզերք թռած մարդը,- ցավալին այն է, որ որքան երկար է անցնում իմ վերջին առաքելությունից, այնքան ավելի քիչ եմ երազում։ Դա մի տեսակ տխուր է»։

Դեռ ոչ վաղ անցյալում՝ 1960-ականներին, ըստ Գարեթ Ռայզմանի, միայն մեծահարուստները կարող էին իրենց թույլ տալ թռչել, օրինակ, Նյու Յորքից Փարիզ, իսկ մյուսները պետք է ճանապարհորդեին նավով, այնինչ հիմա օդանավով թռիչքը հասանելի է գրեթե բոլորին։ Մեր զրուցակիցն ասում է, որ առաջիկա տասնամյակներում նույնը կլինի նաեւ տիեզերք թռչելը։ Հիմա էլ տիեզերական զբոսաշրջությունը զարգանում է, բայց այն դեռ հասանելի է միայն հարուստներին, քանի որ տիեզերական զբոսաշրջիկ դառնալը շատ թանկ հաճույք է։

54-ամյա Գարեթ Ռայզմանին երիտասարդության տարիներին ոգեշնչել էր ՆԱՍԱ-ի «Ապոլոն» տիեզերական ծրագիրը։ Համալսարանում ճարտարագիտություն սովորելիս հասկացել էր, որ իր հետաքրքրությունները «վերեւում» են։ Իսկ երբ իմացել էր, որ ՆԱՍԱ-ն ընտրում է ոչ միայն օդաչուների, այլեւ ինժեներների ու գիտնականների, չէր հավատում, որ մի օր ինքն էլ կարող է ընդգրկվել նրանց շարքում։ Սակայն դրա համար, սա հատուկ ընդգծում է, քրտնաջան, ծանր աշխատանք է անհրաժեշտ, ապա ավելացնում է՝ իհարկե, ոգեշնչումը եւս կարեւոր է։

«Միակ ճանապարհը քրտնաջան աշխատանքն ու դրան իսկապես կրքոտ մոտենալն է։ Ոչ ոք որեւէ հիշարժան բան չի անում, եթե իրապես հոգ չի տանում դրա մասին։ Այսպիսով՝ դուք պետք է գտնեք ձեր կիրքը։ Մյուս կողմից՝ կարող են տարբեր կրքեր լինել։ Դուք պետք է գտնեք այն, ինչը ձեզ մոտիվացնում է եւ զբաղվեք դրանով։ Եվ հետո մի վախեցեք այն թողնել։ Վճռական եղեք ու կատարեք ծանր աշխատանք»,- հաջողության իր բանաձեւն է ներկայացնում տիեզերք թռած Գարեթ Ռայզմանը։

«Սթարմուսի» լուսանկարները՝ Ռիմա Գրիգորյանի, տիեզերական լուսանկարները՝ ՆԱՍԱ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter