Մեկնարկել է «Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնը
Նոյեմբերի 4-ից մեկնարկել է «Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնը։ Այս տարի այն նվիրված է կլիմայի փոփոխությանը: Փառատոնի շրջանակում նոյեմբերի 4-8-ը կցուցադրվեն վերջին տարիներին նկարահանված բնապահպանական լավագույն 30 ֆիլմերը՝ աշխարհի տարբեր անկյուններից։ Դրանք կցուցադրվեն Հայաստանի կինոգործիչների միությունում և Հենրիկ Մալյանի անվան թատրոնում՝ մուտքն ազատ է։
Փառատոնում ներկայացված ֆիլմերը մրցելու են երեք անվանակարգերում․
- Լիամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին
- Կարճամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին
- Մանկապատանեկան ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին
Փառատոնում ներկայացված են նաև ոչ մրցութային բնապահպանական ֆիլմեր։ Փառատոնի աշխարհագրությունը միայն Երևանով չի սահմանափակվում․ նոյեմբերի 8-ից սկսած՝ ֆիլմերը ցուցադրվելու են նաև մարզերում։
«Մեր փառատոնի հիմնական թիրախը երիտասարդներն են։ Տարեց տարի մենք փորձում ենք ընդլայնել մեր լսարանը և ներգրավել ավելի շատ պատանիների։ Այդ պատճառով յուրաքանչյուր տարի փառատոնը տանում ենք Հայաստանի ամենահեռավոր գյուղեր և ցուցադրություններ կազմակերպում բոլոր երեխաների և երիտասարդների համար»,-ասում է փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը։
«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը հիմնվել է 2007թ․-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից: Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնը իր տեսակով առաջինն ու դեռևս միակն է ամբողջ Հարավկովկասյան տարածաշրջանում։
«Չնայած բոլոր դժվարություններին, որ առերեսվել ենք, հպարտորեն կարող ենք ասել, որ փառատոնը կայացել է, և հիմնադրամը իր բոլոր հնարավորությունները ուղղելու է, որպեսզի այն էլ ավելի մեծ թափով առաջ գնա։ Մյուս տարի փառատոնի համար բեկումնային է լինելու․ մրցանակային ֆոնդը բազմապատկվելու է, և արտերկրից ժամանող հյուրերը նույնպես ավելի շատ են լինելու»,- նշում է «Արևորդի» փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը։
Փառատոնի ընթացքում ցուցադրվող ֆիլմերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ։
Մեկնաբանել