HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը հանվել է շուկայից. այն չի վաճառվել

Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներին պատկանող ամերիկյան շքեղ առանձնատունը, որը վաճառքի էր հանվել ամիսներ առաջ, վերջերս հանվել է շուկայից եւ այս պահին չի վաճառվում:

Հիշեցնենք, որ 2011-ին Լոս Անջելեսի Վեսթվուդ շրջանի Հոլմբի Հիլզ թանկարժեք թաղամասի առանձնատներից մեկը (հասցեն՝ 530 South Mapleton Drive) 14,4 մլն դոլարով ձեռք է բերել Խաչատրյանի ավագ որդին՝ Գուրգենը, եւ նրա կառավարած «Veto Trust»-ը:

2016-ին «Veto Trust»-ը եւ դրա կառավարիչներից Թեդ Թադեւոս Խաչատրյանը առանձնատունը փոխանցել են վերջինիս ղեկավարած «WRH» ընկերությանը, որը գրանցված է Լոս Անջելեսում։ Ընկերության գործադիր ու ֆինանսական ղեկավարը, ինչպես նաեւ քարտուղարը Թեդ Խաչատրյանն է, տնօրենները՝ Արտյոմ եւ Գուրգեն Խաչատրյանները։ Չնայած փաստաթղթերով տան սեփականատերը «WRH»-ն է, իրական տերերը Գագիկ Խաչատրյանի որդիներն են:

2017-ին Խաչատրյանները այս հասցեում նոր տուն են կառուցել, որի բնակելի տարածքը 3126 քմ է, իսկ ընդհանուր անշարժ գույքի մակերեսը՝ 5224 քմ։

Այս տարվա ապրիլի 7-ին առանձնատունը հանվել էր վաճառքի 63.500.000 դոլարով:

Դրանից շատ չանցած՝ մայիսի 2-ին, ԱՄՆ արդարադատության նախարարությունը (դեպարտամենտը), որը ղեկավարում է այդ երկրի գլխավոր դատախազը, Խաչատրյանների առանձնատունը բռնագանձելու հայց է ներկայացրել Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարան, հայցը պաշտպանում են ամերիկացի դատախազները։ Ամերիկյան կողմը գտնում է, որ Խաչատրյաններն այս առանձնատունը 2011-ին ձեռք են բերել անօրինական միջոցներով: Խոսքը գործարար Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի կողմից 2011 թ․ Խաչատրյաններին տրված 22.401.000 դոլարի մասին է, որը հայ ու ամերիկացի իրավապահները համարում են կաշառք (այն ժամանակ Գագիկ Խաչատրյանի գլխավորած ՊԵԿ-ի կողմից բարեհաճ վերաբերմունք ստանալու համար), իսկ Առուստամյանն ու Խաչատրյանները դա անվանում են փոխառություն եւ ոչ ավելին։ 

Դատարան դիմելուց 2 օր անց՝ մայիսի 4-ին, ամերիկացի դատախազները Կալիֆոռնիայի Լոս Անջելես շրջանի (Los Angeles County) պաշտոնական գրառումների գրասենյակում գրանցել են տվել ծանուցում այն մասին, որ վաճառքի հանված գույքի վերաբերյալ կա դատական գործ։ Սա նշանակում էր, որ Խաչատրյանները կարող էին վաճառել իրենց տունը, այսինքն՝ այն արգելանքի տակ չէր, սակայն եթե դատարանը որոշեր բավարարել դատախազների հայցն ու բռնագանձի տունը, ապա Խաչատրյաններից տունը ձեռք բերած գնորդը կանգնելու էր փաստի առաջ:

Անցյալ ամիս գրել էինք, որ նույնիսկ այս պայմաններում գնորդ է հայտնվել, ինչի մասին հուշում էին անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող կայքերում առկա նշումները Խաչատրյանների տան վերաբերյալ (տես նկարում):

Ըստ այդ նշումների («under contract», «active under contract» կամ «accepting backup offers»)՝ առանձնատան վաճառքի վերաբերյալ նախնական համաձայնություն էր ձեռք բերվել, սակայն գործարքը դեռ ավարտին չէր հասցվել, եւ Խաչատրյանները պատրաստ էին դիտարկել այլ գնային առաջարկներ եւս:

Ըստ zillow.com կայքի՝ Գագիկ Խաչատրյանի որդիների առանձնատունը նման կարգավիճակում էր հունիսի 28-ից: Սակայն շուրջ 4 ամիս անց՝ նոյեմբերի 3-ին, անշարժ գույքը, որի վաճառքի գինը մնացել էր 63,5 մլն դոլար, հանվել է շուկայից՝ այդպես էլ չօտարվելով:

Թե ինչու գործարքն ավարտին չի հասցվել, հայտնի չէ:        

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter