
Մոսկվան Երևանին և Բաքվին իրավիճակը ապակայունացնող քայլերից զերծ մնալու կոչ է անում
Ռուսաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք շփման գծում կարող են լարվածություն հրահրել։ Այդ մասին երկուշաբթի օրը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իրոք, Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ շեշտադրված էր կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի մտադրությունը՝ կարգավորել բացառապես քաղաքական-դիվանագիտական, խաղաղ միջոցներով։ Այդ իսկ պատճառով մենք նախկինի պես կոչ ենք անում երկու կողմին զերծ մնալ վտանգավոր գործողություններից և քայլերից, որոնք կարող են հանգեցնել շփման գծում լարվածության հրահրմանը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանագծին այս գիշեր գրանցված լարված իրավիճակը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: «Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- նշված էր նախարարության տարածած հաղորդագրությունում: Իր հերթին ադրբեջանական կողմը Հայաստանին էր մեղադրել իր դիրքերի ուղղությամբ կրակահերթի մեջ։
Լուսանկարը՝ РИА Новости / Екатерина Чеснокова
Մեկնաբանել