HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հյուսիսային Կորեան Ճապոնիայի ուղղությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան նոյեմբերի 3-ի առավոտյան մի քանի հրթիռ է արձակել, այդ թվում՝ մեկ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որը թռիչքի ժամանակ դուրս է եկել շարքից։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերի կոմիտեին։ Reuters-ն էլ գրում է, որ արձակման մասին հայտարարել են նաև Ճապոնիայի իշխանությունները։

Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն արձակվել է տեղի ժամանակով առավոտյան մոտ 07:40-ին (Երևանի ժամանակով` 02:40-ին) Փհենյանի Սունան շրջանից։ Այն թռել է մոտ 760 կմ, իսկ թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 1920 կիլոմետր։ Հրթիռն ընկել է Ճապոնական ծովում։ 

Պաշտպանական ոլորտում Yonhap-ի անանուն աղբյուրը հայտնել է, որ հրթիռը, ամենայն հավանականությամբ, շարքից դուրս է եկել, երբ անջատվել է հրթիռի երկրորդ աստիճանը։ Հարավային Կորեան պաշտոնապես դա չի հաստատել։ Ճապոնիայի իշխանություններն ի սկզբանե հայտարարել են, որ հրթիռը թռել է երկրի տարածքի վրայով, սակայն ավելի ուշ ճշտել է, որ դա տեղի չի ունեցել։

2022 թվականին սա Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման յոթերորդ դեպքն էր և առաջինը մայիսի վերջից ի վեր։ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի տվյալներով՝ այս տարի Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկման մի քանի անհաջող փորձ էր արել։

Հարավային Կորեայի զինվորականները նաև հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան Հարավային Փհյոնան պրովինցիայի Կեչհոն բնակավայրի մոտից նոյեմբերի 3-ին արձակել է ցածր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ։ Դրանք հավաքել էին մոտ 70 կմ բարձրություն, իսկ թռիչքի հեռավարությունը կազմել էր 330 կմ։

Նոյեմբերի 2-ին Հյուսիսային Կորեան արձակել էր մոտ 20 հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ, ինչպես նաև՝ հրետանային մոտ 100 արկ։ Պաշտոնական Սեուլի հայտարարության համաձայն՝ Հյուսիսային Կորեան վերջին 70 տարվա մեջ առաջին անգամ հրթիռն արձակել էր Հարավային Կորեայի ծովային սահմանի վրայով։

Լուսանկարը՝ Ahn Young-joon/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter