HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իլհամ Ալիև. «Եթե մենք ինչ-որ մեկից վախենայինք, երբեք չէինք սկսի Երկրորդ ղարաբաղյան պատերազմը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ելույթ է ունեցել Շուշիում, որի ընթացքում խոսել է Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի ձեռնարկման, Հայաստանի պարտավորությունների, սեպտեմբերյան մարտերի և, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի թեմայի մասին։ Ելույթին ներկա են եղել նաև Ալիևի կինը՝ այդ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան և որդին՝ Հեյդար Ալիևը։ 

44-օրյա պատերազմի մեկնարկի և Իրանի մասին

Ալիևը պնդում է, որ իր երկիրը ոչ մեկից չի վախենում և չի զգուշանում՝ ուղղակիորեն խոստովանելով, որ 44-օրյա պատերազմը սկսել է Ադրբեջանը։ «Եթե մենք ինչ-որ մեկից վախենայինք, երբեք չէինք սկսի Երկրորդ ղարաբաղյան պատերազմը։ Մեզնից յուրաքանչյուրը պատրաստ էր զոհվել, սակայն վերադարձ չկար, ազատություն կամ մահ: <...> Այդ իսկ պատճառով հիմա, չնայած նրան, որ պատերազմը երկու տարի առաջ ավարտվել է, կան տագնապալի պահեր, և այդ կապակցությամբ ես ուզում եմ դիմել հայ ժողովրդին։ Հիմա նրանք տեսնում են այդ երեսուն տարվա բռնազավթման ցավը, տեսնում են, թե ինչ է նշանակում բռնազավթում և կորուստներ։ Մենք միայն պատասխանել ենք նրանց, մենք պատերազմել ենք մեր հողում, մենք ագրեսորին քշել ենք մեր հողերից։ Նրանք պետք է դա գիտակցեն, որ երկրորդ անգամ չդառնան այնպիսի շրջանակների զոհ, որոնք գտնվում են արտասահմանում և այս տարածաշրջանը դիտարկում որպես խաղահրապարակ»,- APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ալիևը՝ ակնարկելով Իրանին։ «Եթե պետք է, ցույց կտանք ևս մեկ անգամ, կհասնենք ցանկալիին, դա գիտեն բոլորը և դա պետք է իմանան նաև նրանք, որոնք զորավարժություններ են անում մեր սահմանների մոտ ի աջակցություն Հայաստանի։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել։ Եթե Հայաստանը ցանկանում է բարիդրացիական քաղաքականություն վարել, առաջին հերթին նա պետք է կատարի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության բոլոր դրույթները»,- հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ Երևանը չպետք է սպասի հրաշքի, որովհետև ոչ ոք չի գա չի պատերազմի իր փոխարեն։

Մուսուլմանական երկրների կողմից Հայաստանին աջակցության մասին

Ալիևը քննադատել է նաև մուսուլմանական այն երկրներին, որոնք աջակցություն են տրամադրում Հայաստանին։ «Մենք սերտ հարաբերություններ ենք հաստատել մուսուլմանական երկրների հետ և կարողացել ենք նրանց բացատրել, որ Հայաստանը ագրեսիվ քաղաքականություն է վարում ոչ միայն մեր, այլև ողջ մուսուլմանական աշխարհի դեմ։ Մզկիթներ կործանողները չեն կարող ընկերություն անել մուսուլմանական երկրների հետ։ Մուսուլմանական երկրների ղեկավարները չեն կարող ընդունել նրանց, որոնք մզկիթներ են ոչնչացնում, այդպես չէ՞։ Կարո՞ղ են նրանք գրկել և համբուրել նրանց։ Դա կեղծավորություն է, դավաճանություն, այլ կերպ չես անվանի»,- նշել է նա։

Սեպտեմբերյան մարտերի մասին

Ալիևը, խոսելով այս տարվա սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանին բախումների մասին, հայտարարել է, որ դրանք պետք է դաս լինեն Հայաստանի համար։ «Մենք նրանց տալիս ենք այդ դասը և հույս ունենք, որ նրանք ի վերջո դա կհասկանան և կզբաղվեն իրենց ներքին գործերով՝ դադարեցնելով փորել մեր հողերը, մեր Ղարաբաղը։ Ղարաբաղը մեր հողն է, այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահները ժամանակավոր են տեղակայված։ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշված է նրանց գտնվելու ժամկետը»,- հայտարարել է Ալիևը։

Ալիևի խոսքով՝ սեպտեմբերյան մարտերից հետո Ադրբեջանի զինված ուժերը տեղակայվել են հայ-ադրբեջանական սահմանի ռազմավարական բարձունքներում։ «Հայաստանը պետք է լավ իմանա, թե դա ինչ է նշանակում։ Այսօր այդ ռազմավարական բարձունքներից մենք կարող ենք տեսնել Ղարաքիլիսան (նկատի ունի Սիսիանը, հեղ․), Ղափանը (Կապան), Գորուսը (Գորիս) և Իսթիսուն (Ջերմուկը)։ <...> Այս բոլորն իրողություններ են։ <...> Ինչո՞ւ։ Առաջին հերթին ի պատասխան Հայաստանի ռազմական սադրանքներին, մյուս կողմից, որ ապահովագրենք մեզ ապագայում հնարավոր ռազմական սադրանքներից։ Հարցն այն է, որ հայկական բանակի դիրքերի մեծամասնությունը երևում է իմ նշած բարձունքներից, և եթե այնտեղ ուժերի կուտակումներ լինեն, մենք դրանք կտեսնենք և անհապաղ միջոցներ կձեռնարկենք»,- ասել է Ալիևը։

Ալիևը նշել է, որ այդ ամենն արվել է նաև այն պատճառով, որ «Հայաստանին ստիպեն կատարել միջազգային պարտավորությունները։ «Հայաստանը պարտվել է Երկրորդ ղարաբաղյան պատերազմում, և նրա բանակը ոչնչացվել է։ Պարտված երկիրը չի կարող իրեն այդպես պահել։ Այդ իսկ պատճառով մեր քայլերն արդարացված են։ Իհարկե, Հայաստանի որոշ արևմտյան հովանավորներ մեզ ինչ-որ բանում ցանկանում են մեղադրել։ Ես նրանց պատասխանել եմ։ Եթե նրանք ինչ-որ բան էլ ծուղրուղու կանչեն, ես նրանց ամեն դեպքում կպատասխանեմ։ Ինձ դա չի կանգնեցնի։ Սակայն բանն այն է, որ մենք պահանջում ենք մի բան, ինչը մեզ տրված է իրավունքով, և այն փաստը, որ ճշմարտությունն Ադրբեջանի կողմն է, կասկածի տակ չի դրվում միջազգային խոշոր խաղացողների կողմից»,- հայտարարել է Ալիևը։

Ղարաբաղում հայկական զինուժի և «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ալիևի պնդմամբ՝ Հայաստանը պետք է կատարի իր բոլոր պարտավորությունները, քանի որ «Ադրբեջանի համբերությունն անսահման չէ»։ «Մենք կատարում ենք 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությամբ մեր ստանձնած բոլոր պարտավորությունները։ Մենք իրականացնում ենք դրանք արդեն երկու տարի, բայց արդյոք Հայաստանը անո՞ւմ է նույն բանը։ Ո’չ։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմից անմիջապես հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնպես վախեցավ, որ կատարեց այդ դրույթները և առանց որևէ կրակոցի մեզ վերադարձրին Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանների բռնազավթված տարածքները»,- ասել է Ալիևը՝ պնդելով, սակայն, թե Հայաստանն իբր չի կատարել Ղարաբաղից զորքերի դուրսբերման իր պարտավորությունը։ «Ի՞նչ են հայկական զինված ուժերը անում Ղարաբաղում։ Մեր համբերությունն անսահման չէ, և ես ուզում եմ ևս մեկ անգամ զգուշացնել, որ եթե այդ պարտավորությունը չիրագործվի, Ադրբեջանը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր»,- ասել է Ալիևը։

Ալիևն անդրադարձել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցին՝ նշելով, որ Հայաստանը ստանձնել է համապատասխան պարտավորություն։ «Երկու տարի մենք ձեռք չենք տալիս մեքենաներին, որոնք Լաչինի միջանցքով Հայաստանից գնում են Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ։ Մենք հավատարիմ ենք ազատ տեղաշարժի մեր պարտավորություններին։ Հայաստանը ևս պարտավորվել է ապահովել ճանապարհային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար Հանրապետության միջև։ Անցել է երկու տարի, տեխնիկա-տնտեսական հիմնավորում չկա, չկա որևէ առաջընթաց, ոչ երկաթուղի, ոչ ավտոմոբիլային։ Եվ ինչքա՞ն երկար մենք սպասենք»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանություններ (1)

ED
This man likes to see only blood.... Aliyev says. Every piece of paper what I (or my FM) sign is only to give the impression that I want peace,, hahhahah .. but what I sign in this regard is not even paper wort written on it … Aliyev says” Russia get ready to “move out” and his message to Iran is: Me and my big brother Erdogan are ready for big Turan … and I say nobody can stop me and Erdogan to get what we want.. Unfortunately, The WEST/EU/NATO and even Russia all together do allow and tolerate how the next Hitelr or Mussolini is being raised in Caucasus. The next “Muslim” Hitler is openly saying that he is NOT afraid of NOBODY and NOTHIMG can stop him AND so on.. Yesterday , US said that America is a friend of “Azerbaijan – Aliyev got the supporting and courageous message . it seems that Aliyev this time doesn't want to wait for (another ) Businessman Trump (who had/has "Trump Hotel " in Baku ..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter