HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործնականում ոտնահարվում են քաղաքացիների բոլոր ազատությունները

Ադրբեջանի` եվրաինտեգրման ազգային հասարակական կոմիտեի անդամ Թողրուլ Ջուվարլիի հետ

Ինչի՞ վրա է հիմնված երկրի ներքաղաքական կայունությունը, եւ գործնականում ինչպե՞ս են քաղաքացիներն օգտվում օրենսդրությամբ ամրագրված ներքաղաքական ազատություններից:

Երկրի ներքաղաքական կայունությունը հիմնված է բնակչության շատ թե քիչ տանելի կենսամակարդակի, ինչպես նաեւ իշխանության ճնշող ապարատի շոշափելի ուժի վրա: Այսինքն, եթե նույնիսկ բնակչությունը ինչ-որ լուրջ անհանգստություն ունի (ասենք' զգում է, որ իր կենսամակարդակն անկայուն է), ապա միշտ հնարավոր է հանդարտեցնել այդպիսի տրամադրությունները:

Ինչ վերաբերում է ներքաղաքական ազատություններին, ապա կոպիտ հաշվարկով բնակչությունը կարելի է բաժանել երկու մասի: Առաջին մասը կարծում է, թե կարող է ապրել առանց այդպիսի ազատությունների կամ նույնիսկ ժամանակ չունի այդ ազատությունների դաշտն ընդլայնելու համար: Մյուսը կարծում է, որ ազատությունների ընդլայնումն այլընտրանք չունի եւ ինչ-որ չափով իրեն զգում է առաջատար ջոկատի դերում, որն այդ ազատությունների դաշտը ընդլայնում է նաեւ հասարակության մյուս մասի համար:

Երիտասարդությունը, որը մասնակցել է վերջին մարտ-ապրիլյան հանրահավաքներին, ըստ էության գործել է օրենքի շրջանակում, քանի որ օրենքում հանրահավաքների անցկացման վայրի վերաբերյալ սահմանափակումներ չկան: Հանրահավաքի թույլտվությունը կատարվում է միայն ծանուցման միջոցով: Բայց զգուշությունը իշխանություններին ստիպեց սկզբից եւեթ ճնշել այդ տրամադրությունները եւ դրանով իսկ երաշխավորել սեփական անվտանգությունը:

Ընդհանրապես, այդ հարցը եվրոպական կառույցների եւ իշխանության միջեւ մշտական բանավեճերի առարկա է: Եվրոպական կառույցները համոզված են, որ իշխանությունը պարտավոր է ապահովել հավաքների եւ խոսքի ազատություն:

Թեեւ ընդդիմությունը համարում է, թե ներկա արշավը ունի զուտ իմիտացիոն բնույթ, այդուհանդերձ, անհրաժեշտ է, որ ընդդիմությունն այդ խնդրի նկատմամբ դրսեւորի ավելի ուշադիր եւ առարկայական մոտեցում: Դա կարող էր ստիպել իշխանություններին փոխել խաղի կանոնները, այդ թվում' քաղաքական դաշտում:

Քաղաքացիների իրավունքներից որո՞նք են ավելի շատ ոտնահարվում (ազատ խոսքի, դավանանքի, ցույցերի եւ հավաքների, ընտրությունների կամ այլ իրավունքներ) եւ, ընդհակառակը, ո՞ր ոլորտներում է նկատվում իրավիճակի բարելավում նախընթաց ժամանակաշրջանի համեմատությամբ: Դա ինչի՞ հետ է կապված:

Գործնականում ոտնահարվում են քաղաքացիների բոլոր իրավունքները: Եւ իհարկե, իշխանությունն այստեղ օգտվում է այն հանգամանքից, որ հասարակության զգալի մասը նկատելի անտարբերություն է ցուցաբերում այդ ազատությունների նկատմամբ: Իհարկե, պահպանվում է խոսքի ազատության որոշակի մակարդակ: Բայց եթե հաշվի առնենք, որ անկախ մամուլի գործունեության դաշտը ծայրահեղորեն նեղացել է, իսկ էլեկտրոնային ԶԼՄ-ը բոլորովին անմատչելի են ընդդիմադիր ուժերի համար, ապա պարզ կդառնա, որ այդ ազատությունը ձեւական է: Իշխանություններն ամենից ավելի խոչընդոտում են հանրահավաքների եւ ցույցերի իրավունքի իրագործումը: Ըստ էության, այս բոլոր ազատությունները հանգում են ժողովրդավարության համար սկզբունքային նշանակություն ունեցող մի ազատության' ընտրության ազատության տարբեր մակարդակի ընտրական գործընթացներում: Զրպարտության մասին օրենք ընդունելու հնարավորությունը, ինչպես նաեւ եվրոպական կառույցների ընդգծված հետաքրքրությունը վերջին հանրահավաքների նկատմամբ, թերեւս, կարելի է համարել իրադրության որոշակի բարելավում: Իհարկե, հանրահավաքներն ունեին բավական համեստ մասշտաբ, սակայն դրանց շարունակությունը կրում է սկզբունքային վեճի բնույթ ընդդիմության եւ իշխանության միջեւ: Հնարավոր է, որ իշխանություններն այժմ հասկանում են, որ քաղաքական համակարգը պետք է վերականգնել, եւ դրա համար ընդդիմությունն անհրաժեշտ է, բայց չգիտեն ինչպես անել: Այսպիսի գործընթաց նկատվում է բազմաթիվ հետխորհրդային երկրներում, որոնք ունեն բռնատիրական վարչակարգ:

Ի՞նչն է բնորոշում Ադրբեջանի ներկայիս ընդդիմությանը, հասարակության ո՞ր հատվածներն են նրա կողմնակիցները: Ինչպե՞ս կարելի է բնութագրել ընդդիմադիր կուսակցությունների զբաղեցրած տեղը մյուս ոչ իշխանական ուժերի' հասարակական շարժումների, նախաձեռնությունների եւ այլ միավորումների համեմատությամբ:

Ադրբեջանում ընդդիմությունը գործնականում ներկայացված է նույն կուսակցություններով ու շարժումներով, որոնք գոյություն ունեն արդեն քսան տարի: Նրան կարելի է անվանել «վատ» կամ «լավ», բայց այս բոլոր տարիների ընթացքում իշխանությունը փորձել է ամբողջովին մարգինալացնել երկրի բոլոր ընդդիմադիր կուսակցությունները: Թերեւս, բացառությամբ ոչ մեծ կուսակցությունների, որոնք տեղեր են ստացել խորհրդարանում եւ ներկայանում են որպես մշակութային-լուսավորական նպատակներ հետապնդող քաղաքական կազմավորումներ: Սա ձեռնտու է նաեւ իշխանությանը, քանի որ թույլ է տալիս տպավորություն ստեղծել, թե պահպանվում են խաղի ժողովրդավարական կանոնները:

Հասարակության մեծ մասը հասկանում է, որ ընդդիմադիր կուսակցությունները պետք են, բայց, ոչ առանց իշխանության ջանքերի, հասարակությունը նկատելիորեն կորցրել է վստահությունը ամեն տեսակի քաղաքական ընդդիմության նկատմամբ: Այստեղ որոշակի դեր խաղում է նաեւ վախը: Ցավոք, ընդդիմությունը նշանակալի չափով կորցրել է ուժը, որ ուներ 1990-ականներին:

Զրկվելով սեփական գործունեության պահպանման համար անհրաժեշտ պաշարներից' ընդդիմությունը չկարողացավ հարմարվել «ծանր» ժամանակներին: Այս շրջանում այն զգալի չափով կորցրեց կապը հասարակության հետ եւ չկարողացավ ձեւակերպել հասարակական կարեւորություն ունեցող նոր հարցեր, որոնք կվերածնեին հասարակության հետաքրքրությունը քաղաքականության նկատմամբ: Ավելին, այն ինչ-որ իմաստով բաց թողեց հասարակական կազմակերպությունների ստեղծման գործընթացին միանալու ճիշտ պահը, թեեւ որոշակիորեն կարող էր օգտվել դրանից: Քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների համերաշխ համագործակցությունը հնարավոր դարձավ միայն հիմա, Հանրային պալատի ստեղծման աշխատանքներում, որի նպատակն է պահպանել հասարակության մեջ դիմադրության ոգին:

Գործը բարդանում է նրանով, որ հասարակական կազմակերպություններն իրենք բաժանված են երկու մասի' իշխանության եւ ընդդիմության կողմնակիցների: Ամենատարօրինակը, թվում է, իշխանության վերաբերմունքն է իսլամական ուղղվածություն ունեցող կրոնական խմբերի նկատմամբ: Արգելքներն այստեղ նույնիսկ ավելի խիստ են, քան քաղաքական ընդդիմության դեպքում (նրանց արգելում են ամեն տեսակի հավաքների անցկացումը ցանկացած վայրում): Անգամ գործնական առումով, սա ձեռնտու չէ իշխանությանը, քանի որ իրար մոտ է բերում բոլոր ընդդիմադիր ուժերին' բլոգերային երիտասարդությունից մինչեւ արմատական իսլամիստները:

Ի՞նչ գործոններ կարող են արմատապես փոխել երկրում քաղաքական ազատությունների հետ կապված ներկա իրադրությունը բարելավման կամ, ընդհակառակը, էլ ավելի վատթարացման առումով (ներքին ապակայունացման եւ իշխանափոխության վտանգը, արտաքին ուժերի կամ այլ երկրներում կատարվող գործընթացների ազդեցությունը, միջազգային կազմակերպությունների ազդեցությունը, Ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգը):

Միշտ բաց է մնում իշխանության քաղաքական կամքի հարցը: Իդեալական դեպքում այն ինքն է հասկանում, որ երկրում պետք է լինի նորմալ քաղաքական համակարգ եւ սկսում է խթանել այդ գործընթացը: Նման բան տեղի է ունեցել շատ երկրներում: Բայց մեր իշխանություններն ավելի հաճախ հայտարարում են, որ երկրին պետք է հասարակության կայունությունն ու միասնականությունը այն արտաքին ուժերի առաջ, որոնք ցանկանում են Ադրբեջանի թուլացումը: Ինչ-որ չափով ի նպաստ իշխանության է խոսում այն հանգամանքը, որ վերոհիշյալ հանրահավաքների ժամանակ որպես հռետորական քայլ չօգտագործեց ղարաբաղյան թեման: Սակայն փաստ է եւ այն, որ վաղ թե ուշ պետք կլինի ընտրություն կատարել կայունության եւ զարգացման միջեւ: Ուրիշ բան, որ ժամանակակից գլոբալ աշխարհը դարձել է շատ անկայուն, եւ ոչ ոք չի կարող իմանալ, թե հաջորդ անգամ որտեղից կգա վտանգը: Օրինակ' անցած աշնանը ո՞վ կարող էր կանխատեսել արաբական աշխարհում կատարված ապստամբությունների շարքը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter