HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հայաստանում ամեն 4-րդ երեխան չի ծնվում. սեռի նախապատվությունը տրվում է տղաներին

2019-2021թթ․ Հայաստանում ծնվել է մոտ 108 000 երեխա, և գրանցվել է հղիության արհեստական ընդհատման մոտ 33 000 դեպք, որից միայն 20 %-ն է եղել բժշկի ցուցումով, այսինքն՝ պայմանավորված առողջական խնդիրներով։

Հղիության ընդհատման գործակիցն ամենաբարձրը Սյունիքում է, ամենացածրը՝ Վայոց Ձորում և Տավուշում։

2022թ․ հունիսին Հայաստանում հետազոտություն է կատարվել պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների վերաբերյալ։ Պարզվել է՝ սեռերի նկատմամբ հավասար վերաբերմունք ունեցող մարդկանց թիվը նվազել է գրեթե բոլոր մարզերում. հավասար վերաբերմունք ունեցողների ամենաբարձր թիվը Կոտայքում է՝ 77%, Երևանում՝ 75%, ամենացածրը Գեղարքունիքում է՝ 60%։ Հիմնական պատճառաբանությունն այն է, որ տղան ընտանիքի շարունակողն է, հայրենիքի պաշտպանն ու ունեցվածքի ժառանգորդը։

Դրան զուգահեռ, «Հետք»-ն ուսումնասիրել է Առողջապահության ազգային ինստիտուտի հրապարակած վերջին տվյալները՝ գրանցված ծնունդների, հղիության արհեստական ընդհատման, դրանց ձևերի մասին։

 

 

Առողջապահության ազգային ինստիտուտի հրապարակած՝ 2022թ․ տարեգրքի տվյալներով՝ 2019-2021թթ.-ին Հայաստանում տարեկան ծնվել է գրեթե հավասար՝ մոտ 36 000-ական երեխա։ 1990-ական թվականների համեմատ 2021թ․ Հայաստանում ծնվածների թիվը նվազել է 45%-ով, այսինքն՝ մոտ 2 անգամ։

Ամենակտրուկ նվազումն այդ ընթացքում եղել է 1995-1990թթ.-երին, երբ ծնելիությունը նվազել է 56%-ով՝ 80039-ից 5 տարում կրճատվելով մինչև 45 445-ի (1995թ․)։ Հետագա տարիներին մինչև այսօր՝ 2021թ․ տվյալներով, տարեցտարի ծնունդների թիվը նվազում է։ Չնայած պատերազմի և կորոնավիրուսի ազդեցությանը` 2020-2021 թվականներին ծնունդների տարբերությունը դեռևս զգալի չէ. 2021թ․ ծնունդների թիվը նվազել է ընդամենը 311-ով։

Ծնելիության աճ նկատվել է միայն 2005-2010թթ․-ին, երբ ծնունդների թիվն ավելացել է 17,75%-ով, կամ 6747-ով։

Ի տարբերություն ծնելիության նվազման՝ հղիության արհեստական ընդհատման դեպքերը, ընդհանուր ծնվածների հարաբերակցության առումով, գրեթե հավասար են։

«Վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մինչև 12 շաբաթական հղիության ընդհատումը կատարվում է կնոջ գրավոր դիմումի համաձայն: Բժշկական ցուցումների դեպքում՝ ընդհատումը մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը իրականացվում է կնոջ գրավոր համաձայնությամբ.

12-ից մինչև 22 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է բացառապես բժշկական (ներառյալ՝ սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականության դեպքում) կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում՝ կնոջ գրավոր համաձայնությամբ:

Օրենքով չնախատեսված որևէ այլ դեպքում, ներառյալ՝ սեռով պայմանավորված 12-ից մինչև 22 շաբաթական ընդհատումն արգելվում է: 

2019-2021թթ․ տվյալներով` Հայաստանում ծնվել է մոտ 108 000 երեխա, և գրանցվել է մոտ 33 000 հղիության արհեստական ընդհատման դեպք. այսինքն՝ Հայաստանում ամեն 4-րդ երեխան չի ծնվել։ Ընդ որում՝ հղիության ընդհատման դեպքերի մեջ ինքնաբեր, այսինքն՝ ինքն իրեն առաջացող, հղիության անխուսափելի, չկանխամտածված ընդհատման դեպքեր ցուցանիշն այդքան էլ մեծ չէ՝ մոտ 20%։

Այս պատկերը գրեթե նույնն է 2000, 2005, 2010 և 2015թթ.-ին։

Թեև թվաքանակով՝ բացարձակ արժեքով, մարզերում հղիության ընդհատման դեպքերն ամենաշատը Կոտայքում են, սակայն հղիության ընդհատման գործակիցը (երեխա ունենալ կարող 1000 կանանց հաշվով) Սյունիքի մարզում է, ամենաքիչը՝ Վայոց Ձորում և Տավուշում։

Միևնույն ժամանակ, տղա և աղջիկ սեռերի նկատմամբ հավասար վերաբերմունք ցուցաբերողների ամենաբարձր ցուցանիշը նույնպես Կոտայքի մարզում է՝ 77%։

Մանրամասն՝ ինֆոգրաֆիկայում 

Ծնունդ և հղիության ընդհատում վիճակագրություն
Infogram

2022թ․ հունիսին Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, «ՕքսԵՋեն» հիմնադրամի և «Բրեվիս» հետազոտական ընկերության կողմից իրականացվել է «Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման տարածվածության և պատճառների» հետազոտություն (արվել է նաև 2017թ.-ին)՝ հասկանալու պտղի սեռով պայմանավորված ընտրության տենդենցներն ու իրավիճակը, ինչպես նաև՝ համեմատելու դրանք նախորդ՝ նմանատիպ հետազոտության հետ։

Հետազոտությունն անցկացվել է քանակական և որակական մեթոդներով։ Հարցվողները եղել են երբևէ հղիություն ունեցած կանայք՝ 18-49 տարեկան, եղել են նաև ֆոկուս-խմբային քննարկումներ ոլորտի մասնագետների, որոշում կայացնողների հետ։

Դեռևս 1990-ական թվականներից Հայաստանում նոր ծնվածների մեջ սեռերի անհամաչափ բաշխվածություն է եղել. մասնավորապես՝ 120 տղայի դիմաց ծնվել է 100 աղջիկ, մինչդեռ բնական է համարվում 105 տղա-100 աղջիկ հարաբերակցությունը։

​​ՄԱԿ-ն այս հարցին առաջին անգամ անդրադարձել է 2010թ.-ին, երբ ցուցանիշը նվազել է՝ 114 տղայի դիմաց ծնվել է 100 աղջիկ։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի՝ սեռի խտրական ընտրության դեմ պայքարի ծրագրի համակարգող Զարուհի Տոնոյանն ասում է, որ թեև վերջերս նկատվել է դրական միտում (նախորդ տարի 108 տղա է ծնվել 100 աղջկա դիմաց), սակայն սեռով պայմանավորված ընդհատումների հարցը Հայաստանում շարունակում է մնալ ակտուալ։ «Հայաստանը զբաղեցնում է այն դիրքերը, որոնցում է Հնդկաստանը, Վիետնամը, Չինաստանը, որտեղ կա նույն խնդիրը։ Այս տարվա հետազոտության արդյունքները նույնպես ցույց տվեցին, որ, ցավոք, Հայաստանում պահպանվում է պտղի սեռի խտրական ընտրության և տղային նախապատվություն տալու խնդիրը»,- ասում է Զարուհի Տոնոյանը։

Նրա խոսքով՝ սեռի ընտրության հարցը հատկապես խորանում է երկրորդ-երրորդ երեխաների պարագայում, երբ արդեն պտղի սեռով պայմանավորված՝ միանշանակ արհեստական ընդհատումներ են լինում։

Սա հաստատեց նաև «ՕքսԵՋեն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Կարեն Այվազյանը՝ նշելով, որ առաջին երեխայի դեպքում, թեև դարձյալ նախապատվությունը տղաներին է տրվում, սակայն սեռերի հարաբերակցությունը մոտ է բնական մակարդակին, բայց արդեն երկրորդ հղիության ժամանակ անհամամասնությունը սկսում է աճել։

«2022թ․ տվյալների համաձայն՝ ծնված երեխաների սեռերի ամենամեծ անհամամասնությունը 4-րդ երեխաների դեպքում է եղել, 2017թ․ տվյալներով՝ երրորդ երեխայի դեպքում է եղել։ Այսինքն՝ երրորդ հղիությունից հետո աճում է իգական սեռի պտղի արհեստական ընդհատումների քանակը»։

Հետազոտության տվյալները վկայում են, որ սեռերի նկատմամբ հավասար վերաբերմունք ունեցող մարդկանց կշիռը նվազել է բոլոր մարզերում։ Ամենացածր ցուցանիշը Գեղարքունիքի մարզում է. եթե 2017թ․ հարցվածների մինչև 75%-ը պատասխանել է, որ հավասար վերաբերմունք է ցուցաբերում երկու սեռի երեխաների նկատմամբ, ապա 2022թ.-ին այս ցուցանիշը նվազել է 15%-ով՝ մոտենալով 60%-ի։

Հավասար վերաբերմունք ցուցաբերողների ամենաբարձր ցուցանիշը Կոտայքի մարզում է՝ 77%, իսկ Երևանում՝ 75%։ Մնացած բոլոր մարզերում տղա երեխաների հանդեպ նախապատվությունն ավելի է աճել։ Միայն Տավուշի մարզում է մեծացել աղջիկ երեխաներին տրվող նախապատվությունը։

Կարեն Այվազյանի խոսքով՝ հիմնական պատճառաբանությունը, որ բերել է տղային նախապատվություն տվողների 91%-ը, այն է, որ նրանք ընտանիքի շարունակողներն են, 83%-ը նշել է, որ տղաները հայրենիքի պաշտպան են, իսկ 67%-ը նշել է, որ տղաներն ունեցվածքի ժառանգորդներն են։

Աղջիկ երեխաներին նախապատվություն տվողների 67%-ը նշել է, որ «դուստրը միշտ պատրաստ է օգնել ծնողներին», 10%-ը նշել է, որ աղջիկներն ընտանիքում ավելի քիչ են, այդ պատճառով են ցանկանում աղջիկ ունենալ, 5%-ն էլ նշել է, որ ընտանիքում աղջիկների նկատմամբ սերը մեծ է։

«Երկու դեպքում էլ պատճառները սոցիալ-տնտեսական, մշակութային, նաև՝ անվտանգային են. մի դեպքում՝ տղաները դիտվում են որպես տնտեսական բարեկեցության միջոց, նաև՝ անվտանգության երաշխավոր, իսկ աղջիկներն ավելի շատ դիտվում են որպես ընտանիքին խնամող և օգնող»,- ասում է Կարեն Այվազյանը։

Գյուղական համայնքներում առաջին երեխայի սեռի առնչությամբ աղջիկների նախապատվությունն աճել է 7%-ով, նույնքանով էլ կրճատվել է տղաներին տրվող նախապատվությունը, սակայն այն շարունակում է մնալ գերակշռող։

Առաջին երեխաների դեպքում մարզային քաղաքներում կանայք նախապատվությունը տալիս են աղջիկներին։ Նրանց ամուսինները, ընդհակառակը, առաջին երեխայի նախապատվությունը տալիս են տղաներին։

Խոսելով հետագա քայլերից՝ Զարուհի Տոնոյանն ասաց, որ աշխատանքներ ունեն անելու բարձր դասարանի աշակերտների շրջանում՝ նրանց բացատրելու, որ կինն ու տղամարդը պետք է ունենան հավասար իրավունքներ և հնարավորություններ, քանի որ անհամաչափությունը հետագայում ազդելու է հասարակության զարգացվածության վրա։

Բացի այդ, ըստ նրա, կարևոր է խոսել առաջնային օղակի բուժաշխատողների հետ, ովքեր առաջիններից են, որ խորհրդատվություն են տալիս կանանց։ Կարևոր է, որ նրանք ճիշտ կարողանան ներկայացնել սեռով պայմանավորված հղիության ընդհատման հետևանքները։

«Հետազոտության արդյունքները ներկայացվելու են պետական և մի շարք միջազգային կառույցների։ Բացի դրանից, ունենալու ենք հանդիպումներ մարզերում, որտեղ ներկայացվելու են տվյալները։ Հաջորդիվ լինելու են ծրագրեր՝ միտված բարձրացնելու աղջիկների և կանանց դերը հասարակության մեջ»,- ասաց Զ. Տոնոյանը։ Ապա հավելեց՝ շատ կարևոր է ցույց տալ, որ ցանկացած սեռի երեխայի նկատմամբ՝ լինի աղջիկ, թե տղա, պետք է լինի հավասար վերաբերմունք, և միտում չկա անպայման բարձրացնելու հենց աղջիկ երեխայի դերը։ Նպատակը երեխաների համամասնությունը բնական մակարդակի հասցնելն է։

Մշակվել են նաև առողջապահական և կրթական ոլորտներին վերաբերող առաջարկներ, որոնք ներկայացվելու են համապատասխան գերատեսչություններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter