HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Համածառայակցի սպանության համար կալանավորվածը 2 տարի առաջ համագյուղացուն էր դանակահարել

Լուսանկարում 2022թ․ հոկտեմբերի 29-ին ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում սպանված 37-ամյա Միսակ Պետրոսյանն է։ Նրան սպանելու համար կալանավորվել է համածառայակիցը, որը համագյուղացուն դանակահարելու համար 2021թ․ դատապարտվել էր 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն դատարանը որոշել էր պայմանականորեն չկիրառել պատիժը՝ նշանակելով 3 տարի փորձաշրջան: Հենց այս փորձաշրջանի ժամանակ Պաշտպանության նախարարությունը նրան զորակոչել է՝ պահեստազորայինների եռամսյա հավաքի շրջանակում:

Միսակ Պետրոսյանի սպանության համար կալանավորված համածառայակիցը Արարատի մարզի Մասիս համայնքի Սիս գյուղի բնակիչ 24-ամյա Վահե Ղազարյանն է: Ըստ Քննչական կոմիտեի՝ նա վիճաբանել է Միսակ Պետրոսյանի հետ, որի ընթացքում «ինքնաձիգից կրակահերթ է արձակել և վերջինիս մահացու հրազենային վնասվածք պատճառել գլխի շրջանում, որից հետո կրակել է նաև իր ոտքին` պատճառելով հրազենային վիրավորում»:

Վահե Ղազարյանը 2020թ․ նոյեմբերի 28-ին դանակահարել էր իր համագյուղացի Ռոբերտ Ասատրյանին: Ժամը 00:30-ի սահմաններում իրենց գյուղի միջնակարգ դպրոցի մոտ՝ «Մինի Մարկետ» կոչվող մթերային խանութի դիմաց, հանդիպել է Ռոբերտ Ասատրյանին և նախկինում՝ 2020-ի սեպտեմբերի 20-ին իրենց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վերջինիս կողմից իր մոր հասցեին ուղղված հայհոյանքի համար վրեժի շարժառիթով մոտեցել և առանց որևէ բան ասելու խոհանոցային դանակով հարվածել է նրան՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ: Վ. Ղազարյանը, ինչպես արդեն նշել ենք, դատապարտվել էր 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն դատարանը որոշել էր պայմանականորեն չկիրառել պատիժը՝ նշանակելով 3 տարի փորձաշրջան:

Այս հանցանքի համար Վահե Ղազարյանի նկատմամբ պատիժը չկիրառելու և փորձաշրջան նշանակելու մասին որոշումը դատախազությունը բողոքարկել է մինչև Վճռաբեկ դատարան: Այժմ էլ վճռաբեկ բողոքը քննության փուլում է, 2022-ի հունիսի 7-ին դատարանը որոշել է բողոքի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով։

Նախկին դատախազ Արման Գասպարյանը, որը մոտ 1 ամիս է՝ ազատվել է աշխատանքից, Վահե Ղազարյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով Վահե Ղազարյանի նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ՝ առանց ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման (Պատիժը պայմանականորեն չկիրառելը): Վերաքննիչ դատարան ուղղված բողոքի մեջ դատախազը նշել է, որ դատարանը «Վահե Ղազարյանի նկատմամբ նշանակել է ոչ արդարացի, ակնհայտ մեղմ պատիժ, որը չի համապատասխանում վերջինիս կողմից կատարված հանցագործության հանրային վտանգավորության աստիճանին, բնույթին և բավարար չէ պատժի նպատակներն ապահովելու համար։ Այլ կերպ՝ խախտվել են հանցանք կատարած անձի նկատմամբ պատիժ նշանակելու սկզբունքների հրամայականը, որի պարագայում պատժի նպատակների ի կատար ածումը, այն է՝ սոցիալական արդարության վերականգնումը, պատժի ենթարկված անձին ուղղելը, ինչպես նաև՝ հանցագործությունները կանխելը, փաստացի դարձել է անիրագործելի։ Առաջին ատյանի դատարանը ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս և այն պայմանականորեն չկիրառելիս պատշաճ վերլուծության չի ենթարկել կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը»:

Իմանալով ծառայակցին սպանելու մասին՝ նախկին դատախազ Արման Գասպարյանը «Հետքին» ասաց.  «Այսինքն՝ Վահե Ղազարյանը, ազատության մեջ մնալով, նոր հանցանք է կատարել, այսինքն՝ հանցածին հակումներ է ունեցել: Մի դեպքում եղել է դանակ, հիմա արդեն հրազենի է անցել: Մենք հենց դա ենք նկատի ունեցել, որ նա, ազատության մեջ մնալով, նոր հանցանք կկատարի և ծանր հանցանքի համար նա պետք է պատիժ կրեր, այլ ոչ թե լիներ պայմանականորեն ազատության մեջ»,- ասաց նա:

Վահե Ղազարյանի կրակոցից մահացած Միսակ Պետրոսյանի մտերիմ ընկերը՝ «Արծիվ 30» մահապարտների գնդի անդամ Գևորգ Պողոսյանը, ասում է, որ Միսակի հետ օրը առնվազն 2 անգամ խոսել է։ «Ես իրեն հարցնում էի՝ ամեն ինչ նորմա՞լ է, ասում էր՝ հա, հանգիստ եղի։ Ինքը ոչ մի բան չէր ասում, անգամ եթե լարվածություն էլ լիներ։ Մենք նույնիսկ իր գտնվելու վայրը չգիտեինք, չէր ասում։ Դեպքից հետո եմ իմացել, որ Կապանում է եղել: Ինձ պատմել են, որ առաջին կրակոցը վրիպել է, չի կպել Միսակին, մինչև էլի կկրակեր, այնտեղ եղած տղերքից ինչ-որ մեկը թռել է դրա (նկատի ունի Վահե Ղազարյանին-խմբ․) վրա, էն էլ էդի (Վահե Ղազարյանը) տակից փախել է ու էլի է կրակել Միսակի վրա։ Էս անգամ կպել է, Միսակի արմունկի միջով մինչև դունչ է հասել։ Հետո, երբ Միսակն ընկած է եղել, կրակահերթ է թողել նրա գլխի շրջանում, հետո էլ ինքն իր ոտքերի փափուկ հատվածին է կրակել»,- ասում է Գևորգը։

Նրա խոսքով՝ Միսակը տեղում մահացել է, նրան տարել են Կապանի հոսպիտալ, որտեղից էլ՝ Երևանի դիահերձարան։

Մեր հարցին՝ ազատազրկման դատապարտված անձը, որը պայմանականորեն չի կրում իր պատիժը և փորձաշրջանի մեջ է, կարո՞ղ է մասնակցել պահեստազորայինների հավաքին, Պաշտպանության նախարարությունը պատասխանեց, որ այդ հարցով սահմանափակումներ չկան։ Սահմանափակում կա 3 դեպքում՝ առողջական խնդիրների պատճառով, անձեռնմխելիության դեպքում, 4 և ավելի երեխա ունենալու դեպքում։

Նշենք նաև, որ եթե անձի նկատմամբ սահմանված է փորձաշրջան, այդ մասին տեղեկությունը զինկոմիսարիատը քաղաքացու անձնական գործերի հետ պետք է փոխանցի զորամասին։ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի իրավական բաժնի համակարգող, իրավաբան Անի Չատինյանն էլ «Հետքին» հայտնեց, որ եթե կլինեն այնպիսի անձինք, որոնք նման հիմքով կզորակոչվեն վարժական հավաքին, զորակոչման իրավաչափությունը կարող է բողոքարկվել, և դատարանի որոշումը կարող է դառնալ նախադեպային՝ հետագայում նմանատիպ հարցերի կարգավորման համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter