HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Տեսչականի պաշտոնյայի մերձավորները տիրացել են այլոց գույքին ՔԿ-ում քննվող քրեական գործի ընթացքում

Վարչապետին ենթակա բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պաշտոնյա Արմեն Լաբլաջյանի ընտանիքի անդամները տիրացել են այլոց գույքին նաև այն ժամանակ, երբ քրեական գործով էին անցում։ Այս հանգամանքը պարզել ենք Գլխավոր դատախազությունից և Քննչական կոմիտեից ստացված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում։ 

«Հետք»-ը հոկտեմբերի 28-ին գրել էր, որ Շրջակա միջավայրի նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանի վարորդն ու վարորդի եղբոր կինը տիրացել են այլ անձանց հողամասերի եւ դրանց վրա ապօրինի ձկնաբուծարան կառուցել։

Գլխավոր դատախազությունից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հրապարակումն ուսումնասիրվում է։ Դատախազությունից հայտնեցին, որ մեր հրապարակումն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ ընթացող քրեական վարույթի շրջանակում հրապարակմանն անդրադառնալու համար։ Պարզ ասած՝ Լաբլաջյանների ձկնաբուծարանի ընդլայման պատմությանը քրեաիրավական գնահատական կտրվի Քննչական կոմիտեում:

Քննչական կոմիտեից հետաքրրքվեցինք, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, ովքեր են անցում այդ գործով, և ինչ կարգավիճակ ունեն Լաբլաջյան եղբայրները։ ՔԿ-ից ստացված պատասխանից պարզ դարձավ, որ 2020 թ.-ին հարուցվել է քրեական գործ (քրեական վարույթ) Արարատի մարզի մի շարք գյուղերում առանց հողի նշանակությունը փոխելու ինքնակամ ձկնաբուծարաններ կառուցելու դեպքերի առթիվ։ Այդ քրեական վարույթը նախաձեռնելու համար հիմք է հանդիսացել «Հետք»-ի մեկ այլ հետաքննություն։ «Ձկնաբույծներն արժեզրկել են երկրի ամենաթանկ կապիտալը՝ հողը» վենագրով հրապարակման մեջ ներկայացրել էինք, թե ինչպես է պաշտոնյաներին հաջողվել փոքր ներդմամբ մեծ եկամուտ ստանալ՝ արժեզրկելով Արարատյան դաշտավայրի թանկարժեք հողերը։ Ի դեպ, շրջակա միջավայրի նախկին նախարար Արամ Հարությունյանի վարորդն այդ գործողվ վկայի դատավարական կարգավիճակ ունի։

Ստացվում է, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պաշտոնյա Արմեն Լաբլաջյանը և նրա եղբայրը՝ Սամվել Լաբլաջյանը, կարողացել են այլ անձանց գույքին տիրանալ և դրա տեղում ապօրինաբար ընդլայնել իրենց ձկնաբուծական տնտեսությունը մի ժամանակահատվածում, երբ Քննչական կոմիտեում նաև իրենց վերաբերվող քրեական գործ էր քննվում։ «Հետքի»՝ «Արամ Հարությունյանի նախկին վարորդն ու եղբայրը տիրանում են ուրիշների հողերին․ ձկնաբուծարան են կառուցում» հոդվածը գուցե չգրվեր, եթե Քննչական կոմիտեում պատշաճ քննություն իրականացվեր։ Եթե պատշաճ քննություն իրականացվեր, ապա հենց Քննչակա կոմիտեի քննիչը դեպքի վայր գնալով կարող էր բացահայտել, որ Լաբլաջյանները տիրանում են ուրիշների գույքին։ Ավելին, եթե Քննչական կոմիտեի քննիչը դեպքի վայր գնար, ջրօգտագործման օրինականության վերաբերյալ մի շարք հարցեր կարող էր պարզել։ 

Ինչո՞ւ է քրեական վարույթն այս ընթացքն ունեցել։ Երկու հնարավոր պատասխան կա. կամ քննիչը ծանրաբեռնված է և չի հասցնում ամբողջ ծավալով քննել գործը, կամ քննիչը շահագրգռված չէ գործն ամբողջ ծավալով քննելու հարցում։ Երկու դեպքում էլ, ինչպես տեսնում ենք, հետևանքները ծանր են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter