
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր ու փեսայի գույքն ուսումնասիրվում է դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն:
Նույն վարչությունում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա նախկին պատգամավորի կնոջ՝ Աննա Գասպարյանի անվամբ հաշվառված գույքը ևս հանդիսանում է բռնագանձման առարկա:
Նշենք, որ Աննա Գասպարյանը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրն է:
«Հետք»-ը դեռևս 2020թ. գրել էր, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանը 2019թ. վաճառել է ամերիկյան իր բնակարաններն ու փոխարենը առանձնատուն ձեռք բերել:
2015-ի օգոստոսի 14-ին Ա. Գևորգյանը 520.000 դոլարով բնակարան է գնել Գլենդելի բազմաբնակարան շենքում: Բնակարանը գնելու համար հայ պաշտոնյան 30 տարի մարման ժամկետով 312.000 դոլարի հիփոթեքային վարկ է վերցրել «East West Bank»-ից: Արդեն նախկին պատգամավորը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած գույքի եւ եկամուտների 2015 թ. տարեկան հայտարարագրում չի նշել, որ այդ տարի անշարժ գույք է ձեռք բերել:
Մինչ պատգամավոր ընտրվելը, Արթուր Գևորգյանը 1997-2001թթ. Երևանի «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ակումբում աշխատել է մարզիչ: 2005-2008թթ. եղել է Երևանի Դավթաշենի թաղապետի տեղակալ: 2008թ. մայիսի 18-ին ընտրվել է Դավթաշեն համայնքի ղեկավար, իսկ 2009-2012թթ.՝ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար:
Այս փուլում գլխավոր դատախազությունը չի բացահայտում, թե խոսքը որ գույքին է վերաբերում՝ պատճառաբանելով, թե շահագրգիռ անձանց բացատրությունների հիման վրա կարող է փոփոխվել գույքի շրջանակը: Հենց այդ պատճառով նպատակահարմար չեն համարում մատնանշել բռնագանձվող գույքի կազմը:
Գլխավոր դատախազությունը Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքի անդամների դեմ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով 2021թ. նոյեմբերին հայցադիմում էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Վլադիմիր Գասպարյանը դատախազության դեմ հակընդդեմ հայց է ներկայացրել ուսումնասիրության արդյունքների վերջնական ամփոփման վերաբերյալ եզրակացությունն անվավեր ճանաչելու պահանջով, սակայն դատարանը մերժել է հակընդդեմ հայցադիմումի ընդունումը:
Դատարանն այս տարվա օգոստոսի 31-ին որոշում է կայացրել քաղաքացիական գործը հանձնել Հակակոռուպցիոն դատարանի քննությանը:
Մեկնաբանել