HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կա երեք Հայաստան

Հարցազրույց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ

Ինչի՞ վրա է հիմնված երկրի ներքաղաքական կայունությունը, եւ գործնականում ինչպե՞ս են քաղաքացիներն օգտվում օրենսդրությամբ ամրագրված ներքաղաքական ազատություններից:

Վերջին երեք ամիսներին իշխանությունը եւ ընդդիմությունը (խոսքս «ՀԱԿ»-ի մասին է) անում են ընդառաջ քայլեր, ինչը թույլ է տալիս սկսել իրական քաղաքական երկխոսություն: Այս երեք ամիսներին հատկապես իշխանության կողմից ավելի շատ բան է արվել կայունություն ապահովելու տեսակետից, քան նախորդ երեք-չորս տարիներին: Ընդդիմությունը հրապարակավ ձեւակերպել է պահանջներ, իշխանությունը հրապարակավ դրանք կատարում է: Այս քայլերի ներդաշնակությունը կայունության հիմք է: Ասեմ նաեւ, որ երկխոսության առաջին փուլը ոչ միայն չի կարող լիարժեք լինել, այլեւ հիասթափեցնելու է հասարակության մի զգալի մասին, որովհետեւ հասարակությունը պարզունակ պատկերացումներ ունի եւ արագ փոփոխություններ է ուզում: Հասարակության մի ստվար հատվածի համար փոփոխությունը միայն իշխանափոխությունն է, այլ տիպի փոփոխություն մեր արժեքային համակարգը, ցավոք, առայժմ թույլ չի տալիս պատկերացնել:

Հույս ունեմ, որ երկխոսությունը հարատեւ կլինի: Այն, գոնե իմ պատկերացմամբ, զարգացման որոշակի վեկտոր ունի, մինչդեռ հակադրությունը միայն լափում է երկու կողմերի ռեսուրսները:

Քաղաքացիների իրավունքներից որո՞նք են ավելի շատ ոտնահարվում (ազատ խոսքի, դավանանքի, ցույցերի եւ հավաքների, ընտրությունների կամ այլ իրավունքներ) եւ, ընդհակառակը, ո՞ր ոլորտներում է նկատվում իրավիճակի բարելավում նախընթաց ժամանակաշրջանի համեմատությամբ: Դա ինչի՞ հետ է կապված:

Զանգվածաբար ոտնահարվող իրավունքն ընտրելու իրավունքն է: Մարդուն, ըստ էության, թողնում են, որպեսզի նա քվեաթերթիկը գցի արկղի մեջ, բայց հետո այդ քվեն գործնականում որեւէ արժեք չի ունենում: Նույնը խոսքի ազատության դեպքում է. բոլորիս թույլատրված է ասել այն, ինչ ուզում ենք, բայց, միեւնույն է, որոշումների կայացման փուլում մեր ձայնը լսելի չէ: Հեռուստատեսությունում գործում է քվոտավորված ազատություն: Բայց կա հետաքրքիր միտում' վերջին 4-5 ամիսներին Հայաստանում բուռն զարգանում են սոցիալական ցանցերը, եւ դա, ի վերջո, հանգեցնելու է նրան, որ իշխանությունն անիմաստ համարի վերահսկողությունը հեռուստատեսության նկատմամբ:

Խնդիրն այն է, որ Հայաստանում գործում է փակ համակարգ, եւ Սերժ Սարգսյանի գլխավոր թեստն այն է' կարո՞ղ է նա ստեղծել բաց համակարգ, թե՞ ոչ, երբ ներքեւից եկող առաջարկները, բողոքները, ներկայացված հարցերն ադեկվատ արձագանքի են արժանանում կառավարության կողմից: Սա չի վերաբերում միայն իշխանությանը. ընդդիմության էլիտան նույնպես որոշակիորեն կտրված է այն զանգվածից, որը նրան հավատում է:

Սահմանափակված է մարդկանց աշխատելու իրավունքը, որովհետեւ կա գործազրկություն, արդար դատավարության իրավունքը, քանի որ դատարաններն ամբողջությամբ կախված են գործադիր իշխանությունից: Դավանանքի առումով մեծ սահմանափակումներ չեմ տեսնում, բայց ինձ դուր չի գալիս այն բացառիկ դերակատարությունը, որ կառավարությունը ցույց է տալիս Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ: Եկեղեցին դե ֆակտո դարձել է պետական ինստիտուտ, որն օգտագործվում է եւ քաղաքական, եւ քարոզչական նպատակներով:

Ինձ թվում է' քաղաքական էլիտան որոշակի դասեր քաղեց արաբական հեղափոխություններից: Ի վերջո, կար երկու ճանապարհ. մեկը' ուժեղացնել ռեպրեսիվ միտումները, բայց դա չէր ապահովի կայունություն, կբերեր միայն իշխանության կարճաժամկետ ամրապնդման, կամ գնալ բարեփոխումների' թեկուզ կիսատ-պռատ: Հայաստանի իշխանությունն ընտրեց երկրորդը, եւ Սերժ Սարգսյանը, որքան էլ ես նրան ընդդիմադիր եմ, բացառիկ հնարավորություն ունի ապացուցելու, որ իր կառավարման չորրորդ տարում գիտակցել է բաց համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը: Մյուս կողմից, միայն Սերժ Սարգսյանի գիտակցելով կամ նրա հրապարակային հայտարարություններով ես չեմ կարող ռոմանտիկ հեռանկարներ պատկերացնել, այլ պետք է տեսնեմ գործնական քայլեր:

Ի՞նչն է բնորոշում Հայաստանի ներկայիս ընդդիմությանը, հասարակության ո՞ր հատվածներն են նրա կողմնակիցները: Ինչպե՞ս կարելի է բնութագրել ընդդիմադիր կուսակցությունների զբաղեցրած տեղը մյուս ոչ իշխանական ուժերի' հասարակական շարժումների, նախաձեռնությունների եւ այլ միավորումների համեմատությամբ:

Հեռու եմ այն կարծիքից, թե Հայաստանում միակ ընդդիմությունը Հայ ազգային կոնգրեսն է, թեեւ, հանուն արդարության, պետք է ասեմ, որ ինստիտուցիոնալ կայացվածության առումով սա միակ լուրջ այլընտրանքն է գործող իշխանությանը: Նաեւ ընդդիմությունն է, որ որոշակի նոր գաղափարներ բերեց մեր իրականություն:

Հայ հեղափոխական դաշնակցությունն ասոցացվում է գաղափարների հետ, որոնք, ըստ էության, Հայաստանի ներկայի հետ որեւէ առնչություն չունեն: Մեծ Հայաստանի վիրտուլ պատկերը որեւէ կապ չունի իրական Հայաստանի հետ: Դոգմատիկ մի քանի բանաձեւեր ադեկվատ չեն դարձնում Դաշնակցության ընկալումը հասարակության կողմից: Այս կուսակցությունը հեռանկար ունի, եթե ազգային հռետորաբանությունից անցնի սոցիալ-դեմոկրատական մոդելին, այդ ժամանակ այն կունենա հասարակության մի մասի պաշտպանությունը:

«Ժառանգություն» կուսակցությունն ամենաչկայացած ընդդիմադիր ուժն է մեր քաղաքական իրականության մեջ, որովհետեւ այն փորձում է համատեղել անհամատեղելին. հանդես է գալիս ազատական կարգախոսներով' ազգայնական գաղափարների համատեքստում: Դժվար է համատեղել լիբերալ եւ դաշնակցական արժեքները մեկ քաղաքական տանիքի ներքո: Բացի այդ, «Ժառանգությունը» հրապարակավ հնչեցնում է կարգախոսներ, պահանջներ, որոնց նկատմամբ հասարակության լայն զանգվածներն անհաղորդ են: Րաֆֆի Հովհաննիսյանի նույնիսկ ամենածայրահեղ քայլը' հացադուլը, չարժանացավ հասարակական ադեկվատ արձագանքի: Իրենց համար դժվար է լինելու, որովհետեւ կուսակցության հեղինակությունը բացառապես հիմնված է ֆրակցիայի ակտիվության վրա: «Դաշնակցության» եւ «Ժառանգության» էլեկտորալ բազան նույնն է. նրանք ազգայնական տրամադրություն ունեցող մարդիկ են, որ հասարակության մեջ երբեք մեծամասնություն չեն կազմել: Շատ ավելի բազմաշերտ է Հայ ազգային կոնգրեսը: Դժվար է ուրվագծել ՀԱԿ-ին հարող հատվածը: Այդտեղ կան եւ ֆինանսապես ապահովված մարդիկ, եւ հույսը կտրած չքավորներ: Նրանց միավորում է Լեւոն Տեր- Պետրոսյանի անձը, նրա քաղաքական կշիռը: Իհարկե, ՀԱԿ-ն այս ձեւով երկար գոյություն ունենալ չի կարող. թե իշխանության գալու պարագայում, թե խորհրդարանական ուժ դառնալուց հետո նրա ներսում առաջանալու են տարբեր ֆրակցիաներ: Բայց մի հարցում պետք է օբյեկտիվ լինել. քանի մարդիկ չհավատան արտահերթ ընտրությունների հնարավորությանը, քանի Լեւոն Տեր-Պետրոսյանի ազդեցությունը թուլանա, այնքան շուտ են լինելու իմ ասած այդ անջատումները: Պարզապես մինչ այդ ՀԱԿ-ին, ինձ թվում է, կհաջողվի ձեւավորել մի թիմ, որը իր' քաղաքականությունից հեռանալու դեպքում կկարողանա որոշակի դերակատարում ունենալ:

Այնուամենայնիվ, ես կասեի' հիմա կա երեք Հայաստան, որոնք երկխոսելու անհրաժեշտություն ունեն: Մի Հայաստանն արքունիքն է, որը բարեփոխվելու նշաններ է ցույց տալիս, բայց դեռ ճանապարհ ունի, մյուս Հայաստանը ՀԱԿ-ն է, որը շատ կարեւոր դեր ունի հասարակական կյանքում, բայց ամբողջովին ադեկվատ չէ հասարակական տրամադրություններին, եւ երրորդ Հայաստանը, որին պատկանում է ապագան եւ որը դեռ զարգացման փուլում է' քաղաքացիական սպեկտրն է:

Ի՞նչ գործոններ կարող են փոխել երկրում քաղաքական ազատությունների հետ կապված ներկա իրադրությունը բարելավման կամ, ընդհակառակը, էլ ավելի վատթարացման առումով (ներքին ապակայունացման եւ իշխանափոխության վտանգը, արտաքին ուժերի կամ այլ երկրներում կատարվող գործընթացների ազդեցությունը, միջազգային կազմակերպությունների ազդեցությունը, Ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգը):

Երկխոսությունն այն գործոնն է, որը կավելացնի քաղաքական ազատությունը երկրում: Եթե երկխոսությունը կայացավ, մենք չենք ունենա քաղբանտարկյալներ, չենք ունենա միմյանց ոչնչացնելու ձգտում, չենք ունենա ոստիկանության ամենաթողություն, որովհետեւ հակադրության պայմաններում է, որ ոստիկանն իրեն ամենազոր է զգում: Եթե չկա հակադրություն, իշխանությունը կարիք չի ունենա մահակավոր ոստիկանի, ընդդիմությունն էլ կարիք չի ունենա արժեք չստեղծող լյումպենի, որը, հայհոյելուց զատ, այլ գործառույթ չի կարողանում կատարել: Երկխոսությունը կբարեփոխի եւ իշխանության, եւ ՀԱԿ-ի ստեղծած համակարգերը. այս երկու համակարգերն էլ ավտորիտար են, անձնակենտրոն: Հակադրության ռեժիմում այլ կերպ լինել չէր էլ կարող, որովհետեւ հակադրությունը ենթադրում է գեներալներ' իրենց բանակներով:

Հայաստան-Ադրբեջան - 2011. կարծիքներ ու մեկնաբանություններ

Հայաստանում եւ Ադրբեջանում ժողովրդավարական ազատությունների մասին են ստորեւ ներկայացվող հարցազրույցները: Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող մեր հարցումները (20 թեմաներով 40 տարբեր մասնագետների հետ զույգ հարցազրույցների շարք) «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Հետք» եւ Ադրբեջանում «Նովոյե Վրեմյա» թերթերում: Ադրբեջանում հարցազրույցներն անց է կացնում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter