
Կառավարությունը 819 միլիոն դրամ կհատկացնի 9 խեցգետնաբուծարան հիմնելու համար
Էկոնոմիկայի նախարարության առաջարկությամբ՝ նախատեսվում է 2023-2025 թվականներին Հայաստանում հիմնել 9 խեցգետնաբուծական համալիր և տնտեսվարողներին տրամադրել կատարված ներդրումների 50 տոկոսի չափով փոխհատուցում։ Արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում։
Ինչպես նշված է ծրագրում, 9 խեցգետնաբուծական համալիրները կլինեն փոքր, միջին և մեծ՝ յուրաքանչյուրից 3-ական։ Ըստ էկոնոմիկայի նախարարության հաշվարկների՝ 2023, 2024 և 2025 թվականներին այս ծրագրի իրագործման համար կհատկացվի 273-ական միլիոն դրամ, ընդհանուր՝ 819 միլիոն։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Հայաստանի որոշ լճերում, գետերում, ջրամբարներում և հատկապես Սևանա լճում խեցգետնի պաշարները հնարավորություն ընձեռեցին իրականացնել դրանց արդյունահանումը, ինչը լայն թափ ստացավ վերջին 3 տասնամյակների ընթացքում, և արդյունահանմանը զուգահեռ իրականացվեց նաև խեցգետնի արտահանում, որի ծավալները կտրուկ աճեցին 2010-ականների կեսերին, երբ տարեկան արտահանվում էր ավելի քան 2000 տոննա խեցգետին։
Սակայն խեցգետնի չկանոնակարգված և անվերահսկելի որսը, առավելապես Սևանա լճից, հանգեցրին լճում դրա պաշարների կտրուկ նվազմանը։
Էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է, որ ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանում տարեկան կարտադրվի 162 տոննա խեցգետին և տարեկան լրացուցիչ 1 մլրդ 620 մլն դրամի համախառն արտադրանքի կլինի, ինչպես նաև ժամանակի ընթացքում կվերականգնվի խեցգետնի երբեմնի հարուստ պաշարները։
Հավելենք, որ այս նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։
Լուսանկարը՝ արխիվային / © Հետք
Մեկնաբանել